Aysor.am-ը գրում է.
Հեռուստաընկերություններն արդեն իսկ անցնում են աշնանային եթերաշրջանին՝ յուրաքանչյուրը փորձելով առավել հետաքրքիր և ինքնատիպ դարձնել սեփական եթերը:
ATV հեռուստաընկերությունը ևս բացառություն չէ, մի շարք սերիալների ու սիթքոմների կողքին կհայտնվի նաև այդ երկուսի խառնուրդը՝ «Ռեստարտ 2020»-ը, որին իր մասնակցությամբ առավել մեծ հետաքրքրություն կհաղորդի դերասան Մկրտիչ Արզումանյանը, ում հերոսը՝ Անդրանիկը՝ աշխարհի կործանումից հետո դառնալով մոլորակի գրեթե միակ մարդը՝ փորձում է չհուսախաբվել ու շարունակել ապրել:
«Հնարավորություն ունեցա ներկայանալու նոր կերպարով, որը շատ բարդ էր ստանալը: Նկարահանման հրապարակում հերոսի հետ վերապրում ես ամեն ինչ: Պատկերացնո՞ւմ եք՝ մարդ, որն այս աշխարհում մնացել է մեն-մենակ: Դժվար էր ստանալ այդ անմարդաբնակ վիճակը: Բայց կերպարը նաև շատ գրավիչ է, քանի որ դերասանական խաղը նաև թատերական էր, կարծես դուրս ես գալիս բեմ և պետք է անես առավելագույնը՝ ունենալով մեկ դուբլի հնարավորություն: Իհարկե, ես փորձեցի կերպարն իմը դարձնել: Սա պատասխանատու դեր է, նաև մեծ փորձ դերասանի համար», -կայքի հետ զրույցում նշեց Մ. Արզումանյանը:
Գաղտնիք չէ, որ Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ նախագծերը ամենավարկանիշայիններից են եղել: Հարցին, թե առաջին անգամ լինելով նախագծի միակ հերոսը՝ ի՞նչ դժվարությունների և առավելությունների է բախվել, և արդյոք չկա մտավախություն, որ ռեյտինգային սանդղակը պահել չի հաջողվի՝ մեր զրուցակիցը պատասխանեց.
«Անկեղծ ասած՝ միայնակ խաղալու փորձ ունեցել եմ. Մոսկվայում մասնակցել եմ նախագծի, որտեղ նկարահանումների գրեթե 80%-ի ընթացքում միայնակ էի… Սցենարական մանրամասներ դեռ չենք բացահայտում, բայց հեռուստադիտողներին շատ անակնկալներ են սպասվում: Բայց ասեմ, որ ես և գործընկերներս արել ենք մաքսիմումը, մեր առաջ դրված խնդիրը կատարել ենք գերազանց: Կարծում ենք՝ հանդիսատեսը կգնհատի կատարված աշխատանքը և կսիրի «Ռեստարտ 2020»-ը: Ինչ վերաբերում է ռեյտինգներին, ապա դրանք ինձ համար վաղուց լուրջ չեն: Չեմ ապրում թվերով, ապրում եմ իմ սիրած գործով, հաճույք եմ ստանում իմ աշխատանքից, որը նաև գնահատվում է»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում