
Խոսքս ուղղում եմ Սուրիկի բոլոր ընկերներին։ Շնորհակալություն ձեր անկեղծ հետաքրքրվածության և օգնելու ցանկության համար, շնորհակալություն հոգատար հոդվածների և մեկնաբանությունների համար։ Թող Աստված շռայլորեն հատուցի ձեզ ձեր բարության համար։
Սուրիկի վիճակը ծանր է, անկանխատեսելի է ու կախված չէ որևէ բժշկական գործողությունից։ Այն ամենը, ինչ կարող ենք հիմա անել՝ հավատալն ու սպասելն է։ Բժշկական և հետագա խնամքը ապահովում է իսպանական պետությունը։ Փոխանցել այդ ամենը մասնավորի, ես որպես նրա ավագ եղբայր, թույլատրել չեմ կարող․ պահանջվող մակարդակի ծառայությունները, իր դեպքում, պահանջում են շատ բարձր որակավորում։ Եվ դա շատ թանկ կլինի, նույնիսկ եվրոպական չափանիշներով։ Ո՛չ դեսպանությունները, ո՛չ նվիրատվությունները չեն կարող ապահովել այդ օգնությունը կանոնավոր հիմունքներով և երկարաժամկետ։ Հետևաբար, դրամահավաքները և դրամական օգնություններն այսօր անօգուտ են․ Սուրիկը գումարի կարիք չունի։
Եթե կլինեն մարդիկ նրա ընկերներից և հարազատներից, ովքեր կցանկանան այցելել նրան, խնամել և այլն, Աստված նրանց ուժ ու առողջություն տա։ Պարզապես պետք չէ դա վերածել փող հավաքելու հրապարակային միջոցառման։ Չկա և չի լինելու ոչ մի բանկային հաշիվ Սուրիկի համար փող հավաքելու, իսկ ով էլ որ հավաքում է, Սուրիկի հետ կապ չունի, և խնդրում եմ նրա անվան հետ չկապել։
Եվ ամենակարևորը․․․ Խնդրում եմ բոլորին դադարել այս ամենից շոու սարքելը։ Մարդու հիվանդությունը, թեկուզ և հայտնի մեկի, շատ անձնական և ներ ընտանեկան է։ Պետք չէ քննարկել դա հրապարակայնորեն։ Ոչ ինձ, ոչ Սուրիկի հարազատներին դուր չի գալիս նրա առողջական վիճակի մասին տարածվող հրապարակումների տակ տհաս ուղեղների քննարկումները, թե ում պետք է պարգևատրի Սերժ Սարգսյանը, կա արդյոք բնության մեջ «Դիաբետ» կոչվող հիվանդություն, և այլն։ Իր տեսակետը կարող է ունենալ յուրաքանչյուրը, բայց խնդրում եմ ունենալ նաև տարրական տակտ։ Բաժակ բարձրացրեք նրա առողջության համար, աղոթեք եկեղեցիներոմ, կամ մտքում, բայց մի հանեք հանրության առաջ։ Խնդրում եմ։ Եվս մեկ անգամ շնորհակալություն բոլորին։