Բնապահպանները վերլուծել են իշխանության ռազմավարական հայեցակարգերն ու զարմացել անսպասելի օբյեկտիվությունից:
«Ստանդարտներին համապատասխան հայեցակարգ է մշակված: Քայլերի ենք սպասում, որոնք պետք է իրականացվեն: Մեր ամենացավոտ տեղը հանքարդյունաբերությունն է: Այնտեղ նշված է, որ մարդկանց առողջությանը, շրջակա միջավայրին հասցվող բացասական ազդեցությունը պետք է վերացվի: Խնդիր ունենք նաև ջրային ռեսուրսների կառավարման համակարգում: Նշված է, որ դրանք անպայման պետք է վերացվեն: Այսօր շատ կարևոր է աղետների ռիսկերի կառավարումը: Նշված են սելավները, հեղեղումները: Մեռանք ասելով, որ քաղաքի սելավատարը՝ Գետառը փակել եք ու ռեստորաններ շարել: Անդրադարձ կա նաև դպրոցներին ու դրանց անվտանգությանը: Մեծ ծրագրեր կան՝ դպրոցների կայունությունն ապահովելու համար, բայց եթե նայենք՝ Կենտրոնում դպրոցների շուրջը հսկայական բարձրահարկ շենքեր են կառուցել ու կարծես նրա համար, որ երկրաշարժի դեպքում քանդվի դպրոցի գլխին»,-ամփոփելով հայեցակարգն՝ ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:
Բնապահպանը խոսելով դպրոցների մասին՝ կարևորեց նաև էկոլոգիական կրթության դերը:
«Ճիշտ կլինի ավագ դպրոցում էկոլոգիայի և կայուն զարգացման հիմունքներ առարկա ունենալ»,-նշեց նա:
Անի Կարապետյան


