▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դպրոցի տնօրենին աշխատանքից ազատել են մարզպետարանի պաշտոնյաներին «չհնազանդվելու» համար»․ ԶԼՄ

Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Լիլիթ Պետրոսյանին Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն ազատել է աշխատանքից՝ «վստահությունը կորցնելու հիմքով», քանի որ չի դրսևորել քաղաքական զսպվածություն: Այս մասին հայտնում է «Հետք»-ը։ «Լիլիթ Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր անունը մրոտել են՝ հին հաշիվները մաքրելու համար, քանի որ չի հնազանդվել ո՛չ Արմավիրի նախկին մարզպետ Արգիշտի Մեխակյանին, ո՛չ էլ մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանին:

«Իմ ամբողջ կյանքում քաղաքականությամբ չեմ զբաղվել, դրա մեջ չեմ եղել: Ինձ համար մանկավարժությունը եղել է թիվ մեկ առաքելությունը: Քաղաքական զսպվածություն չդրսևորել պիտակով ուզեցին մրոտել իմ անունը: Տարբեր բաներ փորձեցին, չստացվեց, վերջում որոշեցին ինձ ներքաշել իբր քաղաքականության մեջ»,- ասում է Լիլիթ Պետրոսյանը:

Լ. Պետրոսյանը պատմեց, որ 2021թ. փետրվարի 1-ից է ստանձնել Վաղարշապատի թիվ 1 դպրոցի տնօրենի պաշտոնը: Այդ պաշտոնի համար հայտ է ներկայացրել 8 անձ, սակայն 2-ը ծրագիր չներկայացնելու պատճառով դուրս են մնացել մրցակցությունից: Թեկնածուներից մեկը եղել է այդ ժամանակ Արմավիրի փոխմարզպետ Արգիշտի Մեխակյանի քեռակինը: Արդյունքում տնօրեն է ընտրվել Լ. Պետրոսյանը, և նրա նկատմամբ սկսվել են տարատեսակ ճնշումներ»,- գրում է լրատվամիջոցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее