Արդեն տեղեկացրել ենք, որ հայազգի ջազային երգչուհի Դիանա Դիկովսկին կամ ռուսական շոու բիզնեսում հայտնի Դի Դիկովսկին մասնակցել է ուկրաինական «Голос Страны» (Голос країни (Voice of the Country) մրցույթին և փայլուն ելույթ է ունեցել;
Համացանցում հայտնվել է նրա ելույթի ամբողջական տեսանյութը: Նշենք, որ երգչուհին ներկայացրել է «Դլե Յաման» հայտնի ստեղծագործությունը, որը թե դահլիճի, թե մարզիչների կողմից մեծ արձագանք է ստացել: Ելույթի վերջում հայազգի երգչուհուն բոլորը հոտընկայս էին ծափահարում և բղավում` բրավո: 4 մարզիչներից միակ չշրջված մարզիչը` հայտնի երգիչ Պոտապը, շնորհակալություն հայտնեց երգի համար` նշելով. «Սա երգ չէ, սա ողջ հայ ժողովրդի լացն է: Մենք գիտենք, որ այս երգը նվիրված է 1915 թվ-ի Ցեղասպանության զոհերին»:
Շարունակելով թեման` մարզիչներից Սվյատոսլավ Վակարչուկն էլ իր հերթին ընդգծեց. «Դլե Յամանը» իմ ամենասիրելի հայկական երգն է, ես այն շատ լավ գիտեմ. ինձ բախտ է վիճակվել ոչ մեկ անգամ ելույթ ունենալ Ջիվան պապիկի հետ: Երբ նա նվագում է այս գործը, մարմնով փշաքաղվում ես»:
Հավելենք, որ Դիանա Դիկովսկիին որպես մարզիչ ընտրեց Իվան Դորնին` հավելելով, որ պետք չէ սահմանափակվել մեկ մարզիչով, բոլորից էլ պետք է սովորել: Նախքան իր որոշումը հայտարարելը երգչուհին նշեց, որ վերջերս իր մեջ բացահայտել է ձայնի միջոցով բուժելու հնարավորություն, ավելին` իր ծառայություններն առաջարկեց Պոտապին` նշելով, որ նա ներքին խնդիրներ ունի: