Tert.am-ը հարցազրույց ունի դերասանուհի Ռոզի Ավետիսովայի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
Մանկություն...
Մանկությունն անհոգությունն է. դու աշխարհի կենտրոնում ես։ Բոլորը կենտրոնացած են քո շուրջը։ Ես մեր տան փոքրն էի։ Միշտ ուշադրության կենտրոնում էի ու ինձ կարելի էր ամեն ինչ։ Ես մեծացել եմ 90-ականներին։ Այդ ժամանակ չէինք ընկալում, թե ինչն է վատ, ինչը` լավ։ Մտածում էինք, որ այդպես էլ պետք է լիներ։ Երբ հետ հայացք ես գցում, հասկանում ես, որ կարելի էր ավելի լավ մանկություն ունենալ` ավելի լավ պայմաններ լիներ։
Շատ լավ եմ հիշում մանկությունս։ Ակտիվ երեխա էի։ Ավելի շատ սիրում էի տղաների հետ խաղալ, քան աղջիկների։ Հիշում եմ, որ տղաների հետ բակում ֆուտբոլ էի խաղում։ Երբ ասում են՝ մանկություն, միանգամից հիշում եմ Թբիլիսիում բնակվող իմ տատիկի ու պապիկի թզի ծառը։ Այն ասոցացնում եմ քաղցր մանկության հետ, որն ունեցել եմ։ Սիրում էի արձակուրդներին գնալ տատիկենց մոտ։ Այնտեղ ավելի շատ ազատություն կար և ինձ լավ էի զգում։ Վազվզում էի, չարություն անում։
Հիշում եմ նաև երբ հավաքվում էինք մոմի լույսի տակ դոմինո ու լոտո խաղալու։ Այդ միասնականության մեջ այնքան սիրուն բան կար, բոլորը բոլորի կողքին էին միմյանց օգնում էին։
Խաղում էինք մոմի հետ ու վառում մեր մատները։ Չգիտեմ կա սերունդ, որ այդքան շատ մոմի հետ խաղացած լինի։ Ինքս մրսկան եմ շատ։ Չկար էլեկտրաէներգիա ու տաքացման ինչ–որ միջոց։ Դրա համար եմ միշտ նշել, որ դժվար մանկություն եմ ունեցել։ Կարծում եմ, էլի մարդիկ կլինեն այդ սերնդից, որ հիմա էլ չեն հարմարվում ցրտի հետ։
Պատանեկություն...
Պատանեկության տարիներին կտրուկ փոխվել էի։ Բակում անընդհատ չարություններ անող, խաղացող, վազվզող աղջկանից շատ արագ վերածվեցի լուրջ պարմանուհու։ Այդ անցումն այնքան արագ էր, որ չեմ հիշում՝ ինչպես եղավ։ Այդ ժամանակ պատանիներին հատուկ ըմբոստություն ունեի։ Փորձում էի բացահայտել ինքս ինձ՝ որպես անհատականություն։ Առաջինը ուսուցիչներս էին զարմացել, թե ինչպես եղավ, որ փոխվեցի։
Հիշում եմ սիրո խոստովանությունները։ Շատ երկրպագուներ ունեի, որոնք ծաղիկներով ու նվերներով փորձում էին սիրտս գրավել։ Ես ադեկվատ էի մոտենում դրանց ու կարծում էի, որ այդպես էլ պետք է լիներ։ Շատ սրտեր եմ կոտրել։
Ես սիրահարվել եմ 9–րդ դասարանում։ Լուրջ լինելով հանդերձ այդ ժամանակ շատ ռոմանտիկ էի։ Բանաստեղծություններ էի գրում։ Առանձնահատուկ ինչ-որ պատմություններ չեն եղել։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև` Ոչինչ անհետևանք չի մնում... Ռոզի Ավետիսովան` սիրելիից բաժանվելու մասին և ոչ միայն
Բարմենությունն ինձ համար նաև գումար վաստակելու միջոց է. Ռոզի Ավետիսովա