Shamshyan.com-ը գրում է, որ 23-ամյա դերասանուհի Սյուզի Կարգուլյանը, ով «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում մարմնավորել էր Չաղոյի կերպարը, առողջական խնդիրների պատճառով 35 կիլոգրամով նիհարել է և օր-օրի հյուծվում է։
«Ամեն բան սկսվեց փսխոցներից: Ուտում էի և փսխում։ Բայց երբեք դիետաներ չեմ պահել։ Հետազոտվել եմ Հայաստանի տարբեր հիվանդանոցներում, հստակ եզրակացություն չի տրվել, թե ինչի արդյունքում եմ նման վիճակում հայտնվել։ Զոնդ եմ կուլ տվել, աղիքներս, արյունս ստուգել, բայց ոչ մի հստակ բան։ Սթրես կենտրոնում էլ մի շրջան պառկեցի։ Դեղաբույսերով բուժում էլ ընդունեցի։ Ասում են, որ հնարավոր է՝ սթրեսից է, վախից։ Բայց չեմ հիշում, որ որևէ բանից այդ աստիճան վախեցած լինեմ»,- պատմել է դերասանուհին և ավելացրել, որ արդեն 4-րդ տարին է, ինչ այդ վիճակում է։ Նրա մոտ անորեքսիա են կասկածել, բայց նշում է, որ անորեքսիա չի կարող լինել, քանի որ նա բուժումից հետո սկսել է մի քանի կիլոգրամով գիրանալ.
«Անորեքսիայով հիվանդ մարդը չի կարող քաշ հավաքել։ Ես եղել եմ 45 կգ, բայց հիմա 47 կգ եմ, բայց շարունակում եմ փսխել ուտելուց հետո։ Մի քանի ամիս առաջ սկսեցի գիրանալ, երբ Նորք-Մարաշ- հիվանդանոցի բժշկուհիներից մեկի մոտ բուժման անցա»,-նշել է Սյուզին։
Հիմա նա ցանկանում է գլխուղեղի տոմոգրաֆիա անել, բայց ֆինանսական հնարավորություն չունի։ Ընկերները պատմել են, որ հարազատները նրա բուժման համար վաճառել են թե մեքենաները, թե գույքը ու հիմա իրենք էլ ֆինանսական վատ վիճակում են։ Սյուզին նշել է, որ մինչ այս պահն ինքը արդեն հանձնվել էր.
«Սա իմ պայքարի վերջին հնարավորությունն է»,- դիմելով բարեգութ մարդկանց և բժշկության օգնությանը՝ ասել է նա։
Հ.Գ․ Սյուզիին օգնել ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ 099 19 03 19
Նյութը` սկզբնաղբյուր կայքում