Ջազն ի հայտ է եկել աֆրիկյան և եվրոպական երաժշտական ոճերի սինթեզման արդյունքում, որին բնորոշ գծերից է կատարողի հանպատրաստից ստեղծագործելը: Երաժշտական արվեստի այս տեսակն արագորեն տարածվել է ողջ աշխարհում՝ գրեթե ամենուր հարմարվելով տվյալ ժողովրդի երաժշտական մշակույթին: Այսօր ջազը բավականին տարածված է նաև Հայաստանում և շատ երիտասարդների երաժշտական նախընտրելի ոճն է:
Dixin’ Yerevan ջազ խմբի երիտասարդ անդամներին միավորում է ջազի նկատմամբ մեծ սերն ու հետաքրքրությունը: Asekose.am-ը զրուցել է խմբի անդամներից Էդուարդ Ներսիսյանի հետ խմբի ստեղծման և գործունեության մասին:
Մեր այն հարցին, թե ինչու է խումբը կոչվում Dixin’ Yerevan, Էդուարդը մեկնաբանեց. «Խումբն այս անունով է հանդես գալիս, քանի որ ստեղծագործում է դիքսի ժանրով, որը կարելի է ջազի սկզբնաղբյուրը համարել: Այն թարգմանաբար նշանակում է հարավ, այսինքն՝ մեր խումբը ներկայացնում է հարավային երկրի երաժշտությունը»:
Զրույցի ընթացքում հայտնի դարձավ, որ խումբը ստեղծվել է 5-6 ամիս առաջ և բաղկացած է 8 անդամներից, որոնք բոլորն էլ ունեն երաժշտական կրթություն՝ Արման Սահակյան (ստեղնաշարային գործիքներ), Էդուարդ Ներսիսյան (սաքսոֆոն), Վլադ Ծատուրյան (տրամբոն), Ռաֆայել Տատենչյան (շեփոր), Ազատ Առաքելյան (կլառնետ), Էդուարդ Պապոյան (հարվածային գործիքներ), Դավիթ Ասրյան (տուբա բաս), Սոնա Վարպետյան (վոկալ):
Անդրադառնալով խմբի ստեղծման գաղափարին՝ Էդուարդը նշեց. «Գրեթե բոլորս էլ սովորել ենք Երևանի պետական կոնսերվատորիայում, ընկերներ ենք դեռևս ուսանողական տարիներից: Նախքան խմբի ստեղծումը՝ շատ անգամ ենք ելույթ ունեցել միասին: Ամիսներ առաջ որոշեցինք համախմբվել ու համատեղ ելույթներով հանդես գալ»:
Asekose.am-ի այն հարցին՝ արդյո՞ք մտերիմ ընկերներ լինելը չի խանգարում ստեղծագործական գործընթացին, Էդուարդն ասաց. «Դա միայն օգնում է: Ընկերական մթնոլորտում այդ գործընթացն ավելի արդյունավետ է լինում, որովհետեւ ոչ ոք չի կաշկանդվում միտք արտահայտելիս, չի մտածում, որ իր խորհրդով մյուսին կնեղացնի, քանի որ լավ է ճանաչում նրան և նրա մասնագիտական հնարավորություններ»:
Մեր այն հարցին՝ արդյո՞ք կա մի ստեղծագործություն, որը համերգների ընթացքում առանձնակի ուշադրության է արժանանում հանդիսատեսի կողմից, Էդուարդը նշեց. «Մարդիկ հիմնականում սիրում են ու մեծ ոգևորությամբ են լսում այն երգերը, որոնք առավել հայտնի են, որոնց իրենք ծանոթ են»:
Նորաստեղծ ջազ խումբը չունի հովանավորներ, բոլոր հարցերով զբաղվում է խմբի PR մենեջեր Լևոն Այվազյանը: Իրենց նյութական վիճակը երիտասարդ երաժիշտները փորձում են ապահովել հենց երաժշտությամբ՝ հաճախ հանդես գալով նաև որպես անհատ կատարողներ:
Dixin’ Yerevan ջազ խմբի ելույթները կարելի է վայելել հիմնականում Երևանի ակումբներում, սակայն ոչ շատ հաճախ:
«Կարծում եմ, որ այն երաժշտությունը, որը մենք ենք ներկայացնում, դժվար կլինի ամեն օր կատարել, իսկ հանդիսատեսի համար անսովոր կլինի այն հաճախակի լսել»,-Asekose.am-ի հետ զրույցը եզրափակեց Dixin’ Yerevan ջազ խմբի սաքսոֆոնահար Էդուարդ Ներսիսյանը:
Հավելենք նաև, որ նոյեմբերի 11-ին Dixin’ Yerevan ջազ խումբը մենահամերգով հանդես է գալու Գոյ փորձարարական թատրոնում:
Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան