▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դիմակահանդես»-ն ես բեմադրո՞ւմ, ինչպե՞ս.Բալետմայստերը՝ ռուսների զարմանքի մասին

Մարտի 5-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետի առաջնախաղը:

Բեմադրությունը թատրոնի գլխավոր բալետմայստեր, ՀՀ ժող. արտիստ Վիլեն Գալստյանինն է.

«Վերջերս Սանկտ Պետերբուրգում էի, այնտեղի բալետմայստերները զարմացած հարցրին, թե Վիլե՛ն, «Դիմակահանդես»-ն ես բեմադրո՞ւմ: Ինչպիսի՞ն է լինելու երաժշտությունը: Ասացի, թե  մենք՝ հայերս ունենք»,-անկեղծացավ  Վիլեն Գալստյանը:

Նշենք, որ բեմադրության և զգեստների նկարիչը Ավետիս Բարսեղյան է (ՀՀ վաստ. նկարիչ): Բեմադրող դիրիժորն է Հարություն Արզումանյանը: Թատրոնի գեղարվեստական ղեկավարն է ՌԴ վաստ. արտիստ Կոնստանտին Օրբելյանը: Գլխավոր դերերում հանդես կգան ՀՀ վաստ. արտիստ Ռուբեն Մուրադյանը (Արբենին), Մերի Հովհաննիսյանը (Նինա), ՀՀ վաստ. արտիստ Մարիա Դիվանյանը (Շտրալ), Միլիտոն Կիրակոսյանը (Զվեզդիչ), Գրիգոր Գրիգորյանը (Անհայտը), սոպրանո Դիանա Հարությունյանը (Նինայի ձայն):

1941 թվականին Արամ Խաչատրյանը ռուսական դասական երաժշտության ավանդույթներով գրել է երաժշտություն Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի, իսկ 1954 թվականին Բ. Լավրենյովի «Լերմոնտով» դրամայի բեմադրությունների համար: 1982 թ. կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանն այդ երկու դրամաների երաժշտությունը խմբագրելով ստեղծում է «Դիմակահանդես» բալետը, որը բեմադրվում է Երևանի օպերայի և բալետի թատրոնում և մեծ հաջողություն ունենում: «Ես ապրում էի այդ դրամայով, երաժշտությունը սրտի թրթիռով էի գրում: Իսկ, թե ինչպե՞ս այն ծնունդ առավ, բառերով դժվար է արտահայտել...», - «Դիմակահանդես» բալետի աշխատանքներից ստացված իր տպավորությունները հետագայում այսպես էր ներկայացրել կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը:

Անի Կարապետյան

Ստորև՝ հատված  «Դիմակահանդես» բալետի փորձից

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее