Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Մեգ Ռայանը «Սոնոմա» միջազգային կինոփառատոնի ժամանակ ներկայացնելու է իր առաջին ռեժիսորական աշխատանքը` «Իթաքա» ֆիլմը, որը նկարահանվել է Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպի հիման վրա:
Փառատոնը մեկնարկելու է մարտի 30-ին, որի շրջանակներում ցուցադրվելու է 100 ֆիլմ: Հայտնի է նաև, որ Մեգ Ռայանը, ով նկարահանվել է հոլիվուդյան բազմաթիվ ֆիլմերում, փառատոնի ընթացքում հատուկ մրցանակի է արժանանալու:
Հավելենք, որ «Մարդկային կատակերգություն» վեպում Սարոյանը ներկայացրել է, թե ինչպես է մարդը գտնում ինքն իրեն տանող ճանապարհը, որը, ըստ գրողի` իր գործունեության գլխավոր նպատակն էր: Այս վեպը մանկության և հասունացման, սիրո և ատելության, կյանքի և մահվան, պատերազմի և թախիծի, ընկերության և արվեստի մասին է: Առհասարակ, այն ներկայացնում է կյանքն իր բոլոր գույներով և գեղեցկությամբ:
Ֆիլմի գործողությունները, ինչպես Սարոյանի վեպում, տեղի են ունենում 1942թ Կալիֆորնիա նահանգի Իթաքա քաղաքում։ Ֆիլմը պատմում է 14-ամյա փոստատար Հոմեր ՄաքՕլեյի մասին, ում ավագ եղբայրը պատերազմ է գնում, իսկ նա մնում է տանը՝ մոր, եղբոր ւ քրոջ հետ ու հոգում է ընտանիքի ապրուստը: