▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասանուհի Լիկա Սալմանյանը կհամալրի բիզնես-լեդիների շարքերը

Aysor.am-ը գրում է.

Դերասանուհի Լիկա Սալմանյանը որոշել է համալրել գործարար-դերասանուհիների շարքերը՝ բացելով սեփական՝ «SALMA» գեղեցկության սրահը: Թե ինչո՞վ է պայմանավորված բիզնեսի այս ճյուղն ընտրելը՝ մեզ հետ զրույցում դերասանուհին պարզաբանեց. 

«Քանի որ շուտով ինքս էլ զբաղվելու եմ դիմահարդարմամբ ու հարկավոր էր տարածք՝ աշխատելու համար, որոշեցի իմ սեփական կենտրոնը բացել: Բնականաբար, այն կանանց ու աղջիկների գեղեցկությունն ընդգծելու տարբեր ծառայություններ կմատուցի՝ բուժական և սովորական կոսմետոլոգիա, տատուաժ, վարսահարդարում, մատնահարդարում, դիմահարդարում, ֆոտո, բիո և էլեկտրո էպիլացիաներ: Բացվելուց մեկ ամիս անց էլ նախատեսում ենք նույն կենտրոնում ձեռնարկել ֆիտնեսի և յոգայի պարապմունքներ, նաև՝ պարի դասընթացներ»: 

Ի դեպ, սա երիտասարդ դերասանուհու առաջին բիզնես գործունեությունն է: Իսկ թե ինչո՞վ կառանձնանա այսքան շատ տարածում գտած սրահների մեջ՝ դժվարացավ պատասխանել՝ նշելով. «Չեմ կարող գերագնահատել կամ թերագնահատել: Կարծում եմ, երբ կենտրոնն արդեն բաց լինի, այցելուներն իրենք կգնահատեն»:

Այսօր բիզնես ձեռնարկելը հեշտ գործ չէ նաև ֆինանսական առումով: Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, թե արդյոք ամեն ինչ նախաձեռնել է սեփական ուժերով, թե՞ աջակիցներ ու հովանավորներ ունի. «Իսկ կա՞ կյանքում որևիցե հեշտ բան: Չկա, ամեն հեշտ բան թվացյալ է, աշխատանքը միշտ էլ դժվար է լինում: Կարևորն այն է, որ ձեռնարկածդ անես սիրով ու չվախենաս դժվարություններից: Պարտադիր չէ ունենալ հովանավորներ, որպեսզի գործունեություն ծավալես: Եթե աշխատանք ունես ու վաստակում ես, ապա կարող ես գումար տնտեսել: Հատկապես, եթե շատ ներդրում չի պահանջվում»:

Դերասանուհին ինքն էլ հաճույքով մասնակցում է գեղեցկության կենտրոնի ստեղծման աշխատանքներին: «Բնականաբար, ծանր և հիմնական աշխատանքը ես չեմ անում, բայց դիզայնի հետ կապված գործերին մեծ հաճույքով մասնակցում եմ»,-ժպիտով նշեց նա:

«SALMA»-ում կաշխատեն հայաստանյան մասնագետներ: Դրսից հրավիրելուն Լ. Սալմանյանը կտրուկ դեմ է. «Ինչո՞ւ աշխատանքով ապահովել դրսի մարդկանց, եթե ինքներս ունենք լավ մասնագետներ ու կարող ենք նրանց աշխատանք տալ»:

Լիկա Սալմանյանի գեղեցկության կենտրոնն իր դռները կբացի փետրվարի 25-ից՝ Գարեգին Նժդեհի 9 հասցեում: «Հատուկ բացում չի կազմակերպվելու, քանի որ ցանկանում եմ կենտրոնը հասանելի լինի բոլորին: Իսկ բացմանը, սովորաբար, հատուկ հրավիրված մարդիկ են գալիս: Ես ոչ-ոքի նեղացնել չեմ ցանկանում»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее