BlogNews.am-ը գրում է. Արմենիա հեռուստաընկերության եթերում արդեն մեկնարկել է «Դոմինո» սիթքոմը, այն արկածային պատմություն է երեք ընկերների մասին, ովքեր սիրում են իրենց աշխատանքը, բայց չեն սիրում իրենց տնօրեններին: Այս սիթքոմում իր մասնակցությունն ունի դերասանուհի Ելենա Վարդանյանը, ով մարզասրահի տնօրեն է և ամեն կերպ փորձում է գայթակղել մարզիչներից մեկին:
«Ինձ զանգահարեց Հարութ Խալաֆյանը, պատմեց նախագծի մասին և առաջարկեց հանդիպել: Ես, իհարկե, ճանաչում էի այն ստեղծագործական թիմին, ով աշխատելու էր նախագծում: Երկար չեմ մտածել համաձայնությունս տալու համար: Յուրաքանչյուր հումորային նախագիծ, այն էլ այս թիմի հետ, միանշանակ հաջողություն է ունենալու: Սա էլ հիմնական պատճառներից մեկն է, որ համաձայնվեցի»,- զրույցում պատմեց Ելենան:
Ելենան խոստովանում է, որ սկզբում բավականին բարդ էին ստացվում դրվագները. «Ես ռուսախոս եմ, և ինձ համար բավականին դժվար էր: Բայց ուրախ եմ, որ ռեժիսորի և իմ կոլեգաների շնորհիվ կարողացա հաղթահարել այդ խնդիրը»։
Ինչպես Ելենան է նշում, իր մարմնավորած կերպարը բացարձակապես նման չէ իրեն. «Կյանքում ես ավելի ընտանեկան մարդ եմ, ինձ համար առաջնային է իմ աշխատանքը և հրաշալի ընտանիքս: Այսքանն է, որ կարող եմ ասել իմ մասին, իսկ մնացածը կարող են ասել իմ հարազատները և ընկերները»։
Հետաքրքրվեցինք՝ արդյոք բարդ չէ՞ր թատրոնի բեմը փոխարինել հեռուստատեսության հետ, ինչին դերասանուհին պատասխանեց. «Ես շատ սիրում եմ թատրոնը, և այն ինձ իրոք մեծ փորձ է տվել: Թատրոնը և կինոն ինձ համար տարբեր աշխարհներ են: Միակ բանը, ինչ միավորում է այս երկու աշխարհները, սերն է իմ դերերի հանդեպ, չէ՞ որ առանց սիրո ոչ մի գործ առաջ չի գնա: Կարող եմ ասել, որ կյանքում բախտս բերել է, քանի որ յուրաքանչյուր դեր, որ ինձ բաժին է հասել, իմ կողմից շատ սիրելի է եղել»:
Շատ դերասանների հեռուստադիտողը հիշում է հենց իրենց կերտած կերպարով: Սիթքոմում ներկայանալով սեքսուալ և ցանկալի կնոջ կերպարում՝ Ելենան նշեց, որ չի վախենում այդպես էլ հիշվելուց. «Ինձ թվում է՝ սեքսուալ և գեղեցիկ լինելն այդքան էլ վատ բան չէ, իհարկե կատակում եմ: Իսկ եթե լուրջ՝ ես ունեմ բավականին լուրջ և դրամատիկ դերեր թատրոնում, և իհարկե կա հանդիսատես, ով ինձ ճանաչում է լրիվ այլ ժանրում»:
Դերասանուհին թե՛ իր և թե՛ սիթքոմի մասին միայն դրական կարծիքներ է լսում. «Անկեղծ ասած՝ ինձ այս նախագծում ամեն ինչ դուր է գալիս, կարծում եմ՝ որակյալ նախագիծ է ստացվել, և ես էլ ուրախ եմ, որ նկարահանվում եմ այս սիթքոմում»: