Բնական ճանապարհով` ոչ արհեստական բեղմնավորմամբ, եռյակ լույս աշխարհ բերելը այսօր բացառիկ երևույթ է համարվում:
Մեկ ամիս առաջ նման բացառիկ երևույթ գրանցվեց նաև «Շենգավիթ» ԲԿ-ում: Առանց օժանդակ տեխնոլոգիաների կիրառման լույս աշխարհ են եկել երեք գեղեցկուհիներ՝ 1300,1400 և 1500 գրամ քաշերով : Գեղեցկուհիները ծնվել են կեսարյան հատման ճանապարհով, 32 շաբաթական հղիության շրջանում:
Երեխաների ծնողները Հասմիկն ու Արտյոմը հղիության 3-րդ ամսում արդեն գիտեին եռյակի մասին:
Մեր թղթակցի հետ զրույցում հայրը՝ Արտյոմը, նշեց, որ աշխարհի ամենաերջանիկ հայրն է և բոլորովին կարևոր չէ, որ տղա երեխա չի ծնվել:
«Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ: Այնպիսի զգացողություն է, որ բառերով չեմ կարող բացատրել: Մեր օրերում այնքան դժվար է դարձել երեխա ունենալը, որ նման հրաշքների լույս աշխարհ գալով միայն երջանկանալ կարելի է»,-ասաց նորաթուխ հայրիկը:
Անգելինան, Արիաննան և Յանան ծնողների համար իրական հրաշք են դարձել: Նշենք, նաև որ Հասմիկը հեռուստասերիալներից հայտնի դարձած Գևորգ Փահլևանյանի քույրն է և փոքրիկ գեղեցկուհիներից Արիաննայի անունը հենց քեռու նախընտրությամբ է տրվել նրան:
Արիաննան, Յանան և Անգելինան շուտով կլքեն հիվանդանոցն ու կլցնեն տունն իրենց ներկայությամբ:
Շնորհավորում ենք եռյակի ծննդյան առիթով և մաղթում առողջություն:
Հեղինակ՝
Կարինե Գևորգյան