▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասան Գևորգ Գևորգյանի կյանքը՝ երկու անիվների վրա

Life.panorama.am-ը գրում է. Դերասան Գեւորգ Գեւորգյանին շատերը կհիշեն տարբեր հեռուստասերիալներից, բայց արդեն որքան ժամանակ է նա էկրաններին չի երեւում: Փորձեցինք խոսել Գեւորգի հետ, ով վերջին շրջանում, իր իսկ խոսքերով, ապրում է երկու անիվնրի վրա եւ որոշում է կայացրել այլեւս չվերադառնալ դերասանական գործունեությանը.

«Այո, ես որոշում եմ կայացրել եւ հազիվ թե կրկին վերադառնամ էկրաններ. սա իմ ընտրությունն է եւ ես այս մտքին եմ եկել շատ հանկարծակի եւ արագ, ընդ որում, ասեմ, որ այս որոշմանս հիմքում ոչ մի լուրջ խնդիր չկա, իսկ եթե որեւէ խնդիր էլ կար, ուրեմն դա իմ մեջ էր, քանի որ ես չեմ ուզում քայլել հարթ ճանապարհով, ուզում եմ ինքս ինձ համար ճանապարհ հարթել: Ինձ ավելի հետաքրքիր է գտնել նոր հորիզնոններ, չէ որ աշխարհը շատ մեծ է, գեղեցիկ եւ լի տպավորություններով, որպեսզի դոփել նույն տեղում եւ չշարժվել: Այսօր ես ապրում եմ երկու անիվների՝ իմ մոտոցիկլի, իմ երկաթե ձիու վրա, շրջում եմ աշխարհով մեկ, բայց սովորական զբոսաշրջիկի դերն էլ իմը չէ, զբոսաշրջիկը տեսնում է այն, ինչ իրեն ցույց են տալիս, իսկ ես, հայտնվելով որեւէ երկրում, քաղաքում, փորձում եմ դառնալ նրանց կյանքի մի մասը»,- պատմեց արդեն նախկին դերասանը:

Մեր այն նկատառմանը, թե արդյոք նրան հիասթափություննե՞րը չեն բերել այս որոշմանը, պատասխանեց. «Միակ հիասթափությունը եղել են դատարկ անցկացված տարիները, որոնք ինձ երջանկությունն եւ հոգեւոր բավարարվածություն չեն տվել»:

Իր այսօրվա նոր շարժական «բնակարանի» մասին խոսելիս՝ Գեւորգ Գեւորգյանը պատմեց. «Երբ առաջին անգամ ծնողներիս ինձ հեծանիվ նվիրեցին, այդուհետ ես անընդհատ մտածում եւ երազում էի այն կյանքի մասին, որով այսօր ապրում եմ: Մոտոցիկլը տալիս է այն ազատությունը, որը նկարագրելն անհնար է. դրա շարժիչի ձայնը ասես խլացնում է շրջակա միջավայրի բոլոր ձայները եւ տպավորություն է ստեղծվում, թե աշխարհում չկա էլ ուրիշ բան, բացի քեզ շրջապատող գեղեցկությունից, ամեն վատ բան մնում է հետեւում, մտքերդ ազատվում են ավելորդություններից եւ հասկանում ես, որ հանուն այդ վայրկյանների արժե ապրել»:

Քոչվոր կյանքով ապրող դերասանը իր նոր կյանքի ճանապարհներում դեռ շատ պլաններ ունի. «Հիմա ես ասես քոչվոր լինեմ, հաճախ 1-2 ամսով կանգ եմ առնում տարբեր քաղաքներում, ծանոթանում եմ տեղի բնակչության հետ, աշխատում եմ, որտեղ որ հաջողվում է որպես ապրանքագետ, բեռնակիր, վաճառող, մոտոցիկլի վրա լուսանկարում եմ մարդկանց եւ ձեռք բերված գումարն օգտագործում եմ ճանապարհս շարունակելու համար»,- նկատեց նա:

Ի դեպ, Գեւորգը ձմռանը, երբ մոտոցիկլով գրեթե անհնար կլինի շրջագայել, որոշել է այլ կերպ կազմակերպել իր կյանքը. «Քանի որ ձմռանը մոտոցիկլով շրջագայելը այնքան էլ հարմար չէ, շուտով Սանկտ Պետերբուրգում նավաստի դառնալու համար կուրսեր պետք է անցնեմ, որպեսզի ձմռանը ծով դուրս գամ»,- պատմեց  նա:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее