Blognews.am-ը գրում է. «Սիրտս խառնումա Մկոյի դեմ բացված կամպանիայից... Ինքը կա ու կմնա մեր սիրած Մկոն, դուք էլ՝ էն, ինչ կաք՝ օբիժնիկ ու չուզող». ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցի ֆեյսբուքյան այօրվա գրառումն է՝ ի պատասխան այն քննադատությունների ու դժգոհությունների, որոնք օրեր շարունակ հնչում են անկախության 26-ամյակի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով վաստակավոր արտիստի կոչմանն արժանացած Մկրտիչ Արզումանյանի հասցեին: Առաջին հայացքից հասարակության մոտ տպավորությունն այնպիսիսն էր, որ գրառումը խոսում է կողմնակալ դիրքորոշման մասին, որով Սահակյանցը պաշտպանում է Մկոյին՝ մոռանալով, որ հակառակ կողմում կանգնած է Հայկոն: Կայքի հետ զրույցում ռեժիսորը մեկնաբանել է գրառումը:
«Իմ գրառումն ակնհայտ խոսում է ոչ թե Հայկոյի մասին, որին ինքս էլ համարում եմ, որ պակաս արժանի չէր այդ կոչմանը, այլ ինձ դուր չեն գալիս այն տրամադրությունները, որոնք կան հասարակության մեջ: Մարդկանց մի խումբ կա, որը փորձում է իջեցնել ու նվազեցնել հենց Մկոյի արժանի լինելը: Ես չեմ ասում, որ քննադատությունները Հայկոյի կողմից ուղղորդված են: Ես խոսում եմ այն թափթփուկների մասին, որոնք ակտիվ են միայն Ֆեյսբուքում ու առանց հիմքերի եզրակացություններ են անում: Ե՛վ Մկոն, և՛ Հայկն իմ ընկերներն են։ Գուցե համաձայն չեմ Հայկի հետ ինչ-ինչ հարցերում, բայց հարգանք, միանշանակ, ունեմ: Մարդիկ, ովքեր հիմա Մկոյի դեմ են, վաղը եթե նրան փողոցում տեսնեն, համոզված եմ, որ մոտենալու են ու խնդրեն սելֆի անել: Ուղղակի պետք չէ կեղծավոր լինել, ի վերջո, մի քաղաքում ենք ապրում ու նույն օդն ենք շնչում»:
Տարբեր բնագավառներից մոտ 200 անձի շնորհված մեդալներից ու կոչումներից ֆեյսբուքահայությունն առանձնակի քննարկեց ու քննադատեց հատկապես այս մեկը: Շատերը գրեցին, որ տարիներ շարունակ գրեթե նույն հետագծով Մկոյի հետ գործունեություն ծավալած Հայկ Մարությանը ևս արժանի էր վաստակավոր արտիստի կոչմանը։ Դավիթ Սահակյանցը, սակայն, մեջբերում է հենց դերասանի՝ օրեր առաջ արված հայտարարությունն այն մասին, որ իր համար անընդունելի իշխանություններից ոչ մի կոչում չի ընդունի. «Կարծում եմ՝ տրամաբանական է՝ եթե Հայկը փորձեր այլ կերպ վերաբերվեր իշխանություններին, միգուցե ինքն էլ արժանանար: Բայց ինքը բացահայտ ասում է, որ չի ընդունում այս իշխանություններին, ու ապսուրդ կլիներ, եթե իշխանությունն ինքը որոշեր տալ այդ կոչումը նրան։ Կարծում եմ, որ կան որոշումներ, որոնք, անկախ քո դիրքորոշումից, պետք է հարգես»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում