«Հետք»-ը գրում է. «Մեծ Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների արաբական կազմակերպությունը (Arab Organization for Human Rights, AOHR) բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ընդդեմ Հայաստանի քաղաքացի Դավիթ Փափազյանի: Այս մասին հայտնել է middleesteye.net-ը: Իրավապաշտպան կազմակերպությունը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին կոչ է արել անհապաղ հետաքննություն սկսել Փափազյանի նկատմամբ, որը, ըստ առկա տեղեկությունների, Գազայի մարդասիրական հիմնադրամի (Gaza Humanitarian Foundation, GHF) խորհրդի նախագահն է: Middleeasteye.net-ի լրագրողը նշել է, որ տեսել է մի շարք նամակներ, որոնց մեջ AOHR-ը գրել է, թե կան «հավաստի ապացույցներ եւ փաստաթղթեր» առ այն, որ Դավիթ Փափազյանը «կարող է ներգրավված լինել կամ նպաստել է Գազայի հատվածում այնպիսի գործողությունների, որոնք համարժեք են ռազմական եւ մարդկության դեմ հանցագործությունների»: Լրատվամիջոցը հիշեցնում է, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից հովանավորվող GHF-ը լայնորեն քննադատվել է Իսրայելի կողմից պաշարված Գազայի հատվածում սննդի բաշխման ռազմականացված մեխանիզմ կիրառելու պատճառով, իսկ այնպիսի բարեգործական կազմակերպությունները, ինչպիսին է «Բժիշկներ առանց սահմանների»-ն, GHF-ին մեղադրել են «սովն ու անմարդկայնությունը» ինստիտուցիոնալ դարձնելու մեջ: Լրատվամիջոցը նաեւ փոխանցում է, որ GHF-ի մատակարարման կետերում սնունդ ստանալիս, օգնություն ստանալու հերթում գտնվելիս կամ GHF-ի կենտրոններ գնալիս առնվազն 1.800 պաղեստինցի է սպանվել եւ ավելի քան 13.500-ը վիրավորվել: Միաժամանակ middleeasteye.net-ը նկատում է, որ GHF-ը մի քանի անգամ հերքել է, թե իր կետերում որեւէ մեկը սպանվել է, եւ նշել, թե օգնություն փնտրող սպանված անձանց մասին ՄԱԿ-ի քանակական տվյալները «կեղծ են եւ մոլորեցնող»: «Այս զոհերը լուրջ մտահոգություններ են առաջացնում GHF-ի գործունեության շրջանակի վերաբերյալ եւ առ այն, որ դրա ղեկավարությունը հնարավոր է մեղսակից է միջազգային իրավունքով հանցագործություն համարվող գործողությունների նպաստմանը եւ կատարմանը»,- ասվում է ՀՀ գլխավոր դատախազին ուղղված գրության մեջ: Նամակում նաեւ նշվում է, որ GHF-ը գրանցված է թե՛ ԱՄՆ Դելավեր նահանգում, թե՛ Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում: Հղում անելով ամերիկյան CBS News-ին՝ նամակում հիշեցվում է, որ, շվեյցարական GHF-ի հիմնադիր փաստաթղթերի համաձայն, դրա ղեկավարները 3 անձինք են՝ Դավիթ Փափազյանը (David Papazian)՝ Հայաստանից, որը, սակայն, ապրում է Մեծ Բրիտանիայում, Լոիկ Սեմուել Մարսել Հենդերսոնը (Loik Samuel Marcel Henderson)՝ ԱՄՆ Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքից, եւ Դեւիդ Կոլերը (David Kohler)՝ Շվեյցարիայից: AOHR-ը նշել է, որ Փափազյանը շվեյցարական GHF-ի խորհրդի նախագահն է, ինչպես նաեւ ԱՄՆ-ում գրանցված կազմակերպության հիմնադիր խորհրդի անդամ: Ըստ բրիտանական իրավապաշտպան կազմակերպության՝ նման կրկնակի կառուցվածքը հանդիսանում է «ադմինիստրատիվ քողարկման եւ խարդախության կանխամտածված սխեմայի» մաս, որի նպատակը որոշումների ընդունման գործընթացը եւ ֆինանսավորման աղբյուրները թաքցնելն է: Middle East Eye-ը հիշեցնում է, որ 43-ամյա Դավիթ Փափազյանը Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (առավել հայտնի է որպես ԱՆԻՖ) տնօրենն է եղել 2019-2024 թթ., եւ մի շարք խոշոր գործարքներ է իրականացրել, այդ թվում՝ ԱՄԷ-ի էներգետիկ գիգանտ «Մասդար» ընկերության հետ (խոսքը վերջինիս եւ ԱՆԻՖ-ի ստեղծած «Մասդար Հայաստան 1» ՓԲԸ-ի մասին է, որն Արագածոտնի մարզում պետք է կառուցի «Այգ-1» ֆոտովոլտային կայանը): Լրատվամիջոցը նշում է, որ չնայած AOHR-ի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված բողոքում հայ-արաբական այս գործարքի մասով որեւէ անօրինական արարք չի հիշատակվում, այդուհանդերձ, Փափազյանի միջազգային բիզնես կապերը, մասնավորապես՝ ԱՄԷ-ում, արտացոլում են նրա ազդեցությունը GHF-ի ղեկավարության վրա, ինչպես նաեւ այն հարաբերությունները, որոնք նա հավանաբար հաստատել է Աբու Դաբիում, որը վերջին տարիներին դարձել է Իսրայելի կարեւոր դաշնակիցը: Middle East Eye-ը հիշեցնում է նաեւ, որ ԱՆԻՖ-ը գրասենյակ էր բացել Աբու Դաբիում (մասնաճյուղեր կային նաեւ Մոսկվայում ու Փարիզում): Մյուս կողմից՝ Փափազյանը հայ-արաբական «Ֆլայ Արնա» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահն էր: Լրատվամիջոցը նկատում է, որ Փափազյանն ԱՆԻՖ-ի տնօրենի պաշտոնից ազատվել է 2024-ի հունվարին՝ ֆոնդը վատ կառավարելու հիմնավորմամբ, իսկ հետո մեջբերում է վարչապետ Փաշինյանի կողմից 2025-ի հունվարին ԱՆԻՖ-ի գործունեությանը տրված գնահատականները՝ «ձախողում» եւ «խայտառակություն»: Իրավապաշտպան AOHR-ը պնդում է, որ Փափազյանը GHF-ում զբաղեցրած իր պաշտոնով «առանցքային դեր է խաղացել օպերատիվ օգնության տրամադրման մոդելի մշակման, հաստատման եւ իրականացման վերահսկման գործում, ինչը հանգեցրել է զանգվածային վնասի քաղաքացիական բնակչության շրջանում»: Կազմակերպությունը նաեւ նշում է, որ GHF-ը հիմնադրվել է «իսրայելական կառավարության կողմից սահմանված՝ պատերազմի ռազմավարական նպատակներին ծառայելու համար»՝ փոխարինելով ՄԱԿ-ի հումանիտար գործակալություններին եւ խաթարելով նրանց գործունեությունը: «Գազայում պատերազմի վաղ փուլերից օկուպացիոն ուժն (Իսրայելը) սկսել է դեմոնացնել մարդասիրական օգնության ջանքերը… Պարզ է դարձել, որ հիմնական նպատակը հումանիտար անկախ գործողությունների խափանումն էր»,- ասում է AOHR-ը: Վերջինս ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակում նշել է, որ Դավիթ Փափազյանը «ամբողջովին տեղյակ» է եղել այն զեկույցներից, որոնցում ՄԱԿ-ի մարմիններն արձանագրել են ցեղասպանական գործողություններ, ներառյալ՝ սովն իբրեւ զենք օգտագործելը, սակայն գործել է՝ «կեղտոտ ֆինանսական շահ հետապնդելով»: Middle East Eye-ը հիշեցրել է հուլիսի 3-ին Associated Press-ի հրապարակած հետաքննությունն այն մասին, որ GHF-ի համար աշխատող ամերիկացի վարձկանները սնունդ փնտրող պաղեստինցիների դեմ կիրառել են մարտական փամփուշտներ, լուսաձայնային նռնակներ ու պղպեղի սփրեյ: AP-ն հղում էր արել ականատեսներին, տեսանյութերին ու վարձկանների վկայություններին, որոնք GHF-ի գործունեությունը նկարագրել էին որպես «վտանգավոր չվերահսկվող» եւ «վատ վերապատրաստված ու անպատժելիորեն գործող պահապաններով» կազմավորված»: Իսկ վերջերս ԱՄՆ հատուկ նշանակության ուժերի պայմանագրային Էնթոնի Ագիլարը (Anthony Aguilar), որն աշխատել է GHF-ի մատակարարման կետում, դարձել է ազդարար եւ հայտնել, որ իսրայելական ուժերը պատրաստված էին երեխաների վրա կրակելու համար, եւ ինքը ականատես է եղել, թե ինչպես են իսրայելցի զինվորներն ու ԱՄՆ զինվորական վարձկանները կրակում անզեն պաղեստինցի քաղաքացիական անձանց վրա: AOHR-ը գլխավոր դատախազ Վարդապետյանին հայտնել է, որ Փափազյանի ՀՀ քաղաքացիությունը նրան դարձնում է ընդդատյա Հայաստանի դատարաններին՝ արտերկրում կատարած հանցագործությունների համար: Իրավապաշտպան կազմակերպությունը հիշեցրել է Հայաստանի ստանձնած պարտավորությունները Ժնեւի կոնվենցիաների, Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին կոնվենցիայի, ինչպես նաեւ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի մասով, որը Հայաստանը վավերացրել է 2023-ի հոկտեմբերին: «Պարոն Փափազյանի վարքագիծը… համապատասխանում է հանցակցության չափանիշներին եւ նրան դարձնում է քրեական առումով պատասխանատու ՀՀ օրենսդրության եւ միջազգային քրեական իրավունքի ներքո»,- նշված է AOHR-ի նամակում: Ըստ այդմ՝ միջազգային քրեական իրավունքը «սահմանում է անհատական պատասխանատվություն ոչ միայն անմիջական կատարողների, այլեւ նրանց համար, ովքեր պլանավորում, դրդում, նպաստում կամ այլ կերպ հնարավոր են դարձնում նման հանցագործությունների կատարումը: Բրիտանական իրավապաշտպան կազմակերպությունը ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել է նաեւ ապացույցներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի զեկույցներ, ներքին գրագրություն եւ ֆինանսական փաստաթղթեր: Ըստ Middle East Eye-ի՝ AOHR-ը ցանկանում է, որ ուսումնասիրվեն GHF-ում Փափազյանի դերին առնչվող բոլոր նյութերը, եւ եթե բավարար ապացույցներ ձեռք բերվեն, ձեռնարկվեն իրավական գործողություններ: «Դավիթ Փափազյանի նկատմամբ քրեական հետապնդումը ի ցույց կդնի Հայաստանի հանձնառությունը արդարադատությանն ու միջազգային իրավական կարգին»,- ասվում է Աննա Վարդապետյանին ուղղված նամակում՝ հավելելով, որ նրան պատասխանատվության ենթարկելը կվերահաստատի զանգվածային վայրագությունների անպատժելիությունը կանխելու ՀՀ-ի պարտավորությունը: Middle East Eye-ը հոդվածը հրապարակելիս (օգոստոսի 14) ՀՀ գլխավոր դատախազությունից եւ GHF-ից հարցման պատասխան դեռ չէր ստացել, իսկ Դ. Փափազյանը հրաժարվել է մեկնաբանություն տալ»: |
Դավիթ Փափազյանը՝ միջազգային սկանդալի կենտրոնում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее

далее

далее

далее

далее

далее

далее