▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Բաբայանը`Շուշին Արցախի մայրաքաղաք հռչակելու մասին

«Արմենպրես»-ը գրում է. Արցախի Հանրապետության մայրաքաղաքը Շուշի տեղափոխելու հարցի շուրջ լուրջ քննարկումներ և ծրագրեր չկան:Կայքի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով տարածված տեղեկատվությանը, թե Արցախի իշխանությունները քննարկում են երկրի մայրաքաղաքը Շուշի տեղափոխելու հարցը, ինչպես նաև առաջիկայում պատրաստվում են Շուշի տեղափոխել խորհրդարանը: «Ընդհանրապես կարծիքներ կան, որ Շուշին կրկին դառնա մայրաքաղաք, բայց դրանք լոկ կարծիքներ են, որովհետև այս պահի դրությամբ որևէ լուրջ քննարկում, առավելևս մայրաքաղաքը Շուշի տեղափոխելու ծրագիր չկա, որովհետև մայրաքաղաք Ստեփանակերտը իր բոլոր ֆունկցիոնալ պարտականությունները` որպես երկրի կենտրոն, երկրի սիրտ, իրականացնում է: Այնտեղ է տեղակայված մեր բնակչության մի պատկառելի հատվածը, արդյունաբերության, տնտեսության, մշակույթի, առողջապահության, կրթության հաստատությունների պատկառելի տոկոսը»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Այն, որ մայրաքաղաքը չի տեղափոխվում Շուշի, դա ունի օբյեկտիվ բնույթ և որևէ կերպ կապված չէ Ադրբեջանի քաղաքականության, հնարավոր ռեակցիայի հետ: Դա Ադրբեջանի գործը չէ, Արցախի ժողովուրդը և իշխանություններն են որոշում՝ որտեղ լինի իրենց մայրաքաղաքը և ընդհանրապես քաղաքների զարգացումն Արցախի ներքին գործն է: «Այլ խնդիր է, որ մենք ցանկանում ենք Շուշին կրթական, մշակութային կարևոր կենտրոն, ինչու ոչ` մշակութային և կրթական մայրաքաղաք դարձնել: Սակայն դա երկարատև գործընթաց է: Շուշիի վերականգնումը, այնտեղ կյանքի ակտիվացումը վաղուց սկսվել է: Այնտեղ են տեղափոխվել մի շարք պետական հաստատություններ` մշակույթի  նախարարությունը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, տարբեր կազմակերպություններ: Շատ մեծ ուշադրություն է հատկացվում կրթական համակարգի զարգացմանը. այնտեղ կան բարձրագույն ուսումնական հաստատություններ, մասնագիտացված ուսումնական հաստատություններ, ակտիվ դպրոցաշինություն է ընթանում, վերջին տարիներին բացվել են մի շարք հետաքրքիր և տարածաշրջանում բացառիկ նշանակություն ունեցող թանգարաններ: Շուշին զարգանում է, բայց կրկնում եմ` մայրաքաղաքի տեղափոխման հարց չկա: Սրանք պարզապես Ադրբեջանի կողմից հերթական սադրիչ գործողություններն են: Սա մեր ներքին գործն է, ոչ թե Ադրբեջանի, բայց այս պահին նման հարց չի քննարկվում»,- մանրամասնեց Դավիթ Բաբայանը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее