BlogNews-ը գրում է. Դավիթ Ազարյանին հանրությունը ճանաչում է որպես երգչուհի Սիլվա Հակոբյանի նշանած։ Շոու բիզնեսի կուլիսներում, սակայն, Դավթին վաղուց են ճանաչում։ Դավիթը պատմեց, որ ավելի քան 12 տարի աշխատել է հեռուստատեսությունում` որպես պրոդյուսեր, այժմ հիմնել է «Սիգմա» փրոդաքշընը, որը զբաղվում է երգիչների PR-ով, տեսահոլովակների նկարահանմամբ և Ռուսաստանի տարածքում համերգների կազմակերպմամբ։
Դավիթն այժմ աշխատում է Արման Թովմասյանի, Նշան Հայրապետյանի, Արսեն Գևորգյանի՝ Սենչի, ջութակահար Վարդան Պողոյանի և այլոց հետ, առանձին տեսահոլովակների նկարահանման համար համագործակցել է Գևորգ Մարտիրոսյանի («Հարսնքիքի օրը»), Սիվա Հակոբկյանի («Երջանիկ եմ», «Շնորհավոր»), Միհրան Ծառուկյանի («Թե կուզես») և այլ երգիչ-երգչուհիների հետ։
Դավիթը չունի մասնագիտական կրթություն։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է Հանրային հեռուստատեսությունում, որտեղ հայտնվել է զարմիկի միջոցով։ «Ինձ միշտ հետաքրքրել է հեռուստատեսությունը, այն ժամանակ կար «Համով լոտո», որի նկարահանումներին հաճախ գնում էի։ Հորեղբորս տղան առաջարկեց, որ աշխատեմ հեռուստատեսությունում։ Սկզբում գնացի ռեժիսուրա սովորելու, սակայն չցանկացա շարունակել և խորացա հաղորդումների պրոդյուսինգի վրա։ Որպես պրոդյուսեր աշխատել եմ «2 աստղ», «Թոփ 10» ծրագրերում»։
Դավիթն աշխատել է նաև «Նոր ալիք» հեռուստաընկերությունում, «Նոր ռադիոյում» որպես երաժշտական պրոդյուսեր, ապա «Լայմ» հեռուստաընկերությունում։ Այժմ չի աշխատում TV-ում, իր փրոդաքշընով հիմնականում համագործակցում է «Արմենիա TV»-ի հետ։
«12 տարի աշխատել եմ հեռուստատեսությունում և մի քիչ հոգնել եմ, դրա համար այլևս չեմ ցանկանում աշխատել։ Հեռուստատեսությունում ես աշխատավարձով ապրող մարդ էի։ Կարծում եմ՝ ժամանակն էր սեփական բիզնեսն ունենալ։ Ինձ համար սա արդյունավետ բիզնես է, քանի որ արդեն ունեմ շրջապատ և ծանոթություն այս ոլորտում»,- ասաց Դավիթն ու հավելեց, որ հիմնականում աշխատում են ռուսաստանաբնակ հայ երգիչների հետ:
Համերգ կազմակերպելիս էլ Դավիթը նախապատվությունը տալիս է Ռուսաստանին: Ըստ նրա՝ այնտեղ այս գործն առավել շահավետ է: Մարտի 5-ին նրա նախաձեռնությամբ Ռուսաստանում կկայանա Էլդար Դալգատովի համերգը: Պրոդյուսերը նշեց, որ այժմ նախապատվությունը տալիս են ռեստորանային համերգներին, քանի որ մարդիկ ցանկանում են ուրախանալ: Գարնանը Ռուսաստանում կազմակերպել է նաև Արման Թովմասյանի համերգային շրջագայությունը: «Արմանը ելույթ կունենա ինչպես համերգային դահիճներում, այնպես էլ ռեստորաններում: Հիմա աշխատում ենք այն ուղղությամբ, որ Արմանը մտնի ռուսական շուկա։ Նրա նոր երգերը հիմնականում ռուսալեզու են, քանի որ էստեղ իր PR–ն արդեն ապահովված է»,- ասաց Դավիթը: Մեր դիտարկմանը, որ չի կարելի ասել, որ Արմանը Հայաստանում հասել է ճանաչելիության և պահանջվածության բարձրակետին, նա պատասխանեց. «Այո, սակայն մենք կարճ ժամանակահատվածում հասել ենք նրան, ինչը մեզ պետք էր»։
Թեև տևական ժամանակ է, ինչ Դավիթն ու Սիլվան միասին են, նա չի միջամտում երգչուհու գործերին: Հարցին՝ հնարավո՞ր է առաջիկայում ամբողջական համագործակցություն լինի Սիլվայի հետ, Դավիթը պատասխանեց. «Ֆուլ համագործակցություն չի կարող լինել, քանի որ Սիլվան ունի պրոդյուսեր։ Չեմ կարծում՝ ինչ-որ մեկը կարող է իր պրոդյուսերին փոխարինել։ Մենք ընդհանրապես չունենք նման ծրագրեր, քանի որ չենք խառնում անձնականն ու գործնականը։ Ես միշտ իր կողքին եմ, սակայն նա ունի պրոդյուսեր, ով բոլորից լավ է հասկանում այս գործից։ Ինքս էլ հաճախ խորհուրդներ եմ հարցնում Հակոբից (Սիլվայի հայրիկից)՝ որպես ավագ ընկեր»։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում