▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դատական համակարգը լցրեցին անհայրենիք ու տգետ ջահելներով»․ Արմինե Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ես, իհարկե, այնքան ազատ ժամանակ չունեմ, ինչքան վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որ օրական մի քանի ստատուս երկնեմ` ամենաանկարևոր և միայն ինձ «հաճույք» պատճառող թեմաներով, բայց քանի որ սույն անձը որոշել է «Հրապարակի» դեմ տարած իր խղճուկ դատական հաղթանակին ստատուս նվիրել, այդ թեմայով հետաքրքրված անձանց որոշ մանրամասներ կներկայացնեմ, որպեսզի պատկերացնեն, թե այս իշխանության ներկայացուցիչներն ինչպիսի «հաղթանակներ» են տանում և ինչ են արել դատական իշխանության հետ, որ նրանց նման հաղթանակներ է «պարգևում»:
Ուրեմն 2022թ. հուլիսի 21-ին մենք մի հրապարակում ենք արել` «Հրաչը՝ ներսում, Ավինյանը՝ դրսում. բախումներ չեն լինի» վերնագրով, որն ամբողջությամբ վերաբերում է այդ ժամանակվա քաղաքապետ Հրաչա Սարգսյանին և քաղաքապետ դառնալու ճանապարհին գտնվող Տիգրան Ավինյանին: Այսօրվա աչքով կարդալիս, կարելի է ասել, ուղղակի մարգարեական հրապարակում է, որը մեկին մեկ իրականություն է դարձել տպագրությունից հետո մեկ տարվա ընթացքում. հրապարակումից 2 ամիս անց Ավինյանը նշանակվել է փոխքաղաքապետ, նա վարկանիշ չուներ 2022-ին եւ 2023-ի ընտրություններին էլ բավարար ձայներ չստացավ եւ այլն:
Հրապարակման վերջում մի տող կար, թե 22-ի ամռանն ովքեր դերակատարում ունեն քաղաքապետարանում և թվարկվածների շարքում հիշատակվել էր նաև Ա.Հարությունյանը. «Քաղաքի կառավարման հարցերում ակտիվ դերակատարում ունեն նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և նրա եղբայրը՝ Արամ Հարությունյանը, ով մասնավոր ընկերություն ունի և իրենով է անում փողոտ ծրագրերը»:
Ահա հենց այս նախադասության համար է Արայիկ Հարությունյանը դիմել դատարան` ընդդեմ «Հրապարակի» և իրենց կողմից ստրկացված դատարանը` 2019-ին դատավոր նշանակված Սյուզաննա Ուլիխանյանի, ապա Վերաքննիչի դատավորներ Դավիթ Սերոբյանի, Նաիրա Մարգարյանի ու Գայանե Խաչատրյանի կազմով գտել են, որ այս տողում «զրպարտություն» կա և հօգուտ Արայիկ Հարությունյանի որոշում են կայացրել. հերքում և 225 հազար դրամի փոխհատուցում, ինչից էլ այդքան հրճվել է սույն անձնավորությունը, որն ամեն ինչով զբաղված է` բացի իր պարտականությունների:
Ի դեպ, անգամ մեձիշխանական համարվող «Տեղեկատվական վեճերի խորհուրդն» այս վճիռը համարել է ոչ իրավաչափ և եզրակացություն է հրապարակել, որ դատարանի որոշ փաստարկներ «ակնհայտ անհիմն են», «վճիռն անհամաչափ սահմանափակում է լրատվամիջոցի՝ տեղեկություններ ու գաղափարներ տարածելու իրավունքը»։
Մենք, իհարկե, Վճռաբեկ դատարան ենք դիմելու, եթե չհաջողվի այս տարրական բաները բացատրել ՀՀ դատավորներին` նաև Եվրոդատարան: Բայց դա չէ խնդիրը և չենք կարծում, թե սուղ միջոցներով գոյատևող «Հրապարակը» մի քանի հարյուր հազար դրամ վճարելով աղքատանալու է, իսկ 18-ից հետո ահռելի հարստություն կուտակած հայցվորը` հարստանալու:
Ուղղակի այս թյուրիմացությունները 7 տարում ոչ միայն մեր երկրին տարածքային ու մարդկային մեծ կորուստներ պատճառեցին, այլ ամբողջական համակարգեր քայքայեցին ու հպատակեցրին իրենց: Ես` անձամբ, որպես երկրորդ մասնագիտությամբ իրավաբան, շատ ծանր եմ տանում դատական համակարգի ստրկացումը: Համակարգ, որից հեռացրին քիչ թե շատ գրագետ, ինքնուրույն, դիմադրելու ունակ դատավորներին և տեղը լցրեցին սրբություն չունեցող, անհայրենիք ու տգետ ջահելներով, որոնք խելոք կատարում են սրանց բոլոր ապօրինի հրահանգները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее