▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դասավանդի’ր, Հայաստան»-ի կրթության հավասարության 14 դեսպանների հանձնվեցին հավաստագրեր

Հունիսի 4-ին տեղի ունեցավ «Դասավանդի՛ր, Հայաստան» (Teach For Armenia) կրթական հիմնադրամի «Ես դառնում եմ դեսպան» հանդիսավոր արարողությունը։

 «Ես դառնում եմ դեսպան» միջոցառումը նվիրված էր «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի առաջնորդության զարգացման երկամյա ծրագրի առաջին շրջանավարտներին։Նրանք այն երիտասարդներն են, ովքեր երկու տարի առաջ որոշեցին փոխել ոչ միայն իրենց կյանքը, այլև Հայաստանում ապրող երեխաների՝ մեկնելով դասավանդելու Հայաստանի հեռավոր մարզերում գտնվող դպրոցներ։ Ծրագիրը միտված է բացահայտելու երիտասարդների մասնագիտական և առաջնորդական ներուժը՝ միաժամանակ նպաստելով գյուղական համայնքների զարգացմանը: Ծրագիրն այս պահին ունի 42 մասնակից Հայաստանի 5 մարզի 35 գործընկեր դպրոցում: Նրանցից յուրաքանչյուրն աշխատում է դպրոցում, ակտիվ ներգրավված է համայնքի առօրյայում, մասնակցում է միջոցառումների ու նպաստում է այդ համայնքերի զարգացմանը: Ծրագրի տեւողությունը երկու տարի է, եւ այս տարի այն ունեցավ իր առաջին շրջանավարտներին, ովքեր տասնչորսն են։ Ծրագրի ավարտից հետո նրանց շնորհվել է Կրթության հավասարության դեսպանի կոչումը, հանձնվել են հավաստագրեր։ Դեսպաններից յուրաքանչյուրը շարունակելու է իր գործունեությունը Հայաստանի կրթական ոլորտում՝ նպաստելով դրա զարգացմանը, արդիականացմանն ու հավասար հնարավորությունների ընձեռմանը։

Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, ով ընդգծել է, որ հայկական կրթական համակարգն իրենց ուսերի վրա են պահում ուսուցիչները, տնօրենները, աշակերտներն ու նրանց ծնողները. «Այսօր այստեղ մարդիկ են, որոնք տարբեր տարիքային խմբերում են, բայց բոլորին միավորում է մեկ բան՝ յուրաքանչյուրն իր գործունեության մեջ փորձում է ուժերի հնարավորության չափով այնպես անել, որ կրթական մակարդակը ավելի բարձր լինի, որովհետեւ դրանից է կախված մարդկային ճակատագիրը։ Այս երիտասարդները, որոնք երկու տարի շարունակ դասավանդել են դպրոցներում եւս այդ գաղափարների կրողն են։ «Դասավանդի’ր, Հայաստան»-ի հիմքում ընկած է կամավորության գաղափարը, առանց որի հնարավոր չէ առաջընթաց արձանագրել»։

«Դասավանդի’ր, Հայաստան»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը շնորհավորել է երիտասարդ մասնագետներին եւ հույս հայտնել, որ գուցե հենց նրանց մեջ է նստած Հայաստանի ապագա կրթության եւ գիտության նախարարը։ «Այս ծրագրի մասնակիցների շնորհիվ հասարակության մեջ կրկին վերադարձել է ուսուցչի դերի կարեւորությունը։ Հենց ուսոուցիչներն են հանդիսանում օրինակ աշակերտների համար, նրանք դասավանդում են Հայաստանի հեռավոր գյուղերում, որտեղ երեխաներն ապրում են ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում, բայց այս երիտասարդները նոր հույսերով են ու հավատով են լցրել այդ երեխաների կյանքը։ Այժմ նրանք գիտեն, որ կարող են փոխել իրենց սեփական կյանքը»։  

Տարիներ առաջ «Դասավանդի’ր, Հայաստան»-ի հիմնադիր եւ ղեկավար Լարիսա Հովհաննիսյանը եւս նստած է եղել շրջանավարտների աթոռին, երբ ավարտում էր «Դասավանդի’ր, Ամերիկա» ծրագիրը, նա լավ գիտի, որ երկու տարի  դասավանդելուց հետո այլեւս հնարավոր չէ պատկերացնել հետագա կյանքն ու կարիերան առանց երեխաների եւ կրթական ոլորտում ներգրավվածության։ «Ես այսօր հպարտ եմ եւ հույսերով լի նրա համար, թե ինչ եք դուք եւ ձեզ հետեւողներն անելու մեր երկրի համար։ Այո, մենք միասին դեռ երկար ճանապարհ ենք անցնելու։ Մենք բոլորս, ովքեր եղել ենք դասարաններում, գիտենք, որ խնդիրը, որին  բախվում ենք, ունի շատ բաղադրյալներ, արմատացած է եւ ավելի մեծ է, քան պարզապես մեկ դասարանի խնդիր։ Այս երկու տարիների ընթացքում դուք աշխատել եք երեխաների հետ, որոնք բազում խնդիրներ ունեն, նրանցից շատերն ապրում են աղքատության մեջ կամ սահմանամերձ գյուղերում, որտեղ դպրոցը կրթակահերթի տակ է լինում։ Իհարկե հնարավոր չէ դասավանդել նման տեղերում եւ չնկատել այդ խնդիրները, որոնք արդեն ձերն են դարձել։ Ձեզ բոլորին այժմ միավարում է այն, որ դուք մեկ ճշմարտության կրողն եք։ Այդ ճշմարտությունն այն է, որ Հայաստանի բոլոր երեխաներն ունեն ներուժ, որը հաճախ չի բացահայտվում։  Սակայն դուք բոլորդ, դառնալով Կրթության հավասարության դեսպաններ, կրելու եք այդ գաղափարը եւ փորձելու եք գտնել ճանապարհներ լուծելու առկա խնդիրները։ Այսօր դուք տասնչորսն եք, վաղը կլինեք հարյուրավոր եւ հազարավոր դեսպաններ»։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее