Esem.am-ը գրում է, որ երգչուհի Հասմիկ Կարապետյանն ու ամերիկահայ երաժիշտ, DJ, պրոդյուսեր Շանթ Կիրմիզյանն ապրում են քաղաքացիական ամուսնությամբ: Երկու տարվա համատեղ կյանքից հետո Համբույրի միջազգային օրը զույգն օրինականացրել է հարաբերությունները` իրենց միությունը գրանցելով զագսում:
«Եթե միայն իմ ցանկությամբ լիներ, երբեք չէի օրինականացնի հարաբերություններս զագսում, քանի որ, գուցե շատերը զարմանան, բայց ենթագիտակցական մակարդակով շատ ավելի հետաքրքիր է: Իսկ հարաբերությունները զագսում գրանցելը Շանթի ցանկությունն էր. այն պետք էր նաև հետագա թղթաբանության համար»,- մանրամասնեց Հասմիկը, ում խոսքով` նույնիսկ վկաներ չեն ունեցել:
Հասմիկն ու Շանթն իրենց ամուսնությունը զագսում գրանցելու կապակցությամբ հատուկ խնջույք չեն կազմակերպել, սակայն քանի որ մեկ օր առաջ իմացել են օրը և ընկերների հետ ակումբում են եղել, միասին նաև նշել են: «Կարելի է ասել, մենք երկուսով նշել ենք բացօթյա վայրում՝ մաքուր օդին, խմել ենք, ուրախացել, պարել, ինչն էլ շատ լավ էր»,- պատմեց երգչուհին:
Ըստ նրա` հուլիսի 6-ը հատուկ չեն ընտրել, պարզապես այդպես է ստացվել: «Ես կցանկանայի, որ ծննդյանս օրը լիներ, բայց, ըստ զագսի կանոների, այդպես ստացվեց: Սա ընդամենը թուղթ է. շատ զույգեր կան, որ այս կերպ օրինականացրել են իրենց հարաբերությունները, սակայն, երբ, ցավոք, եկել է բաժանվելու օրը, այդ թուղթը հաստատ չի փրկել,- ասաց Հասմիկը` հավելելով,- իսկ երբ մեր հարսանիքն ու պսակադրությունը կլինի, այդ օրվանից կզգամ այս ամենի խորհուրդը»:
Երգչուհին հայտնեց նաև, որ հարսանիք անպայման կանեն, սակայն երբ, որ երկրում և ինչ պայմաններով, դժվարացավ նշել:
Մեր հարցին, թե որ երկրում են ցանկանում իրենց հարսանիքն անել, Հասմիկն ասաց. «Ես կուզեի, որ հա՛մ Հայաստանում անենք, հա՛մ ԱՄՆ-ում, քանի որ հյուրերի գնալ գալը մի քիչ դժվար կլինի: Էստեղ իմ հարազատներն ու ընկերները կլինեն, էնտեղ` Շանթի»:
Բալիկ ունենալու մասին խոսելիս Հասմիկն ընդգծեց, որ ինքը երբեք չի թաքցնի այդ փաստը, քանի որ այն շատ սպասված լուր է իրենց համար: «Ամեն բան իր ժամանակին է լինում: Ասում են` մենք որոշում ենք, թե ինչն է մեզ համար լավ, իսկ Աստված գիտի, թե ինչ է մեզ պետք և երբ»:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում