Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է երգչուհի Սոնա Շահգելդյանը, ով պատմեց կինոոլորտում իր հաստատուն քայլերի, առաջիկա աշխատանքների եւ իր նորակազմ ընտանիքի մասին:
Հաշված օրեր հետո էկրաններ կբարձրանա «Հյուսիս-հարավ» ֆիլմը, որտեղ Սոնան եւս իր մասնակցությունն է ունեցել: Երգչուհին նկատեց, որ չնայած նկարահանումները հեշտ են ընթացել, այնուամենայնիվ, իր համար ռիսկային էր այդ դերում ներկայանալը. «Ֆիլմում ես մարմնավորում եմ ռեստորանի մենեջեր-տնօրենի, ումից շատերը վախենում են, ով շատ պահանջկոտ է, խիստ, իր գործի գիտակ, բայց եւ շատ բարի, նա փորձում է օգնության ձեռք մեկնել բոլորին: Կարծում եմ՝ կազմակերպիչներն էլ, մասնակից դերասաններն էլ կփաստեն, որ ես խնդիրներ առաջացնող մարդ չեմ, ուստի ողջ նկարահանման ընթացքում ես առանց տրտնջալու ամեն բան արել եմ լավ արդյունք ստանալու համար: Իհարկե, նկարահանումները ունեին նաեւ իրենց դժվարությունները, իմ մասնակցությունը այս դերում բավականին ռիսկային էր, իմ տեսարանները ստանալու համար շուրջ տասը օր մինչև ուշ գիշեր մենք նկարահանման հրապարակում էինք, վերաբերվում էինք ամենային պատասխանատվությամբ, որպեսզի ստանանք իմ դերի հետ կապված ռեժիսորի պատկերացրած իրավիճակները»,- պատմեց Սոնա Շահգելդյանը:
Սա Սոնայի առաջին փորձը չէր ֆիլմարտադրության մեջ, առաջիկայում էլ Սոնան եւս մեկ ֆիլմի հրավեր ունի, որը չի մերժել, քանի որ, իր խոսքերով, շատ է սիրում այս ոլորտը. «Կարծում եմ ինձ մոտ վատ չի ստացվում դերեր կերտելը, առհասարակ երգիչը մի փոքր էլ պետք է իր մեջ ունենա դերասանական ջիղ, պետք է արտիստ լինի, ես էլ փորձում եմ այդ ջիղը ներկայացնել, իսկ մասնագետների բարձր գնահատականն էլ ինձ էլ ավելի ոգեւորում»,- նկատեց երգչուհի-դերասանուհին:
Կինոլորտում նոր բացահայտումների կողքին երգչուհին չի մոռացել նաեւ երգի մասին. «Այս պահին զբաղված եմ իմ նոր տեսահոլովակով, որը կփորձեմ հնարավորինս շուտ ներկայացնել: Նոր տեսահոլովակիս ռեժիսորն է Արմեն Փիրի Մասիհին, իսկ ոճաբանը կլինի իմ շատ մտերիմ ընկերուհի Անուշիկ Հովհաննիսյանը, առհասարակ շատ լավ ու տաղանդավոր թիմ է հավաքված: Երգը, որն ընտրել ենք նոր տեսահոլովակի համար, գրել է Մարինե Մխիթարյանը, այն իսկապես շատ գեղեցիկ է, ավելի 6/8 ռիթմով, բայց յուրօրինակ երգ է. այն շոշոփում է մի շատ գեղեցիկ ու կարեւոր թեմա, խոսքը ընտանիքի մասին է, եւ հենց այդպես էլ կոչվում է»,- նշեց երգչուհին եւ հարցին, թե գուցե իր նորաստեղծ ընտանիքի մասին է լինելու երգը, պատասխանեց. «Իհարկե, ոչինչ այս կյանքում ուղղակի չի լինում: Այս երգը աշխարհի բոլոր ընտանիքներին է նվիրված լինելու, այդ թվում իմ նորաստեղծ ընտանիքին: Ինձ համար այս երգը շատ խորհրդանշական է»:
Խոսելով իր նորաստեղծ ընտանիքի եւ ամուսնու մասին, Սոնա Շահգելդյանը՝ նշեց.
«Արդեն մի քանի ամիս է, ինչ ես ամուսնացել եմ եւ ընտանիք կազմել: Ճիշտ է, իմ եւ ամուսնուս միությունը մեր իսկ ցանկությամբ մեծ խնջույքով չեղավ, բայց մենք երջանիկ ենք, եւ դրան նշանակություն չենք տալիս: Մեր ամուսնությունը վաղուց օրինականացված է, այսօր ես կրում եմ մատանի, որն ինձ համար շատ թանկ է: Առհասարակ, մենք շատ ենք կարեւորում Եկեղեցով պսակադրությունը, բայց քանի որ ես մկրտված չեմ, ուստի դեռ չենք կարող այդ արարողությունն իրականացնել, երբ մկրտվեմ, անպայման կպսկադրվենք նաեւ Եկեղեցով»: