Life.panorama.am-ը գրում է. Հայկական կատակերգությունների շարքը շուտով կհամալրվի եւս մեկով՝ սեպտեմբերի 15-ից մեծ էկրաններ կբարձրանա Կորյուն Մայիլի «3+2 կգ» քրեական կինոկատակերգությունը:
Մինչ «3+2 կգ»-ի պրեմիերան մեզ հետ զրույցում սցենարի հեղինակ եւ ռեժիսոր Կորյուն Մայիլն ու ֆիլմի տնօրեն եւ դերասան Արման Գեւորգյանը որոշ մանրամասներով են կիսվել:
««3+2 կգ» ֆիլմի սցենարը գրվել է փետրվար ամսին, նկարահանումները սկսել ենք հունիսին, իսկ հանդիսատեսի դատին այն կհանձնենք աշնան առաջին ամսվա ուղիղ կեսին՝ սեպտեմբերի 15-ին»,- մեզ հետ զրույցում նշեց Կորյուն Մայիլը՝ երեխաներին քաջ հայտնի քեռի Մուլտիկնիկը, ում համար սա թվով երկրորդ գեղարվեստական ֆիլմն է՝ «Նախաճաշ երկուսի համար» կինոկատագերկությունից հետո:
«3+2 կգ» ֆիլմում Կորյունը մի քանի «պաշտոններ» ունի, նա է հեղինակել ֆիլմի սցենարը, ինչպես նաեւ իրականցրել ռեժիսորի ու պրոդյուսերի գործառույթները, այս ամենից զատ Կորյուն Մայիլը նաեւ գլխավոր դերակատարներից մեկն է:
Ռեժիսորի խոսքով՝ թեեւ ֆիլմը նախատեսված է 16 տարին լրացածների համար, սակայն այն կարող են դիտել նաեւ ընտանիքով.
«Ծնողները կարող են վստահորեն թույլատրեն, որպեսզի երեխաները դիտեն մեր ֆիլմը, քանի որ ոչ մի գռեհիկ ու անպատշաճ կադր չեն տեսնի: Առհասարակ՝ ինքս փորձում եմ նման կադրեր իմ ֆիլմերում չօգտագործել»,- ընդգծեց նա ու ավելացրեց, որ ֆիլմը ոչ միայն ծիծաղաշարժ է, այլեւ ունի հատուկ ու շատ կարեւոր հաղորդագրություն.
«Ֆիլմն այսօրվա իրականության մասին է, վառ գույներով արտահայտվում է անդավաճան ընկերությունը, որն առկա է նույնիսկ ամենադժվարին փորձությունների ժամանակ: Ֆիլմի հիմնական մեսիջն է՝ հեռու պահել երիտասարդներին թմրամիջոցներից»:
Դե իսկ ֆիլմի տնօրեն եւ գլխավոր դերակատարներից մեկը՝ Արման Գեւորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս ֆիլմը մեծապես տարբերվելու է հայկական մյուս կատագերկություններից.
«Ներգրավված պրոֆեսիոնալ դերասանական անձնակազմի և պրոֆեսիոնալ ռեժիսորական աշխատանքի արդյունքում՝ «Cinemayil Production»-ի արտադրության «3+2 կգ» կրիմինալ (քրեական) կինոկատակերգությունը իր ժանրով բացառիկ է, քանի որ մինչ օրս Հայաստանում չի նկարահանվել և ըստ այդմ նաև հանդիսատեսի դատին չի հանձնվել «Կրիմինալ կոմեդիա» ժանրի ֆիլմ: Մենք ունեցել ենք նպատակ՝ նույնատիպ սյուժեներով, ձանձրալի հումորային ֆիլմերից հանդիսատեսին շեղել, հաճելիորեն զարմացնել և մատուցել բարձրորակ, կինոյի բոլոր օրենքներին և ստանդարտներին համապատասխանող արտադրանք, որը նաև համեմվել է բարձրակարգ իրավիճակային հումորներով և նույնքան բարձրակարգ դերասանների ճիշտ և գրագետ խաղի մատուցմամբ: Վստահաբար ասում ենք՝ մենք հասել ենք մեր նպատակին, իսկ դա կհաստատի մեր սիրելի հանդիսատեսը, երբ դիտի ֆիլմը,- նշեց Արմանն ու ավելացրեց.
«Մեր ֆիլմի միջոցով հանդիսատեսը հնարավորություն կունենա աշխարհում լայն տարածում ունեցող ժանրի հայկական «դրսեւորումների» եւ իրավիճակային հումորներով լի հետաքրքիր մի պատմության ականատեսը լինել»,- մանրամասնեց ֆիլմի տնօրենը:
Նյութը`սկզբնաղբյուր կայքում