Life.panorama.am-ը գրում է. Այսօր ռեժիսոր, դերասան Վահագն Գրիգորյանը տոնում է ծննդյան 38-րդ ամյակը: Կայքը, շնորհավորելով «32 ատամ»-ից հայտնի Վահագնին, խոսել է ոչ միայն ծննդյան օրվա մանրամասների, այլեւ աշխատանքային պլանների մասին:
«Անկեղծ ասած՝ այսօր ինձ համար հերթական աշխատանքային օր է, այժմ գտնվում եմ թատրոնում, բայց իմ խելառ ընկերներին իմանալով՝ վստահ եմ, որ երեկոյան հաստատ մի բան կանենք: Ինձ համար ծննդյան օրերը, հատկապես, երբ դրանք կլոր ամյակներ չեն, շատ սովորական օրեր են, որոնք, օրվա բովանդակությունից ելնելով, պատճառ կարող են դառնալ ուրախ ու մտերմիկ շրջապատում անցկացնելու համար: Իմ ծննդյան օրերը երբեք աստղային փարթիներով չեն ուղեկցվում, ես դրանք անցկացնում եմ հայավարի, ուրախ ու ընկերական շրջապատում՝ հաշվի առնելով թե սոցիալական, թե այլ հանգամանքներ»,- պատմեց հոբելյարը:
Հետաքրքրվելով, թե ինչպե՞ս է հայրիկին շնորհավորել 7-ամյա Աշոտը, Վահագնը ծիծաղելով պատմեց. «Մի քանի օր առաջ Աշոտին տարա մայրիկիս մոտ գյուղ, որպեսզի մի քանի օր անցկացնի այնտեղ, ճանապարհին ասաց՝ «Պապ, մի քանի օրից քո ծնունդնա չէ՞, բա ես ի՞նչ եմ անելու», ես էլ պատասխանեցի, որ որպես այդպիսին ծնունդ չի լինելու, աշխատելու ենք, եւ այլն: Իսկ այսօր, երբ մայրս տղայիս ասել է «Դե արի պապային զանգի, որ ծնունդը շնորհավորես», Աշոտս շատ լուրջ պատասխանել է՝ «Ինքն ինձ չի հրավիրել իրա ծնունդին, ես ինչի պետք ա զանգեմ ու շնորհավորեմ իրեն», ու մինչեւ հիմա իմ տղան ինձ չի շնորհավորել»:
Վահագն Գրիգորյանը շատերի նման սիրում է նվերներ ստանալ, բայց կնոջից՝ Իռեն Ուլիխանովայից, հատուկ նվերի չի սպասում. «Գիտեմ, որ մինչ երեկո Իռենը հաստատ մի բան կմտածի, բայց ինձ նման մանր-մունր բաները այնքան էլ չեն հետաքրքրում, Իռենը ողջ կյանքի համար ինձ այնպիսի նվեր է արել՝ Աշոտին ինձ նվիրելով, որ մնացյալ ամեն բան արդեն կարեւոր չեն»,- հավելեց 38-ամյա ռեժիսորն ու ծիծաղելով ընդգծեց.
«Բայց մնացած բոլորը կարող են ինձ լավ նվերներ տալ, ով ինձ թեկուզ վաղը, կամ մյուս օրը նվեր տա, ես նրանց համար ծնունդ կկազմակերպեմ»:
Վահագն Գրիգորյանն, իր խոսքով, թվերով չի ապրում ու չի կենտրոնանում տարիքի վրա, նա կյանքը սիրում է ու վայելում է առանց թվերի:
Ի դեպ՝ Վահագն Գրիգորյանն այս պահին զբաղված է իր համար կարեւոր աշխատանքով. Շուտով դերասան-ռեժիսորը մոնոներկայացմամբ կներկայանա:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում