▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չկա աշխարհում մի բան, որը կարող է փոխարինել որդուս. Աստղիկ Ալավերդյան

Life.panorama.am-ը գրում է, որ  այսօրվա զրուցակիցն է Աստղիկ Ալավերդյանն, ով հանրությանը հայտնի է որպես «Ընտանեկան պատմություններ» հաղորդաշարի հաղորդավարուհի-դերասանուհի և նույն հաղորդման մյուս կերպարի՝ Նարբե Պողոսյանի կին: Աստղիկ Ալավերդյանը արդեն մեկ տարուց ավելի է, ինչ հեռուստաէկրաններին չի երևում և այդ փաստից, իր խոսքերով, բնավ չի սրտնեղում, ավելին՝ արդեն 10 ամիս է, ինչ վայելում է որդու ներկայությունը.

«Իհարկե, արդեն 8-9 տարի եթերում լինելով անսովոր էր այս դադարը, բայց ոչ մի դեպերեսիվ զգացողություններ այդ հարցով չեն եղել, քանի որ մեր տանը հիմա այնպիսի մթնոլորտ է, որ նման զգացողությունները լրիվ ավելորդ են. մեր փոքրիկը ամենալավ իմաստով լրիվ փոխել է մեր կյանքը: Բացի այդ, ինձ մի փոքր պետք էր այս՝ այսպես ասած «հանգիստը», որովհետև ես էլ էի հոգնել այս տարիների ընթացքում, ուզում էի մի փոքր խաղաղ կյանքով ապրել»:

Երկար տարիներ միևնույն ձևաչափով եթերում լինելուց հետո՝ հաղորդավարուհին հայտնեց, որ եթեր վերադարձը այլ ձևաչափում կլինի. «Հավանաբար սեպտեմբերին արդեն կրկին եթերում կլինեն: Չեմ ուզում շատ մանրամասնել, միայն կասեմ, որ նոր հաղորդումը էական տարբեր կլինի «Ընտանեկան պատմություններ»-ից, այն ավելի ժամանցային ձևաչափում կլինի»,- նշեց նա:

Աստղիկը նկատեց, որ թեպետ եթերային աշխատանքին շատ է կարոտել, բայց նոր հաղորդումը իրենցից քիչ ժամանակ կխլի. «Նարբեն կշարունակի զբաղվել մեր ընտանեկան բիզնեսով, իսկ ես էլ մեր բալիկի խնամքով, այնպես որ, դա լինելու է հաղորդաշար, որից մենք հաճույք կստանանք, բայց ողջ օրը զբաղված չենք լինի: Եթերային ծրագրերի համար շատ մտահղացումներ ունենք, պարզապես ես չեմ ուզում շատ բացակայել տանից, Նարբեն էլ բիզնեսից»,-նշեց Աստղիկ Ալավերդյանը:

Որդու ծնունը հաղորդավարուհու կյանքում շրջադարձային նշանակություն ունեցավ. «Մոնթեիս հետ կապված զգացողություններս գնալով ավելի բուռն են դառնում, եթե սկզբնական շրջանում շատ էի հոգնում, հիմա պարզապես վայելում եմ ամեն մի վայրկյանը, որ նրա հետ եմ անցկացնում. նրա հոգատարությունը, ուշադրությունը, խնամքը իսկական հաճույք է»,- պատմեց հաղորդավարուհին:

Ընդամենը 10 ամսեկան Մոնթեն, մայրիկի խոսքերով, արդեն ակնառու նմանություններ ունի հայրիկին. «Թե արտաքնապես, թե բնավորությամբ լրիվ իր հայրիկն է, ասում են, թե աչքերը ինձ է ավելի նման, բայց միևնույն է, ես Նարբեին եմ ամբողջությամբ նմանեցնում»,-նշեց նա ու հավելեց, որ շատ է ուզում, որ որդին հայրիկի բնավորությունը ժառանգի:

«Ես շատ էի ուզում, որ որդիս բնավորությամբ Նարբեին նման լիներ, քանի որ ես մի փոքր փակ բնավորություն ունեմ, իսկ Նարբեն ավելի թեթև ու շփվող է, այս դարի մարդը հենց այդպիսին պետք է լինի: Ես շատ զիջող եմ, համբերատար, համեստ, դա դիմացինի համար շատ լավ է, բայց ինքդ քեզ կարող է հաճախ այնքան էլ լավ չէ, ես ունեմ բնավարության գծեր, որոնք թերևս կնոջն են սազական:  Ուզում եմ տղաս կյանքում չտուժի, ուզում պահանջող և լիդեր լինի, չլինի այնպիսին, ինչպիսին ես եմ, այլ ավելի հայրիկին նման լինի»,-նկատեց Աստղիկը:

Հաղորդավարուհին նշեց նաև, որ շարունակում է մնալ այն կարծիքին, որ երկրորդ բալիկի ծնունդի մասին մտածելով անգամ, իրեն թվում է, թե դավաճանում է Մոնթեին. «Չեմ պատկերացնում երկրորդ բալիկի ծնունդը: Մոտական տարիներին, համենայն դեպս, պատրաստ չեմ Մոնթեի նկատմամբ սերս կիսել ինչ-որ մեկի հետ»,-նշեց նա:

Աստղիկը որդու խնամքը ոչ մեկին չի վստահում. «Երբ բալիկիս տանում եմ այգի և տեսնում եմ, որ շատ երեխաների դայակներն են բերել զբոսանքի, զարմանում եմ, չկա աշխարհում մի բան, որ կարող է փոխարինել Մոնթեիս, միգուցե լինեին ֆինանսական խնդիրներ և ես ստիպված լինեի գնալ այդ քայլին և որդուս խնամքի մի հատվածը վստահեի դայակին, բայց միևնույն է չեմ պատկերացնում: Տղայիս խնամքը վստահում եմ միայն մայրիկիս»,- ընդգծեց հաղորդավարուհին:

29-ամյա Աստղիկը նկատեց, որ հասուն տարիքում մայր դառնալը իր լավ հետևանքներն է ունեցել. «Շատ եմ մտորել իմ զգացողությունների մասին: Ուրախ եմ, որ հասուն տարիքում եմ մայր դարձել, որովհետև ամեն մի պահը զգում, գիտակցում և ըմբռնում եմ: Գուցե 24 տարեկանում երեխա ունենայի և դայակի էլ վստահեի, առանց բալիկիս ճամփորդությունների էլ մեկնեի, բայց հիմա նման բաների մասին անգամ չեմ էլ մտածում»,-նշեց նա:

Բալիկի ծնունդից հետո՝ նրա հանդեպ ողջ ուշադրության նվիրումի հետևանքով ամուսնու՝ Նարբեի, հետ խնդիրներ չեն առաջացել, Աստղիկի խոսքերով ամուսինը կնոջ ուշադրության պակասը զգացել է, բայց հայրաբար լռել և համբերատար է գտնվել. «Ցանկացած ընտանիքում բալիկի ծնվելուց հետո առաջանում է այն խնդիրը, ըստ որի տան կինը իր ողջ ուշադրությունը կենտրոնացնում է փոքրիկի վրա, բայց դա շատ նորմալ է, որովհետև կինը նախ ֆիզիկապես չի կարող հասցնել, և երկրորդ՝ տուն է գալիս մի փոքրիկ էակ, որի խնամքը, ուշադրությունը, սերը ավելի կարևոր է դառնում, քան աշխարհում ցանկացած բան, այդ թվում ամուսնու նկատմամբ ուշադրությունը: Նարբերի համար սկզբում անսովոր էր, ինձնից գաղտնի նեղվում էր այդ ամենից, բայց նաև գիտակցում էր, որ դա ժամանակավոր է: Փառք Աստծո, մեզ մոտ անցել է արդեն այդ էտապը, բալիկս շատ հանգիստ է ու ամուսնուս նկատմամբ իմ կանացի ուշադրությունը արդեն վերականգնվել է»,- հավելեց նա:

Նյութն ամբողջությամբ`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее