▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձիու, ավանակի, թե՞ տավարի միս.Մարդիկ հիմա էլ թթու համ են առնում

«Ունենք լուրջ խուճապային վիճակ և հանրային անվստահություն, որի բոլոր հիմքերը կան: Մարդիկ իմացան, որ շուկայում առկա է 30 տոննա և ավելի վտանգավոր ճանաչված մթերք (հավի միս): Որևէ մեկին դրա ոչնչացման գործընթացին մասնակից չդարձրին: Չգիտենք՝ այն ոչնչացված է, թե՝ ոչ: Ավելին՝ ստուգեցին կիսատ-պռատ ու որևէ խոսք չեղավ հակաբիոտիկների մասին:

Մի քանի օր առաջ  ՀՀ ոստիկանությունը պարզեց, որ մսի շուկայում իրացվում է ավանակի և ձիու միս: ՍԱՊԾ-ն՝ լիազոր մարմինը, որը պետք է հայտնաբերեր, էլի ինքը չարեց, բայց գնաց  ոստիկանության հետեքերով ու այն որակեց որպես իրենց աշխատանք: Այս ամենը հանգեցրել է նրան, որ հասարակության զգալի մասը վախենալով է ամեն ինչ անում: Անգամ զանգեր ենք ստանում մսից թթու համ առնելու մասին: Հնարավոր է՝  լինի ձիու միս կամ լարվածության արդյունք»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության հիմնադիր և նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Նրա խոսքով՝ հնարավոր չէ առանց լաբորատոր փորձաքննության տարբերակել միսը:

Ինչ վերաբերում է Ամանորին սպասվող գնաճի հավանականությանը՝ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ մսամթերքի շուկայում անցած տարվա համեմատ 20 տոկոս աճ կա, նույնն է նաև ալկոհոլային խմիչքների դեպքում: Գները բարձրացել են 12-13 տոկոսով:

Չնայած այս վատ լուրերին՝ «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության հիմնադիրը լավ լուր էլ ունի.

«Կան միջազգային ընկերություններ, որոնք իրենց գնային քաղաքականությունը վարում են այնպես, որ Ամանորին զեղչեր լինեն: Եվ, քանի որ նրանք  Հայաստանում ունեն պաշտոնական ներկայացուցչություն, հետևաբար, կանոնը վերաբերում է բոլորին:   Նմանատիպ զեղչեր լինում են գազավորված ըմպելիքի, բնական հյութի, ալկոհոլային խմիչքի, պահածոյի շուկայում: Որպեսզի չկորցնեն մրցակցային դիրքը՝ մեր տնտեսվարողները նույնպես զեղչեր են անում»,-մանրամասնեց Բաբկեն Պիպոյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее