▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չգիտես՝ լացե՞ս, թե՝ ծիծաղես.Հնագետը ապշած է Արցախի ու Հայաստանի գերատեսչությունների պատասխանից

 ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, Արցախի Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն ահազանգում է՝  Արցախի մշակութային ժառանգության հետազոտությունն այսօր որոշակի հաջողություններով հանդերձ նաև խոչընդոտներ ունի: Հայաստանում պեղումների համար գումար չեն հատկացնում, դրսում էլ հրաժարվում են արդյունքների մասին հրապարակել:

«Գանձասարի վանքում 170 հայերեն արձանագրություններ կան, բայց իրավունք չունենք սրա մասին հոդված գրել: Խոսում են բարոյականության մասին: Ամենուր ակնհայտ է Ադրբեջանի հետ համագործակցությունը: Մենք նամակներ ենք ուղարկել Արցախի ու Հայաստանի բոլոր գերատեսչություններին, շատ շնորհակալ ենք, որ բոլորն էլ պատասխանեցին: Բոլորի ասածը սա էր.«Այդ ծանրությունը ձեր մեջքին է դրված, դուք էլ տարեք: Չգիտես՝ լացե՞ս, թե՝ ծիծաղես: Արդեն կարող եմ ենթադրել, որ Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ էլ քաղաքականություն չի վարվում: Ի՞նչ է նշանակում՝ ոչնչով օգնել չենք կարող: Բա ո՞վ պետք է քաղաքականությունը վարի: Ասենք, ինչո՞ւ ԱԳՆ-ն հանդես չի եկել կոնֆլիկտային գոտու միջազգային խնդիրներով, ինչո՞ւ մեզ հետ չեն զրուցում: Ո՞նց կարող է պետությունը քաղաքականությունն այդ երկրում ապրողի խնդիրը համարել: Մեզ համար պատվաբեր է այս գործն անելը, բայց նման կենսակերպը բնորոշ է պետություն չունեցող հանրություններին, էթնիկ խմբերին, երբ որևէ ինտելեկտուալ իր վրա է վերցնում հանրույթի շահն առաջ տանելը, բայց երբ ունես պետություն, տասնյակ նախարարներ՝ ամեն ինչով, ինչո՞ւ այսպես պետք է լինի: Գիտության պետական կոմիտեն չի ֆինանսավորում Տիգրանակերտի պեղումների համար: Դիմում ես՝ ասում են Արցախ դիմեք, նրանք էլ ասում են՝ ֆինանսն է քիչ: Ինչո՞ւ պետք է  ես ընկնեմ ու գումար փնտրեմ, կոլեգայիս ասեմ՝ թաքուն սարքդ վերցրու արի, մի բան նկարենք»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Համլետ Պետրոսյանը՝ հավելելով

«Տիգրանակերտը միակ հուշարձանն է, որ պաշտոնապես ֆինանսավորվում է Արցախի իշխանությունների կողմից: Ցավոք, կրիայի քայլերով ենք առաջ գնում, շատ դանդաղ ենք բացում քաղաքը: Այս տարի երեք խոշոր ծրագիր ենք մշակել: Մի քանի գործարարի հետ ենք հանդիպում, այժմ քննարկումներ են ընթանում: Առաջինը Տիգրանակերտի ջրանցքի հետազոտության խնդիրն է: Սա մոտ 5կմ ձգվող, զգալի մասը ժայռերի մեջ փորված, թունելային հատվածներով եզակի կառույց է: Հետաքրքրում է դրա ժամանակագրությունը, քանի որ Ուրարտուից հետո գիտենք, որ նման ջրանցքներ չեն կառուցվել: Երկրորդը դամբարանադաշտի պեղումներն են: Գուցե մեզ օգնության ձեռք մեկնեն նաև դրսի կոլեգաները: Ինձ համար ցավալի է, որ Տիգրանակերտը եղել և մնում է իմ ու ընկերների հոգսը: Թվում է, թե ունենք պետական քաղաքականություն, կա մշակույթի, գիտության զարգացման բաժին, բայց ինչպես 19-րդ դարում էր՝ բեռը մեր ուսին է»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее