▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեռնարկատիրական կրթության սաները լուծում են համայնքային խնդիրներ

Ս. թ. հունիսի 3-ին տեղի ունենցավ  Երևանի Ալ. Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական  դպրոցի աշակերտական հասարակական կազմակերպության  /ԱՀԿ/ կողմից մասնակիորեն վերանորոգված դպրոցական մարզադահլիճի   բացման արարողությունը: Արարողության ներկա էր ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Վերոհիշյալ աշակերտական հասարակական կազմակերպությունը ստեղծվել է  «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳ նախարարության հետ ս. թ. ապրլի 18-ին կնքված հուշագրի շրջանակներում: Ըստ այդ հուշագրի`նախատեսվում է  հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդնել ձեռնարկատիրական կրթության բաղադրիչը տարրական և հիմնական դպրոցում` որպես ինտեգրվող բաղադրիչ «Տեխնոլոգիա» առարկայի մեջ, իսկ   ավագ դպրոցում՝ որպես հատուկ դասընթաց իր տեսական և գործնական բաժիններով: 

Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական կրթության ծրագիրը ֆինանսավորվում է JHM բարեգործական հիմնադրամի և HSBC բանկի կողմից: Բացման արարողությանը ներկա էր  նաև HSBC բանկի գլխավոր տնօրեն Փոլ Էդգարը:

Ծրագրի առաջին հատվածում` 2016 թ. սեպտեմբեր – դեկտեմբեր ամիսներին, աշակերտները  հնարավորություն  ունեցան  ծանոթանալու  տնտեսագիտության  և ձեռներեցության հիմունքներին, հիմնելու  գործարար ընկերություն  (ԱԳԸ) «Երևանը  մենք  ենք» անվամբ և զբաղվելու  բիզնես գործունեությամբ: Հենց սեպտեմբերին նրանք սկսեցին   հետազոտել շուկան  և ուսումնասիրել սպառողական պահանջարկը, որոնց արդյունքում պատանի ձեռներեցները  կայացրին  հետևյալ բիզնես որոշումը. «Քանի որ մոտենում  էր  Երևան  քաղաքի  ծննդյան  օրը, մենք որոշեցինք արտադրել այնպիսի արտադրանք, որը նվիրված կլիներ այդ տոնակատարությանը: Մեր ընտրությունը կանգ առավ  երևանյան  թեմաներով    լուսանկարների և հուշանվեր- մագնիսների արտադրության վրա: Մենք համնոզված էինք, որ սպառողները սիրով կգնեն մեր արտադրանքը », - նշում են պատանի ձեռներեցները:       

«Երեխաներն  իրենք  են  շրջել  Երևանով  ու  արել  լուսանկարներ,  հետո  պատրաստել  են  շրջանակներ  ու  մագնիսներ:  Նույնիսկ  փաթեթավորումն  էր  իրենց   ձեռքի  աշխատանքը: Նորարարություն  էր  իրենց  իսկ  ձեռքով  լուսանկարներ  անելն  ու  շրջանակների  մեջ  վերցնելը: Հաջողություն  կարող  ենք  համարել,  որ  մեր  ուսուցչական  կոլեկտիվի  մի  քանի  անդամներ  նույնիսկ  պատվերներ  տվեցին՝  իրենց  բնակարաններում  մի  քանի  նկարներ  ունենալու համար» - նշում է ուսուցչուհին` Հռիփսիմե Վարդանյանը:

Արտադրանքի վաճառքից գոյացած հասույթը կազմեց 33 000 ՀՀ դրամ, իսկ աշակերտների վաստակած շահույթը` 13 000 ՀՀ դրամ:

Գործարարության հիմունքներն ուսումնասիրելիս աշակերտները միաժամանակ ծանոթացան նաև  կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը (ԿՍՊ)  և մշակեցին  իրենց աշակերտական գործարար ընկերության ԿՍՊ ռազմավարությունը: Այդ կապակցությամբ էլ պատանի ձեռներեցները իրենց վաստակած ողջ գործարար շահույթը  հատկացրին իրենց կորպորատիվ գործունեությանը և ապա գումարեցին այն միջոցներին, որոնցով նախատեսել էին իրականացնել մարզադահլիճի մասնակի վերանորոգման աշխատանքները:

Ծրագրի երկրորդ հատվածում` հունվար – մայիս ամիսներին, երբ աշակերտներն իրենց գործարար ընկերությունը վերափոխեցին հասարակական կազմակերպության, ձեռնամուխ եղան համայնքային վերոհիշյալ խնդրի լուծմանը: Իսկ թե ինչու բազմաթիվ համայնքային խնդիրներից պատանի հասարակական գործիչները հատկապես ընտրեցին և ցանկացան լուծել այդ խնդիրը, աշակերտական հասարակական կազմակերպության անդամները մեկնաբանեցին. «Որպես  հիմնախնդիր`  ընտրեցինք մեր  դպրոցի  մարզադահլիճի  մասնակի  վերանորոգումը:  Հատկապես  ընտրեցինք այդ հիմնախնդիրը,  քանի որ մեր դպրոցի աշակերտները ֆիզկուլտուրայի  դասերը  պարապում  են  արտակարգ  իրավիճակային  պայմաններում՝  ամեն  գնդակ  նետելուց  վախենալով,  որ  պատը  կփլվի իրենց  վրա: Այդ իսկ պատճառով էլ  մեր  ԱՀԿ-ն   որոշեց  այս  ձևով  օգնել  դպրոցին  և  բարելավել  պայմանները: Արդյունքում  կունենանք  մաքուր  և  վերանորոգված  մարզադահլիճ,  որտեղ  դասերն  ավելի  հաճույքով  կպարապենք,  և,  որ  ամենակարևորն  է,  նախկինում  եղած  վտանգն  էլ  չի  լինի» - բացատրում են ծրագրի սաները: 

Այդ հիմնախնդրի լուծման նպատակով  թիվ 21 դպրոցի   պատանի հասարակական գործիչներին  դեռևս մարտ ամսին «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը տրամադրել էր   150 000 ՀՀ դրամի չափով դրամաշնորհ:  Հենց այդ  գումարով էլ ԱՀԿ անդամները  ձեռնարկեցին  վերանորոգման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 642 000 ՀՀ դրամ: Ծրագրի իրականացմանը օժանդակեցին նաև դպրոցի աշակերտական հիմնադրամը, ծնողները և ուսուցիչները:

«Հայաստանի պատանեկան նվաճումներ»  կազմակերպության կողմից ներկայումս հանրապետության ավելի քան 150 դպրոցներում իրականացվող «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի առաքելությունն է  Հայաստանի Հանրապետության երիտասարդների  շրջանում հավատ սերմանել սեփական ուժերի և վաղվա օրվա նկատմամբ:

Ծրագրի նպատակներն են երիտասարդներին ոչ միայն հաղորդել տնտեսագիտական հիմնարար գիտելիքներ, այլ նաև նրանց ծանոթացնել շուկայական տնտեսության սկզբունքներին, զինել ձեռնարկատիրական և ֆինանսական անհրաժեշտ հմտություններով և կարողություններով, սովորեցնել` ինչպես փող վաստակել: Ծրագիրը հատուկ ուշադրություն է դարձնում նաև մասնակիցների շրջանում նորարարական և ստեղծագործական մտածելակերպի զարգացմանը, ինչպես նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմունքների դասավանդմանը: Ծրագրի շնորհիվ մասնակիցները լավագույնս կհասկանան, թե ինչ է նշանակում քաղաքացիական հասարակությունը, և ինչպես կարելի է դառնալ այդ հասարակության լիարժեք անդամ: Ծրագրի շրջանակներում ծանոթանալով հասարակական կազմակերպությունների /ՀԿ-ների/ գործունեությանը և դրանց հիմնադրման գործընթացին՝ մասնակիցները կխրախուսվեն՝  ընդգրկվելով դպրոցական և համայնքային խնդիրների լուծման գործընթացին, և  նրանց մեջ կձևավորվի  դրական վերաբերմունք կամավորական աշխատանքների  նկատմամբ:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել կազմակերպության վեբկայք` www.jaarmenia.org:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее