Այսօր՝ փետրվարի 10-ին, ԱԺ-ում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը, դիմելով ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին, նշել է․
«Ես ստիպված եմ ձեզ հիշեցնել, որ դուք Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարն եք, ոչ թե ԵՊՀ-ի պաշտպանը կառավարությունում կամ այստեղ: Երբ որ գրված է, որ կրթության, գիտության եւ մշակույթի բացառիկ հաստատություն է ԵՊՀ-ն, ձեր բոլոր հնչեցրած մտքերը կամ հիմնավորման մեջ գրածները մոտ են եթե ոչ ցնդաբանության, ապա գոնե ակադեմիական ռասիզմի: Սա ուղղակի անթույլատրելի է: Մենք գտնվում ենք 21-րդ դարում, եւ պարտավոր ենք բոլոր հանրային բուհերի համար ապահովել նույն պայմանները: Սա առնվազն ռասիզմ է ձեր կողմից ցուցաբերված: Ինչով է ԵՊՀ-ի մշակութային գործունեությունն ավելի բացառիկ, քան Կոնսերվատորիայի կամ Թատերական ինստիտուտի գործունեությունը, ինչով է ԵՊՀ-ի գիտական գործունեությունն ավելի բացառիկ, քան Բժշկականի կամ Պոլիտեխնիկ համալսարանի, որոնք բոլորը նույն ստատուսն ունեն: Այո, ես ձեզ պետք է հիշեցնեմ, որ դուք միայն ԵՊՀ-ի PR-ով չպետք է զբաղվեք ԱԺ ամբիոնից»,- նշել է Գորգիսյանը:
Անդրադառնալով նախագծին նա ասել է, որ այնտեղ բարձրագույն կրթության եւ գիտության կապը չի երեւում.
«Ինչպե՞ս է այս մոդելը նպաստելու գիտության զարգացմանը: Ինչպես է իմ նշած այդ կապը ապահովելու»:
Ի պատասխան՝ Դումանյանը պատգամավորին կոռեկտության կոչ է արել.
«Պարոն պատգամավոր, Ձեզ կոչ եմ անում կոռեկտության, զսպվածության եւ հարգալից արտահայտչաձեւեր ընտրեք: Ինձ պետք չի հիշեցնել իմ զբաղեցրած պաշտոնը, ես չեմ մոռացել: Ես այստեղ ԵՊՀ-ի ներկայացուցիչը չեմ, ես նախարարն եմ: Երկրորդ, ռասիստական գնահատականներ կգնաք այլ միջազգային դատարաններում կհնչեցնեք: Բովանդակային դաշտում ձեւակերպեք ձեր հարցերը, ես պատրաստ եմ պրոֆեսիոնալ հարթության մեջ ցանկացած կնճռոտ հարց քննարկել, առանց գնահատականների: Եկեք պրոֆեսիոնալ դաշտ, եկեք համագործակցենք»: