Տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 26-ին դասադուլ էին սկսել Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի մանկավարժները: Նրանք պահանջում էին դպրոցի հիմնանորոգում, ինչպես նաև տարրական դպրոցի աշակերտներին անհապաղ տեղափոխել հարևանությամբ գտնվող ավագ դպրոցի ազատ մասնաշենքերից որևէ մեկը:
Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մամիկոն Աբգարյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ խնդրի մասին վաղուց են տեղյակ եղել, բարձրաձայնել ու քննարկել է անգամ մարզպետը, ուղղակի վերջերս այն հանրայնացվել է.
«Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում նախօրեին հայտարարված դասադուլը դադարեցվել է: Մամուլում շրջանառվում է շինության մի նկար, որը չի շահագործվում: Դասերը այլ և եռահարկ մասնաշենքում են իրականացվում, որը 601 հոգու համար շատ փոքր է: Եվ կտրուկ ասել, թե շենքային պայմանները վատ են, այդպես չեմ կարծում, ավելի վատ շենքեր էլ կան: Մինչ օրս չունենք շենքի սեյսմիկ վիճակի մասին համապատասխան փաստաթուղթ: Հիմա պետք է պարզենք՝ այդ շենքը հնարավո՞ր է վերանորոգել, բարեկարգել, թե՝ ոչ: Այնպես որ, ծեփերի թափվելն ու ճեղքերը չեն նշանակում, որ վտանգ կա: Միայն համապատասխան մասնագետը կարող է ասել իրողությունը»,-ասաց Մամիկոն Աբգարյանը:
Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը նշեց, որ ինքն անձամբ ևս մեկ մասնաշենքի կառուցման, սպորտդահլիճի, խաղահրապարակների անհրաժեշտություն է տեսնում՝ դպրոցի հիմնանորոգումից հետո: Այժմ հստակեցվում են հիմնանորոգման ժամկետները:
Բանախոսի փոխանցմամբ՝ դպրոցում սովորում է 601 աշակերտ, որից 308-ը՝ 5-9-րդ դասարաններում:
Անի Կարապետյան


