▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ ուզում, որ ընտրյալս իմ ոլորտից լինի, ի վերջո տանից մեկը պետք է գումար աշխատի. Թամարա Գևորգյան

Life.panorama.am-ը գրում է.

21-ամյա դերասանուհի Թամարա Գեւորգյանի համար «Փոխնակ մայրը» հեռուստասերիալը առաջին փորձն է: Կարճ ժամանակ է, ինչ հեռուստասերիալը հեռարձակվում է, սակայն երիտասարդ դերասանուհին արդեն հասցրել է ընդունվել ու սիրվել հեռուստադիտողի կողմից:

Կայքը մասնագիտության ընտրության, անելիքների ու անձնական կյանքի մասին խոսել է Թամարայի հետ.

«Իմ դերասանական ուղին սկսվել է Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտից, որտեղ չորս տարի ուսանել եմ հրաշալի վարպետ Նիկոլայ Ծատուրյանի արվեստանոցում: Հենց նա է իմ մեջ արթնացրել այս մասնագիտության նկատմամբ վերաբերմունքը: Ինչպես շատերը գիտեն` Ն. Ծատուրյանը դեմ է, նույնիսկ արգելում է իր ուսանողներին ուսման ընթացքում աշխատել. Նրա տված մեծ դպրոցի արդյունքում ես իմ մասնագիտությամբ սկսեցի ճիշտ ժամանակին աշխատել»,- պատմեց Թամարան ու հավելեց, որ «Փոխնակ մայրը» հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկը ստացել է ինստիտուտն ավարտելուց երեք շաբաթ անց:

Հետաքրքրվելով, թե Նիկոլայ Ծատուրյանը ի՞նչ կարծիք ունի սերիալում իր ուսանողուհու խաղի վերաբերյալ, դերասանուհին պատմեց.

«Ն. Ծատուրյանը այն մարդկանցից է, ով եթե լռում է, ուրեմն արդեն լավ է, ուրեմն քեզ աշխարհի երջանիկը կարող ես համարել այդ պահին: Ինձ առհասարակ յուրաքանչյուր հարցի շուրջ է հետաքրքիր պարոն Ծատուրյանի կարծիքը, իսկ երբ սերիալի մի քանի սերիաներ արդեն եթերում էին, գնացի վարպետիս տուն` լսելու խաղիս վերաբերյալ իր տեսակետը, քանի որ գիտեի սերիալների նկատմամբ նրա վերաբերմունքը: Նա լուռ նայեց ու ասաց` «Ամենակարեւորը դատարկ չես»: Հավատացեք, ինձ դա էլ բավարար էր: Այսքան տարիների ընթացքում նա միայն մեկ անգամ է ինձ գովաբանել, երբ չորրորդ կուրսում ինձ ասաց` «Դու դարձար դերասանուհի», դրանից հետո ես իսկապես ինձ երջանիկ համարեցի»:

Մեր հարցին, թե մինչեւ այս ասպարեզ մուտք գործելը Թամարան հենց այսպիսի՞ն էր պատկերացնում ոլորտը, թե այնուամենայնիվ, իրականության հետ որոշ բախումներ ունեցե՞լ է, պատասխանեց.

«Այնպես չէ, որ ես հատուկ պատկերացումներ ունեի ու հիմա էլ հիասթափված եմ: Առհասարակ երազկոտ չեմ, ամեն բան ընդունում եմ այնպես, ինչպես կա, ես գիտեի` ուր եմ գնում ու չէի էլ սպասում, թե իմ առաջ կարմիր գորգեր են փռելու: Իհարկե, յուրաքանչյուր դերասան էլ իր մասնագիտության նկատմամբ մեծ պատկերացումներ ունի, սակայն ամեն երիտասարդ դերասան աշխատանքի խնդիր ունի ու շատ բաներ անում է հենց դրա համար: Ինչեւէ, մեծամիտ թող չհնչի, բայց, կարծում եմ, իրենից ինչ-որ բան ներկայացնող դերասանը յուրաքանչյուր նախագծի մեջ կկարողանա գտնել այն ամենը, ինչը կծառայեցնի իրեն ու իր կերպարին, արդյունքում էլ տվյալ գործն իրեն հաճելի կդառնա: Բախումներ կամ հիասթափություններ չունեմ, միայն թատրոնի պակաս ունեմ»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее