▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ ցանկանա, որ երգը ինձ համար դառնա ամեն օրվա գումար աշխատելու միջոց. Սուսաննա Պետրոսյան

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է, որ այսօրվա զրուցակիցն է երգչուհի Սուսաննա Պետրոսյանը:

Սուսաննա, դուք այն երգչուհիներից եք, ում շոուբիզնեսյան թոհուբոհում հազվադեպ կարող ենք տեսնել: Հետաքրքիր է ինչո՞վ եք զբաղված:

- Աշխատում եմ Ալեքսանդր Սպենդարյանի անվան երաժշտական դպրոցում, ուր հիմա արձակուրդային շրջան է, բայց ես դեռ չեմ հանգստանում, քանի որ աշխատում եմ նաեւ Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջում, իսկ այնտեղ հիմա քննական շրջան է, ես էլ դիմորդների հետ խորհրդատվություն եմ անցկացնում: Այսինքն՝ աշխատանքային բուռն շրջանում եմ անգամ արձակուրդային ընթացքում: Բացի այդ, մոտ մեկ շաբաթից ջազ-բենդի հետ պետք է մեկնեմ Բուխարեստ՝ Ռումինիա, հյուրախաղերի:

Դուք Ձեր բենդը դեռ չունեք, չկա՞ն պլաններ այն ստեղծելու:

-  Այո, իմ բենդը չունեմ, բայց ժամանակ առ ժամանակ իմ ընկերների հետ ելույթ եմ ունենում:

Եթե ուզում ենք լսել Սուսաննա Պետրոսյանին, որտե՞ղ կարելի է փնտրել Ձեզ:

- Ես սովորաբար մենահամերգներ չեմ տալիս, դեռ նման պլաններ էլ չկան, բայց մեկ-մեկ լինում են համերգներ, որոնց ես էլ եմ մասնակցում, օրինակ 2-3 շաբաթ առաջ ընկերներիս՝ Անուշիկ Ալավերդյանի եւ Մարինա Հակոբյանի  հետ համերգ կազմակերպեցինք՝ նվիրված Ջեյմս Բրաունին:

 

 Հետաքրքիր է՝ իսկ նման ակումբային համերգներով ինչո՞ւ հաճախ չեք ներկայանում:

- Ես այնքան էլ չեմ ուզում ամենօրյա համերգներ ունենալ, որովհետեւ դա աշխատանքի է վերածվում, իսկ ես ունեմ աշխատանք, իմ էներգիան ամբողջովին տրամադրում եմ աշակերտներին եւ ուսանողներին ուսուցանելուն: Տարվա մեջ մի քանի անգամ համերգների մասնակցելով կամ նման մենահամերգներով ես պարզապես մեծ հաճույք եմ ստանում, այդպես վայելում եմ երգը եւ չեմ ցանկանա, որ դրանք ինձ համար դառնան սովորական, ամեն օրվա գումար աշխատելու միջոց:

Հաճա՞խ են համերգային հրավերներ լինում, լինելու դեպքում ինչ սկզբունքներ ունեք դրանք ընդունելու հարցում:

- Իհարկե, համերգային առաջարկներ լինում են, նաեւ կորպորատիվ միջոցառումների հրավերներ են լինում, բայց դրանցից ոչ բոլորն եմ ընդունում: Հաճախ մասնակցում եմ բարեգործական կամ շատ կարեւոր գաղափարներին նվիրված համերգների: Ես չեմ կարող ասել, թե այսքան գումարի դեպքում միայն կհամաձայնվեմ գնալ տվյալ միջոցառմանը, նմանատիպ պայմաններ չունեմ, բավական է, որ տվյալ համերգի ոճն ու միտքը ինձ հոգեհարազատ լինի, որպեսզի մասնակցեմ: Հաստատ գումարի հետեւից չեմ վազի, ինձ ավելի հաճելի կլինի, որ տվյալ համերգի կազմակերպչի մտքերը համընկնեն իմ մտքերի հետ:

Դուք ունեք բավականին խորը երաժշտական գիտելիքներ, գուցե հենց այդ գիտելիքների շնորհիվ է, որ Ձեզ չեք կարողանում շոու-բիզնեսի մասնիկ համարել եւ առավել ակտիվ գործել:

- Չեմ կարող հստակ ասել գիտելիքների պատճառն է, թե ոչ, բայց ըստ իս, ավելի շատ մարդկային տեսակի խնդիրն է, ունեմ բնավորության գծեր, որոնք ինձ խանգարում են, որպեսզի ամբողջությամբ տրվեմ այդ ամենին:

Բնավորության ո՞ր գծերի մասին է խոսքը:

- Հատուկ գծեր առանձնացնել չեմ կարող, բայց բաներ կան, որ ես հաստատ չեմ անի, երբեք գումարի համար շատ քայլերի չեմ դիմի, շատերը գիտեն, թե ինչ բնավորության գծեր են հարկավոր շոու-բիզնեսում գտնվելու համար, օրինակ պետք է ոչնչի չնայես եւ բոլորի հետ շփվես: Ճիշտ է՝ ես ինքս շատ շփվող մարդ եմ ինձ համարում եւ երբեք նման խնդիրենր չեմ ստեղծում, ուղղակի որոշ բաներ կան, որոնք տեսնելով, ես չեմ ցանկանա այդ միջավայրում լինել: Ես շատ հազվադեպ եմ մասնակցում թեկուզեւ հավաքույթների, ինձ կարող են տեսնել միայն իմ շատ մոտ ընկերենրի հավաքույթներին, իսկ շոուբիզնեսյան «փարթիներին» գրեթե անհնար է ինձ տեսնել, արդյունքում, եթե նման միջոցառումների չես մասնակցում, մեխանիկորեն հեռվանում ես այդ ամենից:

Ճի՞շտ հասկացա՝ հեռվացել եք շոու-բիզնեսից եւ չեք էլ ափսոսո՞ւմ:

- Բացարձակ չեմ ափսոսում: Ես բազմիցս եմ կրկնել, որ ինձ համար երգը աշխատանք չէ, դա ինձ համար վայելք է եւ ես ամեն անգամ երգելիս վայելում եմ այդ պահը, չեմ կարծում, որ շոու-բիզնեսը իմ աշխատանքը պետք է լինի:

 

Տարիներ առաջ, երբ նոր էիք մուտք գործում ասպարեզ, այն ժամանակ Ձեր ունեցած պատկերացումները այս ասպարեզի նկատմամբ շա՞տ էին տարբեր իրականությունից:

- Իհարկե, նախ ես 16 տարեկան էի ընդամենը եւ ամեն բան շատ գունավոր էի պատկերացնում, աղջկական երազանքներով էի պատկերացնում, բայց նախագծի ավարտից ընդամենը մի քանի ամիս անց արդեն հասկացա, որ շատ տարեբր էին այդ պատկերացումներս իրականությունից: Շատ տխուր է հատկապես այն ժամանակ, երբ մտածում ես, որ այդ ասպարեզի պատճառով  կարող ես նաեւ ընկերներիցդ բաժանվել.  հիասթափություններ շատ են լինում:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее