Life.panorama.am-ը գրում է.
Այսօրվա մեր զրուցակիցն է հաղորդավար Հակոբ Հակոբյանը, ում հեռուստադիտողը շուտով կտեսնի «Աբելի քույրը» հեռուստասերիալում:
Որպես դերասան իրեն փորձելու, ամենայն հավանականությամբ «Քարե դարդում» այլեւս չնկարահանվելու եւ սպասվող անակնկալի մասին Life.panorama.am-ին պատմել է հայտնի հաղորդավարը:
«Վերջերս իմ հարազատ հեռուստաընկերության կողմից առաջարկ ստացա եւ սիրով ընդունեցի. «Աբելի քույրը» հեռուստասերիալն արդեն մեկնարկել է, բայց իմ կերպարը ավելի ուշ կմիանա: Նկատեմ, որ ինքս էլ դեռեւս կերպարիս հետ կապված մանրամասներ չգիտեմ, միայն գիտեմ, որ շատ լուրջ տղայի եմ մարմնավորելու,- նշեց Հակոբն ու ավելացրեց.
««Քարե դարդ»-ից հետո առաջարկ ստացա ու որոշեցի ինձ այս բնագավառում էլ փորձել: Այս պահին մի տեսակ անհանգստություն ունեմ, հետաքրքիր է, թե ինչպես հեռուստադիտողը կընկալի ինձ նոր կերպարում, բայց եթե անկեղծ լինեմ, սկսել եմ ավելի քիչ վախենալ նորարարություններից, այս դեպքում էլ սերիալն է ինձ համար էքսպերիմենտ,- նշեց Հակոբն ու առանձնացրեց,- Վախերս կապված են միայն ժանրերի հետ: Հումորային կերպարից դեպի լուրջ կերպար անցումը կարող է հեռուստդիտողին էլ շփոթության մեջ գցել, քանի որ նրանք կարող են չհասցնել հասկանալ, թե ինչպես ինձ ընկալեն, բայց հույս ունեմ, որ այդ խնդիրն էլ հաղթահարելի կլինի: Միաժամանակ՝ ինձ համար կարեւոր է միմյանցից խիստ տարբերվող կերպարներով հանդես գալը, այդպիսով շատ ավելի կկայանամ, արդյունքում հավանաբար տեղի կունենա այն, ինչին ես ամենաշատն եմ սպասում, որպեսզի մարդիկ ինձ ոչ թե մի կերպարով, այլ որպես Հակոբ Հակոբյան հիշեն. Ես ամեն ինչ անելու եմ դրա համար»:
Խոսելով «Քարե դարդում» իր հետագա մասնակցությունից՝ Հակոբը, ով Մամուկի կերպարն էր մարմնավորում սիթքոմում, նշեց. «Ինչպես հեռուստադիտողները տեսան՝ Մամուկը սիթքոմի առաջին եթերաշրջանի վերջին սերիայում ժամանակի մեքենայով հայտնվեց մեր օրեր, իսկ թե նրա հետ ինչ կլինի հետո, դեռեւս պարզ չէ: Մամուկի ճակատագիրը հայտնի չէ, ոչ մեկ չգիտի, թե նրա հետ ինչ կլինի: Ավելին ասեմ՝ գուցե կերպարս սիթքոմում հայտնվի երբեմն-երբեմն, բայց արդեն ոչ թե քարե դարում, այլ մեր օրերում»:
Այս շրջանում դերասանական արվեստով ներկայանալը Հակոբին մոռացնել չի տվել սիրելի աշխատանքի՝ հաղորդավարության մասին. «Հիմա մի ժամանակ է, երբ ես ինձ փորձում եմ տարբեր ոլորտներում, ուզում եմ ուժերս կենտրոնացնել դերասանական ասպարեզում, բայց դա երբեք չի նշանակի, որ ես պատրաստվում եմ հրաժարվել հաղորդավարական աշխատանքից: Այն մնում է ինձ համար առաջնային տեղում, ավելին՝ կան մի շարք ծրագրեր, որոնք հույս ունեմ ժամանակի ընթացքում կիրականանան»,- հավելեց նա:
Մեր այն հարցին, թե Հակոբը չի՞ վախենում քննադատվելուց, քանի որ միշտ չէ, երբ միանշանակ է ընդունվում մասնագիտությամբ ոչ դերասաններին սերիալներում ու ֆիլմերում տեսնելը, հաղորդավարը պատասխանեց. «Իրականում մեծ ճշմարտություն կա այս հարցի մեջ: Չեմ ասի, որ ես երազում էի սերիալում նկարահանվել ու իմ երազանքն էլ իրականացել է, բայց ես ինձ իմ ափսեի մեջ եմ զգում տեսախցիկի առաջ, նկարահանումները իմն են, լինի դա սերիալում, թե հաղորդման ժամանակ: Ի վերջո պետք է չմոռանալ, որ սա նույն համաշխարհային ասպարեզում էլ է նորմալ, մենք կարող ենք աշխարհահռչակ երգչին տեսնել թե դերասանության, թե հաղորդավարական արվեստի մեջ, ինչը ըստ իս, շատ նորմալ է: Իհարկե, կգտնվեն մարդիկ, ովքեր ինձ չեն ընկալի սերիալում, ես էլ սիրով կլսեմ նրանց ու եթե հասկանամ, որ մարդկանց մեծամասնությունը ինձ չի ուզում սերիալում տեսնի, ես ուղղակի կթողնեմ այն: Յուրաքանչյուր բան ես իմ հեռուստադիտողի համար եմ անում, եթե լինի մի բան, որ նրանց սրտով չլինի, ուրեմն ես չեմ անի այն»:
Ի դեպ՝ Հակոբը մեզ իր գաղտնիքը վստահեց.
«Երեւի շատերը գիտեն, որ ինձ մոտ վատ չի ստացվում երգելը, ինքս էլ շատ եմ սիրում նաեւ այդ ոլորտը, բայց այդ երգարվեստ մտնելու համար մեծ պատասխանատվություն եմ զգում ու չեմ կարող սիրողական մակարդակով մի բան անել, ես չեմ կարող իմ երաժշտական մակարդակով կանգնել նույն հարթակի վրա, որտեղ կանգնած են մեր տաղանդավոր երգիչները: Հենց դրա պատճառով էլ այս ընթացքում հաճախում եմ վոկալի դասերի, իսկ թե հետո ինչ կլինի, դեռեւս չգիտեմ՝ ժամանակը թող ցույց տա»:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում