▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չավուշօղլուն կոչ է արել հույներին դադարել երազել

«Դա իրենց երազանքն է: Նրանք պետք է սթափվեն և դադարեն երազել»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն շվեյցարական Քրանս-Մոնտանայում ընթացող ՄԱԿ-ի միջնորդած բանակցությունների ընթացքում:

Ըստ Չավուշօղլու, այս բանակցությունները Կիպրոսի հակամարտության կարգավորման վերջին փորձն են:

«Մենք չենք պատրաստվում հավերժ բանակցել այս խնդրի շուրջ: Այն պետք է ավարտվի: Եթե խնդիրը պետք է կարգավորվի, դա տեղի կունենա: Եթե ոչ, ապա բանակցությունների ձևաչափը պետք է փոխել: Մենք կբանակցենք ուրիշ հարցերի շուրջ: Սա սկիզբն է, ուստի դեռևս անհրաժեշտություն չկա քննարկելու այլընտրանքային ծրագրեր: Պետք է կենտրոնանալ այս բանակցությունների միջոցով խնդրի կարգավորմանը հասնելու վրա»,- հայտարարել է Չավուշօղլուն։

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոտզիասը արձագանքել է, որ թուրքական կողմի այդ դիրքորոշումը նորություն չէ:

Կիպրոսի հույները պահանջում են, որ Թուրքիան դուրս բերի իր զորամիավորումները Կիպրոսից: Այս պահանջը կղզու վերամիավորման հիմնական խոչընդոտներից է:

Կիպրոսի թուրքերը ցանկանում են, որ թուրքական զորքերը չհեռանան կղզուց, իրենց անվտանգության նկատառումներից ելնելով, սակայն հունական կողմը պնդում է, որ թուրքական զորքերի ներկայությունը սպառնալիք է կղզու կայունությանը:

Թուրքիայի բանակը ներխուժել է Կիպրոս 1974 թվականին, այն բանից հետո, երբ Նիկոսիայում տեղի ունեցավ պետական հեղաշրջում, որի նպատակն էր միավորելու կղզին Հունաստանի հետ: Այդ ժամանակներից ի վեր կղզին բաժանված է թուրքական և հունական հատվածների, որոնց բաժանում են ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը:

Թուրքական Հյուսիսային Կիպրոսի պետականությունը ճանաչել է միայն Թուրքիան:

 

Ամերիկայի ձայն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее