Արարատnews.am-ը գրում է, որ ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին թիվ 9 ընտրատարածքի 9/48 ընտրատեղամասում դիտորդական առաքելություն իրականացրած դերասան Հայկ Մարությանը կայքի հետ զրույցում անդրադառնալով «ՍԱՍ» գրուպի հիմնադիր, ռեյտինգային ցուցակով պատգամավոր ընտրված Արտակ Սարգսյանին առնչվող աղմկահարույց ձայնագրությանն ասաց, որ դրանում որեւէ նոր բան չկա:
Ներկայացնում ենք դերասանի հետ մեր զրույցը:
Հա՛յկ, ըստ Ձեզ՝ Արտակ Սարգսյանի (ՍԱՍ-ի Արտակ) աղմկահարույց ձայնագրության հետ կապված քաղաքացիական հասարակությունն ինչ-որ քայլերի պե՞տք է դիմի, օրինակ` համախմբված կերպով բոյկոտի պատգամավորին պատկանող սուպերմարքեթներից օգտվելը:
Այդ ձայնագրությունը, չեմ կարծում՝ որեւէ մեկի համար նորություն է, դուք չգիտեի՞ք, որ էդպիսի բաներ են կատարվում, ինչու մենակ էնտե՞ղ է կատարվում: Այն, ինչ կատարվել է «Սաս»-ում, ամենուրեք էլ եղել է, ուղղակի ձայնագրություններ չկան: Էդ ձայնագրությունից հետո ի՞նչ է փոխվել երկրում: Էն, որ ՀՀԿ-ականներին ասում ես՝ ընտրակաշառք է բաժանվել, ասում են՝ ո՞ւր է, չկա, ապացույց բերեք, էդ չի նշանակում, որ չկա, չէ՞: Ինձ համար ամենամեծ ակցիան կլիներ ապրիլի 2-ին, որ մարդիկ իսկապես քվեարկեին իրենց նախընտրած թեկնածուի օգտին, բոյկոտելու միակ օրը դա էր: Եթե մարդը գումար է վերցնում եւ քվեարկում իր չուզած թեկնածուի օգտին, ուրեմն հետագայում չպետք է դժգոհի երկրի վիճակից: Պետական համակարգում եւ մասնավոր բիզնեսներում աշխատող յուրաքանչյուր ոք նման ժողովների ներկա է եղել: Էդ նորություն չէ, ուղղակի մեկը ժողովը մի քիչ զգույշ է անցկացնում, մյուսը՝ անզգույշ: Սա դեռ մասնավոր սեկտոր է, պետական սեկտորի ժողովները շատ ավելի վատ երեւույթ են. մեր փողերով են էդ ժողովներն անցկացնում, մեր փողերով պահվող շենքերում՝ աշխատանքային ժամերին: Էդպիսի բան չկա, որ ասում են՝ աշխատանքից հետո, հենց աշխատանքի ժամին դրանով են զբաղված:
Այդ ձայնագրության մեջ «ՍԱՍ»-ի աշխատակիցների պահվա՞ծքն էլ ձեզ չզարմացրեց:
Ես ընտրության օրը եղել եմ մի ընտրատեղամասում, որտեղ մարդիկ գալիս եւ ընտրում էին մարդու, ում չէին էլ ճանաչում: Հաշվարկի ժամանակ ասում եմ՝ էս մարդն ո՞վ է, ում էդքան մարդ ընտրել է, ոչ ոք չգիտեր: Մարդ էր, որը փող էր բաժանել: Հիմա ո՞րն է որից զարմանալի:
Ցավում եմ, որ այդ մարդկանց հետ նույն երկրում եմ ապրում: Ես ուզում եմ, որ իմ երեխաները լավ երկրում ապրեն, բայց էդ մարդիկ ինձ խանգարում են իմ երազանքն իրականացնելու: Նրանք խանգարում են ոչ միայն ինձ, իմ երեխաներին, այլեւ իրենց երեխաներին, բայց ոչինչ չեմ կարող անել:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև՝ Կարգին Հայկոն հայրենիքը չի լքի