Ֆինլանդիա կատարած միջեկեղեցական այցի շրջանակներում, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Կարելիայի եւ Համայն Ֆինլանդիայի արքեպիսկոպոս, Ֆինլանդիայի Ուղղափառ Եկեղեցու պետ Լեոյի հետ:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ՝ Լեո արքեպիսկոպոսը, շեշտելով Հայոց Եկեղեցու առաքելական հնագույն ծագումն ու բերած ավանդն ընդհանրական քրիստոնեական ընտանիքից ներս, կարեւորեց նաեւ Հայաստանյայց Առաքելական եւ Ֆինլանդիայի Ուղղափառ Եկեղեցիների միջեւ ձեւավորված ջերմ եղբայրական հարաբերությունների հեռանկարների ու զարգացումների միասնական, համատեղ ջանքերով կերտումը:
Վեհափառ Հայրապետն իր խոսքում մասնավորապես ասել է. «Մեր օրերում Մերձավոր Արեւելքում փոթորկվող կրոնական անհանդուրժողականությունն ու հակամարտությունները մեզ ամենքիս կանգնեցրել են հումանիտար աղետի եւ հասարակական բազմաթիվ խնդիրների առաջ: Այսօրվա իրողությունները պահանջում են աշխարհի բոլոր կրոնների ու հավատացելոց ջանքերի եւ աղոթքների համատեղում, միասնական մոտեցում՝ առկա զինված բախումները, կրոնական քողով սքողված ահաբեկչություններն ու հակամարտությունները եւ դրանցից ծնվող սոցիալ-տնտեսական ու հասարակական աղետները կանխարգելելու համար»:
Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին պատմության ընթացքում մշտապես իր առաքելության կարեւորագույն մասն է համարել ժողովուրդների միջեւ խաղաղ համակեցության, փոխհանդուրժողականության ու փոխըմբռնման հաստատմանն ուղղված գործընթացներին իր մասնակցությունը:
Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ ղարաբաղյան հակամարտության առաջին օրվանից Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի միջեւ սկզբնավորված երկխոսությանը եւ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին:
«Ցավոք, Ադրբեջանը չի թաքցնում խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու իր ցանկությունը, ինչը փաստում են 2016 թ. ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում սանձնազերծված ռազմական գործողությունները:
…Իբրեւ պատերազմի եւ արհավիրքի ցավը կրող ժողովուրդ՝ Մեր ցանկությունն է, որ շուտափույթ խաղաղություն հաստատվի ողջ աշխարհում, եւ չլինեն սգացող այրիներ, որբացած զավակներ եւ որդեկորույս մայրեր, որպեսզի ամենքն ապրեն ապահով, խաղաղ եւ երջանիկ կյանքով», - ասաց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Հաջորդ օրը՝ մարտի 22-ին, Վեհափառ Հայրապետն ու նրան ուղեկցող շքախումբը ծանոթացան վանքի առօրյային, մշակութային-վանական զանազան ձեռնարկներին ու կառույցներին:
Նույն օրը Վեհափառ Հայրապետը հյուրընկալվեց Յոհենսու քաղաքում գտնվող Արեւելյան Ֆինլանդիայի համալսարանի Ուղղափառ աստվածաբանության դպրոցում, որտեղ Նորին Սրբությունը ներկայացրեց համառոտ դասախոսություն՝ «Կա՞ արդյոք իսլամական աշխարհի վերաբերյալ հայկական մասնավոր ընկալում» թեմայով:
Դասախոսության մեջ Նորին Սրբությունը կենտրոնացավ հիմնականում իսլամական աշխարհի հետ հայ ժողովրդի եւ Հայ Առաքելական եկեղեցու խաղաղ համակեցության եւ երկխոսության օրինակներին ու պատմական փորձառությանը, այնուհետեւ պատասխանեց ներկաների հարցերին:
Դասախոսությանը ներկա էին նաեւ Կարելիայի եւ Համայն Ֆինլանդիայի արքեպիսկոպոս Լեոն, նույն աստվածաբանական դպրոցի դասախոսներ եւ ուսանողներ:
Հավարտ դասախոսության Նորին Սրբությունը, արքեպիսկոպոս Լեոյի եւ Ֆինն Ուղղափառ եկեղեցու շքախմբի ուղեկցությամբ, ճանապարհվեց Յոհենսու քաղաքի օդանավակայան, որտեղից Հելսինկիի ու Մոսկվայի ճանապարհով Հայրապետական պատվիրակությունը կվերադառնա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:


