Այսօր Double Tree By Hilton հյուրանոցում տեղի ունեցավ «Բրավո՛, Վիրտուոզ» լիամետրաժ խաղարկային կինոնախագծին նվիրված մամլո ասուլիս, որին ներկա էին ֆիլմի գլխավոր արտադրող հայկական «Էյչ Քեյ Փրոդաքշնզ» ընկերության հիմնադիր և պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը, ֆիլմի կոմպոզիտորներ Էդուարդ Թոփչյանը, Միշել Պետրոսյանն ու Ֆիլիպ Բերոն, իսկ կոմպոզիտոր Տիգրան Համասյանը ներկա չէր ասուլիսին:
Հրաչ Քեշիշյանը պատմեց, որ ֆիլմը «Էյչ Քեյ Փրոդաքշնզ» ընկերության և ֆրանսիական կինոարտադրող «ԱԳԱՏ ՖԻԼՄԶ & Cie»-ի հայ-Ֆրանսիական համատեղ արտադրություն է: Նրա խոսքով՝ սա բեմադրիչ Լևոն Մինասյանի՝ լիամետրաժ ֆիլմի առաջին փորձն է: «Բրավո՛, Վիրտուոզ»-ը սև կատակերգություն ժանրի ֆիլմ է, լի դրամատիկ և կոմիկ էլեմենտներով, որը, արծարծելով հասարակությանը վերաբերվող զգայուն թեմաներ, միևնույն ժամանակ առաջ է քաշում կարևոր հարցադրումներ:
«Ֆիլմը դասական նվագախմբի մասին է, որը, կորցնելով իր հովանավորին, հայտնվում է ծանր կացության մեջ: Գլխավոր հերոսը՝ կլառնետիստը, փորձում է փրկել իրավիճակը՝ տարբեր ուղիներ փնտրելով: Ֆիլմը ներկայացնում է դասական և ամենօրյա արժեքների բախումը»,- իր խոսքում նշեց ֆիլմի պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը:
Խոսելով ֆիլմի դերասանական կազմի մասին՝ պրն. Քեշիշյանը նշեց, որ գլխավոր դերերում խաղում են 2 տաղանդավոր երիտասարդներ՝ Սամվել Թադևոսյանն ու Մարիա Խուդյայեվան, դիրիժորի դերում Արմեն Ջիգարխանյանն է, ֆիլմում հանդես են գալիս նաև Մկրտիչ Արզումանյանն ու Արման Նավասարդյանը: Ֆիլմի բյուջեն կազմել է 1 մլն. եվրո: «Ֆիլմի ստեղծման աշխատանքներին ներգրավված են նաև մշակույթի նախարարությունը, ազգային կինոկենտրոնը , այսինքն՝ բոլոր այն օղակները, ովքեր շահագրգռված են, որ ֆիլմը դուրս գա միջազգային ասպարեզ»- ասաց ֆիլմի պրոդյուսերը:
Լրագրողների այն հարցին, թե ֆիլմը ե՞րբ էկրան կբարձրանա, Հրաչ Քեշիշյանն ասաց. «Ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2016 թ. գարնանը, ապա կսկսի իր փառատոնային փուլը՝ առաջին հերթին մասնակցելով A կարգի փառատոններին»:
Կոմպոզիտոր Էդուարդ Թոփչյանը նշեց, որ ֆիլմում իր մասնակցությունը ամենափոքրն է, սակայն փաստեց, որ համագործակցությունը հաջողված է: «Ուրախ եմ, որ հենց այսպիսի կազմով ենք աշխատել»,-իր խոսքը եզրափակեց կոմպոզիտորը:
Ֆիլմի կոմպոզիտոր, Փարիզի կոնսերվատորիայի դասախոս Միշել Պետրոսյանը իր խոսքում նշեց, որ ֆիլմում երաժշտությունը մեծ տեղ է գրավում: Նա հիացմունքով արտահայտվեց նվագախմբի պրոֆեսիոնալիզմի մասին. «Ես զարմացած էի, թե ինչպես են երաժիշտները նվագում: Ինձ թվում է՝ շատ հետաքրքիր կլինի»:
Աշխարհահռչակ կլառնետիստ Ֆիլիպ Բերոն նույնպես իր հիացմունքն արտահայտեց նվագախմբի վերաբերյալ՝ նշելով, որ դիրիժորը հիանալի վարպետություն էր ցուցաբերում:
«Սովորաբար ֆիլմերում երաժշտությունը ստվերում է լինում, սակայն այս դեպքում այն մեծ դեր է խաղում, քանի որ ներկայացնում է հերոսների հոգեվիճակը: Երաժշտությունն այնքանով է օրիգինալ, որ ժամանակակից է ու միևնույն ժամանակ նաև շատ բարդ»:
Ասուլիսի վերջում Հրաչ Քեշիշյանը հույս հայտնեց, որ ֆիլմը մեծ հաջողություն կունենա: «Սա մեր առաջին մեծ համագործակցությունն է Եվրոպայի հետ: Մենք ունենք ֆրասիական «Օրանժ» ընկերության հովանավորությունը, որը նշանակում է, որ ֆիլմը արդեն նախնական փուլում իրենց դուր է եկել: Հիշենք նաև, որ հենց այս ընկերությունը ասպարեզ հանեց օսկարակիր «Արտիստ» ֆիլմը, ինչը նշանակում է, որ այս համագործակցության ֆիլմը դեռ երկար ճանապարհ ունի »,- մամլո ասուլիսի ժամանակ իր խոսքը եզրափակեց «Բրավո՛, Վիրտուոզ» լիամետրաժ խաղարկային ֆիլմի պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը:
Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան
Լուսանկարում՝ Միշել Պետրոսյան, Էդուարդ Թոփչյան, Հրաչ Քեշիշյան, Ֆիլիպ Բերո