BlogNews.am-ը գրում է.
Երբ բեմում էներգետիկ բում է, նշանակում է՝ երգում է Սոնան: Այս երգչուհին վայելում է իր յուրաքանչյուր կատարումը և ստիպում, որ հանդիսատեսն էլ վայելի ռիթմերն ու լիարժեք լիցքաթափվի: Հենց այսպիսի տրամադրություն էր Օպերայի «Ջազզվեում» երեկ երեկոյան, երբ համերգային սեզոնի փակման կապակցությամբ նա ելույթ էր ունենում: Սոնայի անսպառ էներգետիկան նույնիսկ պատահական անցորդներին անտարբեր չէր թողել, և սրճարանի հարակից տարածքում հերթ էր գոյացել:
«Մեկ տարի առաջ այս օրը տատիկս մահացավ: Ինձ համար մի քիչ դժվար է, բայց գիտեմ, որ այսօր իր համար եմ երգում»,- ասաց երգչուհին ու սկսեց իր համերգային ծրագիրը:
«Շատ ուրախ եմ, որ այսօր «Ջազզվեում» եմ, «Ջազզ»-ը ես եմ, «Վե»-ն՝ դուք (вы):)»,- նշեց Սոնան: BlogNews.am-ի հետ զրույցում նա նկատեց, որ ակումբային համերգների ժամանակ շատ մեծ էներգիա և՛ տալիս է, և՛ ստանում: «Քանի որ իմ երաժշտությունը հզոր էներգիայով է, ակումբային համերգներն ինձ համար շատ կարևոր տեղ ունեն: Ցանկություն ունեմ նաև մեծ համերգասրահում ելույթ ունենալ, ուղղակի երևի դեռ ժամանակը չէ: Առանց հովանավորների դժվար է մենահամերգ անել, քանի որ այն մեծ ներդումներ է պահանջում: Ես հենց այնպես համերգ չեմ անի»,- ասաց երգչուհին:
Կոնստանտին Օրբելյանի «Ромашки любви» երգը կատարելիս Սոնան նկատեց, որ իրեն մինչ օրս հիշում են որպես «Մեր բակի» Սոնա ու հարցնում՝ Մկոն ո՞ւր է: Երեկոյի ընթացքում Սոնան պարբերաբար սիրո խոստովանություն էր անում ներկաներին և իր երախտիքը հայտնում երկրպագուներին: «Ես ծնվել և մինչև 17 տարեկանս ապրել եմ այստեղից ոչ հեռու՝ մի փողոց այն կողմ: Հետո մեկնեցի Մոսկվա ու այնտեղ էի ապրում, բայց հիմա ձեր շնորհիվ հաճախ եմ գալիս Երևան: Ես ձեզ շատ եմ սիրում, ուզում եմ, որ միայն երջանկության արցունքներ ունենաք»,- ոգևորությամբ ասաց երգչուհին:
Իր «Грешник мой» երգը Սոնան նվիրեց բոլոր «մեղավոր» տղամարդկանց` նշելով, որ բոլոր տղամարդիկ էլ «մեղավորներ» են, այնուհետև կատարեց «Самая-Самая» ստեղծագործությունը՝ հորդորելով տղամարդկանց չմոռանալ պարբերաբար հիշեցնել իրենց կանանց, որ նրանք «ամենա-ամենան» են:)
Համերգին ներկա էր նաև «Հայաստանի ձայնը 3»-ի հաղթող Ռաիսա Ավանեսյանը: Նա և Սոնան ներկայացան զուգերգով: «Կան մարդիկ, ովքեր շատ ջանք են գործադրում, որպեսզի աստղ դառնան, և կան մարդիկ, ովքեր աստղ են ծնվում. իրենց մեջ ունեն լույս, արև: Թե՛ դուք, թե՛ ես գիտենք, որ Սոնան երկրորդ խմբի մարդկանցից է»,- նշեց Ռաիսան:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում