Սեպտեմբերի 28-ը Անվտանգ և օրինական աբորտների ընդունման միջազգային օրն է:
«Աբորտը հղիության ընդհատումն է՝ մինչև 22 շաբաթական ժամկետը: Այն կարող է լինել ինքնաբեր, երբ կինը երազում է ունենալ երեխա, բայց ինչ-ինչ պատճառներով հղիությունն ընդհատվում է: Մինչև 2015 թվականը մենք ունեինք 4500 հղիության ինքնաբեր ընդհատումներ: Շնորհիվ հսկողության, նոր մեթոդների ներդրման, ինքնաբեր վիժումների թիվը տատանվում է 2500-2800-ի շրջանակներում: 2016 թվականին գրանցվել է 2135 ինքնաբեր վիժում: Մեծացել են բժշկական ցուցումներով կատարվող արհեստական ընդհատումները: Եթե 10 տարի առաջ 350-նն էր ընդհատում հղիությունը, այսօր 1500-ը: Սա նշանակում է, որ հետազոտությունների շնորհիվ վաղաժամ կարողացել են հայտնաբերել պտղի զարգացման արատները»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:
Նրա խոսքով՝ բոլոր երկրները, այդ թվում և Հայաստանը, վարում են քաղաքականություն, որն ուղղված է հղիության արհեստական ընդհատումների կրճատմանը: Այն կատարվում է ժամանակակից հակաբեղմնավորիչներով:
«Կարևոր է նաև հետագա բարդությունների կանխարգելումը: Հայաստանում վերջին 10 տարվա ընթացքում չենք ունեցել մայրական մահվան որևէ դեպք՝ կապված հղիության արհեստական ընդհատման հետ: Իսկ սա նշանակում է, որ մեր կանայք այնքան խելամիտ են, որ շատ հաճախ խուսափում են անցանկալի հղիությունից՝ հակաբեղմնավորիչների միջոցով, իսկ, եթե առկա է անցանկալի հղիություն, անպայման դիմում են բժշկական հաստատություն: Գիտեք, որ 2016 թվականին մենք Մարդու վերարտադրողական առողջության օրենքի հատկապես 10-րդ հոդվածում կատարել ենք փոփոխություն, որտեղ հստակ ամրագրվել է, որ ցանկացած կին մինչև 12 շաբաթական ժամկետն իրավունք ունի իր ցանկությամբ ընդհատել հղիությունը: Ավելացվեց նաև սպասման ժամանակահատվածը: Կինը, երբ դիմում է հղիության արհեստական ընդհատման, նրան առնվազն 3 օր ժամանակ է տրվում, որպեսզի մեկ անգամ ևս մտածի»,-նշեց Գայանե Ավագյանը՝ հավելելով, որ ավելացվել է ևս մեկ դրույթ, համաձայն որի արգելվում է պտղի սեռով պայմանավորված աբորտը և, եթե բժիշկը կգնա նման քայլի, ապա կենթարկվի տուգանքի՝ աշխատավարձի 80-ից 100-ապատիկի չափով:
Գայանե Ավագյանի փոխանցմամբ՝ մեծ թվով աբորտներ կատարում են Գեղարքունիքում, Արարատում, Արագածոտնում, որովհետև քիչ են օգտագործում հակաբեղմնավորիչներ: Աբորտների թիվը ցածր է Տավուշում, Լոռիում, Սյունիքում: Գեղարքունիքում, Արարատում, Արագածոտնում բարձր են նաև պտղի սեռով պայմանավորված աբորտները:
ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետն անդրադարձավ նաև դեռահասների շրջանում արվող աբորտներին:
«Դեռահասների շրջանում քչացել են և՛ ծննդաբերությունները, և՛ աբորտները, ուղղակի որոշ գյուղերում՝ Արագածոտնի մարզի ազգային փոքրամասնություններով բնակեցված և Գեղարքունիքի մարզում, մինչև չափահաս լինելն են ամուսնանում, և պատահում է, որ 17-18 տարեկան աղջիկը, ով արդեն 1-2 երեխա ունի, աբորտ է անում: Իսկ ընդհանուր առմամբ մեր դեռահասներն ավելի քիչ են սեռական կյանքով ապրում՝ համեմատած այլ երկրների դեռահասների հետ: Սա ողջունելի է, քանի որ աղջիկը մինչև ամուսնանալը պահպանում է իր վերարտադրողական ֆունկցիան: Իսկ, եթե նախքան ամուսնությունը կա վաղ սեռական հարաբերություն, ապա կարող է լինել անցանկալի հղիություն, սեռավարակ, ՄԻԱՎ, արգանդի պարանոցի քաղցկեղ:
Անի Կարապետյան


