ՌԴ Օրսկ քաղաքում բժիշկները սկսում են ԴՆԹ-ի նմուշներ հավաքել Մոսկվայի Ан-148 ինքնաթիռի աղետի հետևանքով զոհվածների հարազատներից։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Օրենբուրգի մարզի նահանգապետի մամլո ծառայությունը:
«Բժիշկներն արդեն գործի են անցել։ Պարզվել են բոլոր զոհվածների հարազատների տվյալները և նրանց միջև բարեկամական կապը»,- ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ «Ռոսավիացիայի» տվյալներով՝ Ан-148 անձնակազմի հետ կապն ընդհատվել է օդանավակայանից թռչելուց հետո 7 րոպե անց: Օդանավում եղել է 65 ուղեւոր և անձնակազմի 6 անդամ: Բոլորը զոհվել են:
Ուղևորների թվում հայ կին է եղել՝ Վարսիկ Սևոյանը: Օդանավի երկրորդ օդաչուն՝ հայազգի Սերգեյ Ղամբարյանը, Մոսկվայի բնակիչ էր, 12 տարվա թռիչքային ստաժ ուներ:


