Blognews.am-ը գրում է. Մեկ շաբաթ առաջ երգիչ Գոռ Սուջյանը հայտնվել է հիվանդանոցում, որտեղ, ինչպես նրա կինը՝ երգչուհի Վարսա Մինասյանն է նշում, ներարկված դեղի պատճառով հայտնվել է շատ ծանր վիճակում։ Մեզ հետ զրույցում Վարսան ասաց, որ ամուսինն արդեն տանն է և լավ է զգում իրեն։ Ինչ վերաբերում է հիվանդանոցում կատարվածին, երգչուհին չի ցանկանում լռել այդ մասին, թեև խնդրին իրավական լուծում տալուն ամուսինը դեմ է։
Վարսան պատմում է, որ ամուսինը երկու օր 40, 41 աստիճան ջերմություն է ունեցել։ Շտապ օգնության բժիշկները երգչի մոտ ախտորոշել են թարախային անգինա: «Երբ երրորդ օրն էլ տաքությունը բարձրաձավ, որոշեցինք գնալ որևէ հիվանդանոց, որպեսզի հասկանանք՝ ինչն է խնդիրը: Գնացինք Պռոշյան փողոցում գտնվող «Արամյանց» բժշկական կենտրոն, ոմն բժիշկ-թերապևտ Կարինե Սմբատովնայի մոտ, խորհրդով, իբրև լավ մասնագետ։ Նա մեզ տարավ մի պալատ (եթե, իհարկե, դա կարելի էր պալատ կոչել), պառկեցրեց Գոռին և ասաց՝ պետք է շտապ բուժել հակաբիոտիկներով: Մենք համաձայնեցինք՝ մտածելով, որ ջերմությունը մի քիչ կիջնի։ Մի քանի անգամ զգուշացրինք, որ Գոռը ալերգիկ է, բայց նրա ցրվածությունն ու ինքնավստահությունը հասցրին նրան, որ ուղիղ 5 րոպե հետո Գոռն ընկավ անաֆիլակտիկ շոկի մեջ»,- նշել է Վարսան՝ շեշտելով, որ դա սարսափելի ալերգիկ ռեակցիա է դեղից և հաշված րոպեներում սպանում է մարդուն:
«Մեր աչքի առաջ Գոռը դեֆորմացվեց և սկսեց շնչահեղձ լինել: Տեսնելով այդ վիճակը՝ «հարգելի» բժիշկը չէր թողնում, որ Գոռին տանենք վերակենդանացման բաժանմունք, որովհետև նա իրավունք չուներ մարդ պառկեցնելու և բուժում անելու, այն էլ՝ անգինայի դեպքում։ Ինքը դրա մասնագետը չէր: Նա պատրաստ էր Գոռին «սպանել», միայն թե ինքը խայտառակ չլիներ: Ուղղակի մեծ հրաշք էր, որ «Վերակենդանացման բաժանմունքը» գտնվում էր նույն հարկում: Մեր տագնապի պատճառով բոլորը հավաքվեցին և Գոռին շտապ տեղափոխեցին: Ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել «Վերակենդանացման բաժանմունքի» հիանալի բժիշկներին, ովքեր փրկեցին ամուսնուս կյանքը։ Իրենք էլ խոստովանեցին, որ այդպիսի ծայրահեղ իրավիճակի դեռևս չէին հանդիպել»,- ավելացրեց երգչուհին:
Նյութը`սկզբնաղբյուր կայքում