Երեկ Արամ Խաչատրյան համերգասրահում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո կազմակերպվեց բարեգործական համերգ, որի ամբողջ հասույթը ուղղվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը։ Համերգի երգացանկում ընդգրկվել են հին ու բարի մանկական երգեր, որոնց թարգմանության գործում աջակցել են երգահան Ավետ Բարսեղյանն ու Նարկ Դուրյանը:
Առաջին տիկինը նշել է, որ պատահական չէր այն փաստը, որ տոմսերի գնորդները երեխաներն են եղել:
«Երեխան պետք է մանկուց սովորի բարեգործություն անել և զգա, որ բարեգործությունը գերագույն հաճույք է»,-ընդգծել է Ռիտա Սարգսյանը:
Ավետ Բարսեղյանը նշել է, որ երգերի հաջողությունը պայմանավորված է Ռիտա Սարգսյանի քրտնաջան աշխատանքով, ով կյանքի կոչեց դրանք:
«Նա մանուկների հետ երկար տարիներ աշխատել է և լավ գիտի, թե որ երգերը, հնչյունները և շարահյուսությունը կարող են հաճո լինել մանուկներին»,- շեշետել է երգահանը:
Հիշեցնենք, որ Ռիտա Սարգսյանը հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էր, որ երգերի ընտրությունը պայմանավորված էր մի հանգամանքով.
«Բոլոր երգերը ես եմ ընտրել: Եթե նկատել եք՝ վաղուց մոռացված, բարի երգեր են։ Այսօր մեր երգերում բարությունը պակասում է, մանկական երգեր գրելը շատ դժվար է, երկրորդ Շաինսկի (Խորհրդային միության տարիների հայտնի մանկական կոմպոզիտոր Վլադիմիր Շաինսկի) չի ծնվել, եթե նկատել եք, այս մոռացված երգերն այսօր վերակենդանացրել ենք»։
Նշենք, որ Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման գործընթացում անգնահատելի է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի և հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ Ռիտա Սարգսյանի մասնակցությունը: Հիմնադրամը մշտապես աջակցում է հիվանդ երեխաների բուժման հետ կապված խնդիրների լուծմանը, թանկարժեք դեղերի ձեռք բերմանը, անհրաժեշտության դեպքում` կազմակերպում է նրանց բուժումն արտասահմանում:


