
Newsbook.am-ը գրում է. Սյուզի, ո՞նց ես: Տրամադրությո՞ւնդ: Հոգեվիճա՞կդ: Գիտեմ, Փարիզ գնալդ չստացվեց: Իսկ եթե իմանաս, որ Արտակն էլ, ամենայն հավանականությամբ, ԱԺ չի գնալու, ավելի՞ կտխրես: Գիտե՞ս, Սյուզի, լավ չդասավորվեցին Արտակի գործերը: Նրան, կարծես, ուզում են ռադ անել և նրա տեղն անցկացնել Արթուր Գևորգյանին: Սա մի ջահել տղա է՝ ոչ մի բանով աչքի չընկած: Պարզապես Արթուրը ոստիկանապես Վովա Գասպարյանի փեսան է: Այո, Սյուզի, կյանքը անարդար բան է, և դու դրանում մեկ անգամ չէ, որ համոզվել ես: Որքա՞ն չարչարվեցիր, հավաքեցիր այդ 60 ձայները: Քո անունն անգամ չկարդացին ժողովի ժամանակ: Իսկ դու, ամենայն հավանականությամբ, մազերդ ֆենել էիր: Բայց դու կորող աղջիկ չես: Վեր կացար ու Արտակին ասացիր, թե ինչքան ես «վիզ դրել» ֆիրմայի համար: Թե չէ 44 ձայն հավաքածին հենա-հենա Փարիզ էին ուղարկում, իսկ քեզ, Սյուզի, անգամ գովասանքի չէին արժանացնելու: Եվ քեզ էլ ծափահարեցին՝ բուռն, ուժեղ: Իսկ ովքե՞ր էին այն 60 ձայները, որ այնպես ժրաջան «վիզ էիր դրել» դու: Ի՞նչ էիր նրանց խոստացել: Ինչպե՞ս էիր համոզել: Եվ տեղյա՞կ ես արդյոք, Սյուզի, որ դու, ըստ էության, քրեորեն հետապնդելի արարք ես թույլ տվել՝ դառնալով մասսայական ընտրակեղծարարության մի մասնիկը: Եվ ինքդ դարձել ես քրեորեն հետապնդելի արարքի՝ դիրքի, պաշտոնի չարաշահման զոհ: Իսկ այն օրը, երբ Արտակի համար ձայներ հավաքելու հրաման եկավ, մտքովդ անցե՞լ է դիմել Մարդու իրավունքների պաշտպանին: Անունը Արման է, ազգանունը՝ Թաթոյան:
Ի դեպ, դու հիմա էլ կարող ես դիմել նրան աշխատավայրում քո ոտնահարված իրավունքները վերականգնելու համար: Դրա մեջ չի մտնում սիրո քաղաք չկայացած ուղևորությունը: Դա կուտ էր, Սյուզի, նույն այն բանից, ինչից տվել էիր այն 60 մարդկանց: Աշխատանքային ոտնահարված իրավունքը, օրինակ, աշխատաժամանակի չարաշահումն է:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի համաձայն` ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը չի կարող անցնել 8 աշխատանքային ժամից, բացառությամբ ՀՀ օրենքներով և կոլեկտիվ պայմանագրով նախատեսված դեպքերի: Իսկ նման դեպքերում օրական 24 ժամ աշխատելու պարագայում ձեր աշխատաժամանակը, Սյուզի, ևս շաբաթական չի կարող անցնել 48 ժամից, իսկ աշխատանքային օրերի միջև աշխատաժամանակը չի կարող պակաս լինել 24 ժամից: Այսինքն՝ 24 ժամ աշխատելու պարագայում դուք, Սյուզի, շաբաթական պետք է աշխատեք 2 օր, և այդ օրերը չեն կարող հաջորդել իրար: Իսկ դու շաբաթվա կտրվածքով քանի՞ ժամ ես աշխատում Արտակի խանութում: Հաշվի՛ր, Սյուզի, և կտեսնես, որ քեզ խաբում են: Եվ ոչ միայն աշխատաժամանակի հարցում: Անպայման դիմի՛ր Արման Թաթոյանին:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


