Այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ բանավեճ է տեղի ունեցել Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի և Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի միջև: Պատճառը՝ «Բյուջեների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագիծն էր:

Լիլիթ Մակունցն առաջարկեց գոնե 6 ամսով հետաձգել օրենսդրական ակտի ընդունումը:
«Նշված նախագծի վերաբերյալ, ինչպես նաև գանձապետարանի հետ առնչվող հարաբերությունների առումով Մշակույթի նախարարությանը կից մի քանի ՊՈԱԿ-ների արվել են առաջարկներ, որ հարցը առ ժամանակ՝ գոնե 6 ամսով, հետաձգվի, մինչև որ հարցերը լուծումներ կգտնեն»,- ասաց Մակունցը:
Իսկ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այդ համակողմանի քննարկումը տևել է մոտ 10 տարի և նոր քննարկումները չեն ավելացնելու լրացուցիչ փաստարկներ.

«Հարցը, մեր կարծիքով, արդեն իսկ բավականին հետաձգված է: Ես չէի ուզում այդ նախապատմությանն անդրադառնալ: 2011 թ-ին Պետական ոչ առևտրային կազմակերպությունների օրենքն ընդունվել է. դեռևս 2008-ին օրենքի նախագիծ ներկայացվեց կառավարության կողմից ԱԺ, օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է, որտեղ այս դրույթը 2017 թ-ին դեկտեմբերին կարգավորում է ստացել օրենսդրական դաշտում և առաջին ընթերցումից հետո ուղղակի չի քննարկվել։ Այսօր այս ՊՈԱԿ-ների հաշիվներն առևտրային բանկերում են, և որևէ կանխարգելիչ վերահսկողական մեխանիզմ այդ հաշիվների նկատմամբ չկա: Սա վերաբերում է ոչ միայն մշակութային, այլև մյուս ՊՈԱԿ-ներին: Եվ Ֆինանսների նախարարությունը հաստատում է նախահաշիվները, իրենք էլ ներկայացնում են հաշվետվություններ»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խիստ մասնագիտական օրինագիծ է, և պետք է իսկապես հասկանալ բոլոր նրբությունները եւ առաջարկեց Ֆինասների նախարարին ներկայացնել, թե ինչ է փոխվելու մշակութային ՊՈԱԿ-ների համար, այս որոշումից հետո ինչպես են աշխատելու:

«Սակայն այս փոփոխությունից հետո բացի հաշվի՝ ֆիզիկապես գանձապետարան տեղափոխվելուց, բոլոր նրանց համար, ովքեր այս ընթացքում պահպանել են սահմանված կանոնները, տեղի է ունենում այն, որ իրենք իրենց հաշիվները սրանից հետո սկսում են էլեկտրոնային եղանակով կառավարել և չեն ունենում որևէ տեղաշարժի, շփման անհրաժեշտություն»,-բացատրեց նախարարը:
Լիլիթ Մակունցն էլ նշեց, որ միջազգային փառատոնների հետ գործակցության ժամանակ, հոնորարների և ելույթավճարների դեպքում տվյալ կազմակերպությունները հրաժարվում են անել գանձապետարանի հաշվին և ցանկանում են դա անել միայն առևտրային բանկերի հաշիվներին:
Ի պատասխան սրան՝ Ատոմ Ջանջուղյանն ասաց, որ իր համար տարօրինակ է, որ միջազգային կազմակերպությունները հրաժարվում են՝ «իրենց համար ի՞նչ տարբերություն»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց հիմա ընդունել օրենքի նախագիծը՝ պայմանով, որ հետո մասնագիտական քննարկումներ կազմակերպվեն:


