Life.panorama.am-ը գրում է. Շարունակում ենք հետաքրքրվել հայտնի հայուհիների գեղեցկության գաղտնիքներով: Այս անգամ իր գեղեցկության բանաձեւով է կիսվել մոսկվաբնակ պարուհի Մարինա Մարտիրոսյանը:
Մարինա, դուք մշտապես խնամված եւ գեղեցիկ տեսք ունեք, կկիսվե՞ք Ձեր գեղեցկության բանձեւով:
Նախ շնորհակալ եմ նման գնահատանքի համար, ինչն անչափ հաճելի է: Այո, յուրաքանչյուր կին ունի գեղեցկության իր բանաձեւը, սակայն այդ բանաձեւերում մի բան անկասկած նույնն է՝ խոսքը գենի մասին է: Մարդու գենն ինչպիսին որ եղավ, գեղեցկության բանաձեւն էլ ըստ դրա կկառուցվի: Ես շնորհակալ եմ բնությանը, ծնողներիս եւ Աստծուն ինձ նման գենով ապահովելու համար: Թեպետ, ինչ խոսք, առանց աշխատասիրության տրված գենն էլ չես կարող պահպանել: Խնամել մարմինը, մազերը, եղունգները՝ աշխատում եմ, որպեսզի այդ ամենը մշտապես պահպանեմ իմ առօրյայում, սակայն դա անում եմ առանց ֆանատիզմի: Մի կարեւոր փաստ էլ ավելացնեմ՝ գեղեցկության պահպանման համար շատ կարեւոր է նաեւ կնոջ ներքին հոգեվիճակն ու ներաշխարհը: Եթե կինը երջանիկ է, մշտապես ուրախ ու պոզիտիվ տրամադրությամբ, ապա նրա գեղեցկությունն ապահոված է: Այդ իսկ պատճառով ուզում եմ բոլոր աղջիկներին ու կանանց մաղթել երջանկություն ու ներքին խաղաղություն: Ի դեպ՝ ինձ համար գեղեցկության պահպանումը նաեւ հայրենիքի օդն ու արեւն է, գույները, շունչն ու հոտը: Հայաստանում ես ինձ միշտ գեղեցիկ եմ զգում:
Ունե՞ք խնամքի հատուկ՝ սեփական տարբերակ, օրինակ դիմակներ, որոնք ինքներդ եք պատրաստում:
Այո, որոշ դիմակներ կան, որոնք սիրում եմ ու իմ մաշկին լավ ազդեցություն են տալիս: Հատկապես շատ եմ օգտագործում A եւ B վիտամիններով հարուստ դիմակները։
Մարինա,հաճախո՞ւմ եք սպա կենտրոններ կամ գուցե սպորտով եք զբաղվում, որպեսզի նման կազմվածք ունենաք: Հատկապես բալիկների ծնունդից հետո ինչպե՞ս վերադարձաք նախկին քաշին:
Ոչ, սպա կենտրոններ չեմ հաճախում, իսկ սպորտով պարբերաբար զբաղվում եմ մարզասրահում, բայց որպես կանոն միշտ կիսատ եմ թողնում, քանի որ հիմա արդեն բալիկներս են թելադրում օրակարգս: Պատկերացրեք՝ դիետաների երբեք չեմ հետեւել, պարզապես աշխատում եմ, որ մեր ընտանիքում բոլորս առողջ սնվենք, օգտագործենք ավելի թեթեւ եւ ոչ յուղային սնունդ: Բալիկներս են իմ եւ մարզասրահը, եւ դիետաները, եւ գեղեցկության բանձեւը:
Նյութը`սկզբնաղբյուր կայքում