Օրեր առաջ ձեզ էինք ներկայացրել հաղորդավարուհի Լուսինե Բադալյանի գրառումը, որի միջոցով վերջինս տեղեկացրել էր, որ ինքը և իր գործընկերը՝ Ժակը, հեռացել են Կենտրոն հեռուստաընկերությունից: Այս առիթով Aysor.am-ը զրուցել է Լուսինեի հետ՝ ճշտելու նրանց հեռանալու պատճառների մանրամասների մասին:
«Իսկապես, մենք 5 հրաշալի տարի անսահման նվիրումով աշխատել ենք «Կենտրոն» հեռուստաալիքում, որտեղ որևէ լուրջ խնդիր չենք ունեցել՝ բացի աշխատանքային քննարկումներից: Եվ դա միայն նրա արդյունքում, որ հրաշալի մարդիկ են աշխատում այդ ալիքում, էնտուզիաստներ, ովքեր իսկապես նվիրված էին իրենց գործին: Ոչ այնքան հեշտ պայմաններում՝ միշտ գտնում էին լուծումներ և ուրախանալու առիթներ: Հեռանալու որոշումը ամիսներ առաջ սկսեց ուրվագծվել, բայց ավելի հստակեցվեց օրեր առաջ»,- կայքի հետ զրույցում տեղեկացրել է հողարդավարուհին:
Այն հարցին, թե ո՞րն էր նորացված հեռուստաալիքում չընդգրկվելու հիմնական պատճառը, և արդյոք հեռուստաընկերության նոր ղեկավարների հետ տարաձայնություններ ծագեցին, մեր զրուցակիցը պատասխանել է.
«Բաժանվել ենք տարաձայնությունների՝ մոտեցումների, ճաշակի ու աշխատելաոճի կտրուկ տարբերությունների պատճառով: Մեզ համար բացարձակապես գրավիչ չի նոր ֆորմատը: Իհարկե, ինքներս էլ երկար ժամանակ ակնկալում էինք ֆորմատի փոփոխության, բայց սա այն փոփոխությունը չէր, որին սպասում էինք: Չնայած՝ ո՞վ գիտի, գուցեև լավ ստացվի: Համենայնդեպս, հաջողություններ ենք մաղթում»:
Շատերը, հնարավոր է, քաղաքականացնեն հաղորդավարների՝ Կենտրոն TV-ից հեռանալու որոշումը, քանի որ ժամանակին այն պատկանում էր ընդդիմության ներկայացուցչի:
«Որքանով տեղյակ եմ, հեռուստաընկերությունը դեռ նույն սեփականատերն ունի… Բայց քաղաքականացնելու կարիք չկա, քանզի մեզ համար երբեք կարևոր չի եղել, թե ում են պատկանել այն հեռուստաալիքները, որտեղ մենք աշխատել ենք վերջին 18 տարվա ընթացքում: Բնականաբար, հիմա էլ դա կարևոր չի, քանի որ մենք եթերի մարդիկ ենք, մեզ անհանգստացնում է միայն մեր և հեռուստադիտողի կապը՝ եթերի միջոցով, և մեր ծրագրերը երբեք չենք կապել քաղաքականության հետ: Եթե արտահայտվելու կարիք է եղել, ապա օգտագործել ենք սոցիալական կայքերը: Եթերը մեզ համար շատ ավելին է, քան որևէ մեկը կարող է պատկերացնել: Մենք այն միշտ օգտագործել ենք մեր հեռուստադիտողին թեթև, բարձր տրամադրություն, որակյալ երաժշտություն, օգտակար կամ կարևոր տեղեկություններ հաղորդելու համար»,- նշել է Լուսինե Բադալյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում