Tert.am-ը հարցազրույց ունի դերասան Սոս Ջանիբեկյանի հետ «Կենտ զույգը» ներկայացման մասին: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
-Կերպարդ ամուսնալուծությունից հետո միայնակ ապրող, թափթփված, իրական, խորը զգացմունքները բոլորից թաքցնող տղա է: Ինքդ ունեցել ես բաժանումներ: Որքանո՞վ է կերպարդ ներկայացնում քո իրական ցավերը:
-Այս կերպարն իմ թատերական կենսագրության մեջ դեռևս ամենասիրելին է: Շատ խորը կերպար է, որը մնացել է մենակ, հուսալքված: Նրա ցինիզմն իրականում ինքնապաշտպանական ռեակցիա է: Ցինիզմը, իրոնիան, կատակները մեր պաշտպանիչ շերտերն են: Մենք ավելի ցինիկ ենք, որպեսզի չլինենք ավելի խոցելի, ոչ ոք չկարողանա մեր առաջ հայելի պահել, որ տեսնենք մեր իրական դեմքը: Ամենացինիկ մարդիկ իրականում ամենախորքային ցավերն ունեն, որոնք թաքցնում են:
Ես փորձում եմ իմ խաղացած ամեն դրության մեջ դնել ցավեր իմ իրական կյանքից, որպեսզի ոչ թե խաղամ, այլ ապրեմ: Զգացմունքային առումով ես շատ հագեցած կյանք եմ ունեցել, բաժանումից հետո ծանր ապրումներ եմ ունեցել: Փորձում եմ վերականգնել էմոցիոնալ հիշողություններս և այդ ցավերը, որպեսզի տեքստերը լուրջ կապ ունենան իմ իրական կյանքի հետ: Դրան հասել ենք Արմանի հետ համատեղ՝ մենք խոսում ենք իրար հետ՝ որպես Սոս և Արման, չենք խաղում կերպարներ:
-Ժամանակին վախեր ունեիր թատրոնի բեմից: Հիմա, երբ բեմում խաղալու փորձդ ավելի մեծ է, վախերդ հաղթահարե՞լ ես:
-Ներկայացումը կրկին խաղալու որոշումը կայացնելուց մինչև այս պահը միայն այդ վախի համար փոշմանում եմ:)
-Վերջերս հնարավորություն ունեցար իրագործելու նաև վաղեմի ցանկությունդ՝ Վահիկ Փիրհամզեի բեմադրած «Նայիր աչքերիս մեջ» ներկայացման շրջանակներում խաղացիր Ամերիկայի հանդիսատեսիդ համար: Մի առիթով ասել ես, որ այնտեղ լսարանն ավելի թեթև է: Կարելի՞ է ենթադրել, որ Հայաստանի հանդիսատեսին ներկայանալիս ավելի լարված ես:
-Իրականում, հա... էստեղ հաճախ գալիս են տեսնելու՝ որտեղ թերացար, ինչքանով է վատ ստացվել ներկայցումը, ինչպես կարելի է քննադատել: Ես նորմալ եմ վերաբերում քննադատությանը, բայց երբ դա ծայրահեղ է, լարվում ես: ԱՄՆ-ում մարդիկ գալիս ես տեսնելու, թե ինչ լավ բան ես դու արել, ռելաքս լինելու, իրենց պահում են դրական տրամադրության մեջ:
Ինձ համար երկու ծայրահեղությունն էլ անընդունելի են: Ես կողմ եմ առողջ քննադատության, բայց այդ ոսկե միջինը շատ դժվար է գտնել:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում