ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՔՊ-իստ դեպուտատուհիներից մեկը հիշել է նախագահ Տեր-Պետրոսյանի 2016թ․ դեկտեմբերի 17-ի ելույթից մի հատված։ Մասնավորապես՝ «Ժողովուրդները, որպես կանոն, երախտագիտություն են հայտնում այն առաջնորդներին, ովքեր իրենց ոչ թե նույնիսկ հաղթական պատերազմ, այլ խաղաղություն են պարգեւում։ Այս իրողությունը հատուկ է ոչ միայն ժամանակակից աշխարհին, այլեւ խորապես գիտակցվել է անգամ միջնադարում։ Որքան էլ միջնադարյան հեղինակները գովերգեին իրենց թագավորների կամ սուլթանների զինական առաքինություններն ու քաջագործությունները, նրանց կողմից, այդուհանդերձ, ավելի բարձր էին դասվում այն պետական այրերը, որոնք խաղաղություն եւ բարօրություն էին պարգեւում իրենց ժողովուրդներին, թեկուզ դրանք նվաճված լինեին փոխզիջումների գնով»։
Մեջբերումից հետո տիկին դեպուտատուհին տարակուսում է, թե ինչու Նախագահը չի խոսում «հաստատված խաղաղության» մասին, այլ քննդատական հրապարակումներ է անում այլ թեմաներով։
ՈՒզում եմ ոչ այնքան տիկին դեպուտատուհուն, այլ այն մարդկանց, ովքեր կարող են մոլորության մեջ ընկնել, բացատրել տիկնոջ գրառման աբսուրդը։
Ելույթը եղել է 2016թ․, հաջորդելով ապրիլյան պատերազմին։ Ելույթից հետո իր կուսակցությունը որդեգրել է «ոչ մի թիզ հող», «ոչ մի փոխզիջում» քաղաքական գծին։
2018թ․ նույն տիկնոջ ներկայացրած քաղաքական ուժը եկել է իշխանության և դավանել «նոր պատերազմ, նոր տարածքներ», «բանակացություններ նոր կետից» և այլ, և ի վերջո «Արցախը Հայաստան է եւ վերջ» անհեռատես, արկածախնդիր քաղաքական գծով։
Արդյունքում, անտեսելով 2016թ․ (ոչ միայն) հորդորը, տիկնոջ ներկայացրած քաղաքական ուժը, իրեն դուրս դնելով միջազգային դիվանագիտական ընդունված սկզբունքներից, ըստ էության 2019թ մերժել է համանախագահների (Վաշինգթոն, Մոսկվա, Փարիզ) ներկայացրած խնդրի կարգավորման պլանը, հայտարարելով Արցախը Հայաստան, փաստացի դուրս է եկել բանակցային գործընթացից, երկիրը տարել է պատերազմի, ինչի արդյունքում տվել է 5000 զոհեր ու հազարավոր վիրավորներ, տարածքային կորուստների եւ փաստացի պարտության արդյունքով երրորդ երկրի միջամտությամբ կանգնեցվել է պատերազմը։
Այնուհետ՝ վարած ոչ կոմպետենտ հետագա կառավարման արդյունքում ադրբեջանական զինված ուժերի հսկողության տակ են անցել ՀՀ սովերեն տարածքից ավելի քան 200 կմ քառակուսի տարածքը։
Այնուհետ՝ իշխող ուժի քաղաքականության արդյունքում ամբողջությամբ հայաթափվեց Արցախը։
ՈՒ հիմա էս քաղաքական ուժի դեպուտատուհիները ու դեպուտատները սպսում են օվացիանե՞ր, սպասում են, որ իրենց արձանիկները պետք է կանգնեցնենք մեր սենյակներում ու դիմացները խնկարկենք։
Սա խաղաղության պայմանագիր չէ, սա ողջախոհությունը, տրամաբանությունը, խելամտությունը դռնաբարելու և իրենց մեծամտության ու տգիտության արդյունքում վրա հասած պարտությունը ամրագորղ կապիտուլացիայի պայմանագիրն է։ Ավելին, սա դեռ պայմանագիր էլ չէ, սա սողացող ու շարունակական կապիտուլացիայի սկիզբը ազդարարող գործընթաց է և դեռ ընթացքը ցույց կտա, թե ինչ գին է պահանջվելու մեզանից՝ այդ փաստաթղթի տակ ստորագրություններ ունենալու համար»։
***
|
ԱԺ ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի ֆեյսբուքյան գրառումը` ստորև․ ««Ժողովուրդները, որպես կանոն, երախտագիտություն են հայտնում այն առաջնորդներին, ովքեր իրենց ոչ թե նույնիսկ հաղթական պատերազմ, այլ խաղաղություն են պարգեւում։ Այս իրողությունը հատուկ է ոչ միայն ժամանակակից աշխարհին, այլեւ խորապես գիտակցվել է անգամ միջնադարում։ Որքան էլ միջնադարյան հեղինակները գովերգեին իրենց թագավորների կամ սուլթանների զինական առաքինություններն ու քաջագործությունները, նրանց կողմից, այդուհանդերձ, ավելի բարձր էին դասվում այն պետական այրերը, որոնք խաղաղություն եւ բարօրություն էին պարգեւում իրենց ժողովուրդներին, թեկուզ դրանք նվաճված լինեին փոխզիջումների գնով»:
Սա մի հատված է ՀԱԿ՝ 2016թ. դեկտեմերի 17-ի համագումարի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից:
Եվ թվում է՝ «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսի հեղինակ, հարևանների հետ կարգավորված հարաբերություններ ունենալու մեծ ջատագով առաջին նախագահը պետք է գնահատեր օգոստոսի 8-ին տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ արված հսկայական քայլը, կամ առնվազն խոսեր կայացված համաձայնությունների դրական և (առկայության դեպքում) բացասական կողմերի մասին: Այնինչ այս տասը օրերի ընթացքում Տեր-Պետրոսյանը խոսել է երեք անգամ, որոնցից առաջին անգամը տարակուսել է, թե ինչու է լռում Ռուսաստանը, երկրորդ անգամ անդրադարձել է երկու տարի առաջ ծավալված և ավարտված «Հայո՞ց պատմություն, թե Հայաստանի պատմություն» թեմայով բանավեճին՝ հերթական անգամ Փաշինյանին անվանելով գավառական: Իսկ երրորդ անգամ արդեն տարակուսանք է հայտնել, թե ինչու են լռում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրները, ինչու չեն անում զանգվածային ցույցեր, փակում փողոցներ: Չէ՞, որ Փաշինյանը Տեր-Պետրոսյանի երևակայության մեջ կշտամբանքներով, վիրավորանքներով եւ, երբեմն, գռեհիկ արտահայտություններով է պատասխանում արցախցիներին (սա մերկապարանոց սուտ է): Տպավորություն է՝ Ռուսաստանին և արցախցի մեր հայրենակիցներին հրավիրում է մի որոշ մի բանով օգնելու:
Չեմ բացառում, որ լինեն չորրորդ և հինգերորդ փորձերը, և այս անգամ գոնե մի բան ստացվի: Մի բան, որ առաջին իսկ փորձից ստացվեց հարևանների հետ խաղաղություն հաստատելու համար ջանք չխնայած Ժիրայր Լիպարիտյանի մոտ: Բայց առայժմ մնում է թեթև տխրությամբ և երբեմն իսպանական ամոթով հետևել առաջին նախագահի «ստատուս ափդեյթներին» և հանգել եզրակացության, որ իրեն պետականամետ հռչակած Տեր-Պետրոսյանը չի կարողանում ներել Փաշինյանին: Եվ ոչ թե չի ներում պարտությունը 2020թ. պատերազմում, այլ հաղթանակը 2018թ. հեղափոխության ժամանակ: Չի ներում այն, որ Փաշինյանն ավարտին է հասցրել իր սկսած ու ձախողած հեղափոխությունը: Եվ առավել ևս չի ներելու, երբ Փաշինյանը նաև վերջնական ավարտին հասցնի իր սկսած և ձախողած խաղաղության գործընթացը և արժանանա մեր սերունդների գնահատանքին և երախտիքին:
Մի հարցում կարող է հանգիստ լինել առաջին նախագահը: Ողջախոհության ճրագը Փաշինյանի վստահելի ձեռքերում է, և վերջինս մինչև վերջ այն բարձր կպահի: Չէ՞, որ նա վերջին վհատվողն է»։
***
|
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն էլ ֆեյսբուքյան հետևյալ գրառումն էր կատարել․ «Այսօր մի քանի անգամ, օրվա տարբեր ժամերին, ուշադիր կարդացի Լևոն Տեր-Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը։ Փորձում էի հասկանալ, թե կոնկրետ ինչ է նա ասել և, առավել ևս, որո՞նք են նրա իրական մոտիվները։ Հաշվի առնելով Տեր-Պետրոսյանի հայտնի կոչը՝ զսպվածություն ցուցաբերելու մասին, ես խիստ զգուշավոր էի և խուսափեցի հապճեպ արձագանքելուց։
Ցավոք, իմ ջանքերն ապարդյուն էին. ոչ միայն չհասկացա, թե ինչ է իրականում ցանկացել ասել Տեր-Պետրոսյանը, այլև չկարողացա բացահայտել, թե ինչու է նա ընդհանրապես կատարել այդ գրառումը։
Իրավիճակի զավեշտալիությունն իրոք հասել է գագաթնակետին։ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը, ով այժմ իրեն դիրքավորում է որպես արմատական ընդդիմադիր, անհիմն և անտեղի մեղադրանքներ է հնչեցնում գործող իշխանությունների հասցեին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները, իբր, անարդյունավետ լուծելու համար։ Սա այն դեպքում, երբ մեր միջազգային գործընկերները բարձր են գնահատել Հայաստանի ջանքերը՝ ապշելով, որ մենք ընդունել ենք երկրի բնակչության մոտ 3%-ին հավասար թվով տեղահանվածների, առանց վրանային ճամբարներ հիմնելու, առանց նրանց բաց երկնքի տակ թողնելու։ Ի տարբերություն այլ ճգնաժամային իրավիճակների, մենք կարողացել ենք բոլորին, առանց բացառության, արագ ապահովել ժամանակավոր կացարանով և հիմնական կարիքներով։ Չեմ ուզում հիշատակել նաև հետագա աջակցության և բնակարանային ապահովության ծրագրերը։
Ավելին, Տեր-Պետրոսյանը, կարծես կորցրած լինելով ժամանակի և իրականության զգացողությունը, օրինակներ է բերում 90-ականներից՝ այն ժամանակաշրջանից, երբ Հայաստանը դեռևս նոր էր կայանում որպես անկախ պետություն։ Իհարկե, 1991 կամ 1992 թվականներին, երբ պետական կառույցները դեռևս ձևավորման փուլում էին, նրա նշած մոտեցումները կարող էին արդարացված լինել։
Բայց ինչպե՞ս կարելի է համեմատել այդ ժամանակաշրջանը 2020-ականների հետ, երբ պետական կառույցներն ավելի կայացած են, իսկ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը թույլ է տվել մեզ արագորեն գրանցել յուրաքանչյուր տեղահանվածի, գնահատել նրանց կարիքները և հնարավորինս արդյունավետ հասցեագրել դրանք։
Այս անհեթեթ և իրականությունից կտրված գրառումները վկայում են միայն մեկ բանի մասին՝ ժամանակի և քաղաքական իրողությունների նկատմամբ խորացող ապակողմնորոշման մասին։ Տեր-Պետրոսյանի նման հայտարարությունները ոչ միայն արդարացի չեն մեր նկատմամբ, այլև վիրավորական են մեր այն բռնի տեղահանված հայրենակիցների համար, ովքեր, չնայած աննկարագրելի դժվարություններին, ստացել են Հայաստանի Հանրապետության աջակցությունը։
Վաղուց ժամանակն է, որ Հայաստանի առաջին նախագահը դադարեցնի անիմաստ և իրականությունից կտրված գրառումները։ Ճիշտ կլինի, որ նա պարզապես վայելի իր վաստակած հանգիստը, թույլ տալով, որ քաղաքականությամբ զբաղվեն նրա թիմակիցները՝ բացահայտորեն, սեփական դեմքով և անունով, այլ ոչ թե՝ թաքնվելով Տեր-Պետրոսյանի անվան հետևում»։
|