ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը պատասխանել է «Քեթրին Գրուպ»-ի սեփականատիրոջ հայտարարությանը.
«Անմեղության կանխավարկածի սկզբունքը պետք չէ ծայրահեղացնել։ Հանրային մեծ հնչեղություն ունեցող գործով տրամադրվել է տեղեկատվություն՝ բացառապես փաստական հանգամանքների վերաբերյալ՝ զերծ մնալով գնահատողական որևէ ձևակերպումից։ ՄԻԵԴ-ն իր մի շարք նախադեպային որոշումներով ամրագրել է, որ անհրաժեշտ է տարբերակել հայտարարությունները, որոնք արտահայտում են տվյալ անձի մեղավորության վերաբերյալ գնահատական, և հայտարարությունները, որոնք պարզապես նկարագրում են «կասկածի վիճակ»։ Վերջինները ՄԻԵԴ-ի կողմից քննության առնված տարբեր իրավիճակներում ընդունվել են որպես առարկություն չներկայացնող»:
![]()
Քննչական կոմիտեն մշտապես զգուշավորություն ցուցաբերել է և զերծ մնացել անձի անմեղության կանխավարկածը վտանգող ձևակերպումներից և մշտապես շեշտվել, որ խոսքը գնում է նախաքննության փուլում ձեռք տվյալների մասին։ Բացի այդ՝ տվյալ հաղորդագրության մեջ ընդհանրապես չի խոսվել կոնկրետ անձի գործողությունների մասին, ինչի պարագայում բացառվում է անմեղության կանխավարկածի խախտումը։

Ներկայացվել են միայն փաստեր՝ ավտոմեքենայի համարանիշերով նույնացվել է ավտոմեքենան, որպես փաստ նշվել է բռնությունը, որն ակնհայտ է տեսագրության մեջ, սակայն որևէ իրավական գնահատական չի տրվել բռնությանը (չի նշվել քր.օրի որևէ հոդված), արձանագրվել է, որ բռնություն իրականացրած անձինք տեղափոխվել են նույնացված ավտոմեքենայով։

Հիշեցնենք, որ «Քեթրին Գրուպ» (սեփականատերերից է նաև ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանը) ընկերության սեփականատեր, գլխավոր տնօրեն Ռիկարդո Անտոնիո Մերինոն հանդես է եկել հայտարարությամբ:
Հայտարարությունում ասվում է.
«Հունիսի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է, թե ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենաները, որոնց մեջ գտնված անձինք Կ. Ուլնեցու փողոցում բռնություն էին գործադրել ցուցարարների նկատմամբ:
![]()
Իսկ այժմ իրականությունը․ ՀՀ քննչական կոմիտեն հարցում է ուղղել «Քեթրին Գրուպ» և «Ֆրուտիմեքս» ընկերություններին՝ թե արդյո՞ք նրանց ենթակայության տակ հաշվառված են «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենաներ։
Ի պատասխան նշյալ հարցմանը՝ «ՖրուտիՄէքս» ընկերությանը պատկանող «Պորշ Կայեն» մակնիշի 333QD33 համարանիշի ավտոմեքենան ներկայացվել է զննության, իսկ «Քեթրին Գրուպ»-ից հայտնել են ընկերությունում հաշվառված «Պորշ Կայեն» մակնիշի 989LP61 համարանիշի խափանված ավտոմեքենայի գտնվելու վայրը։
Ընդամենն այսքանը։ Մինչդեռ տարածված հայտարարությունը, կարծես, ամբոջովին այլ ենթատեքստով է ներկայացված։ Տպավորություն է, թե փորձ է արվում շրջանառության մեջ ապատեղեկատվություն դնել։
Այս տրամաբանությամբ քննչական մարմինները կարող են կալանավորել Հայաստանում հաշվառված հարյուրավոր նույնագույն «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենաներ: Եվ վերջապես, խախտելով անմեղության կանխավարկածը, ՔԿ-ն հայտարարում է, թե վերը նշված ավտոմեքենաներում գտվել են Կ. Ուլնեցու փողոցում ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրած անձինք: Ավելին, նման հայտարարությամբ հանդես գալու համար մինչ օրս ներկայացված չէ մեղավարությունը ապացուցող և ոչ մի փաստ:
Ուստի պահանջում ենք պաշտոնական հայտարարությամբ հանդես գալու պարագայում ներկայացնել փաստերն ամբողջությամբ` հանրությանը ընտրողաբար չներկայացնելով այն, ինչը նպատակահարմար է գտնում քննչական մարմինը»:
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ հայտնաբերվել են «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենաները, որոնց մեջ գտնված անձինք Կ. Ուլնեցու փողոցում բռնություն էին գործադրել ցուցարարների նկատմամբ:


