▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ազգը կորցրել է իր հայրենիքի մի մեծ մասը ու գոռում է` «քեֆ ենք անում, հորս արև լավ ենք անում»». Արմեն Հարեյան

Հայ Առաքելական Եկեղեցու կիսասարկավագ Արմեն Հարեյանը գրում է. «Մի քանի օր առաջ եկեղեցում մարդ սպանեցին։ Երեկ գյուղերից մեկի հանդում դաժանորեն ամուսինների սպանեցին։ Ազգը կորցրել է իր հայրենիքի մի մեծ մասը ու գոռում է «քեֆ ենք անում, հորս արև լավ ենք անում», որովհետև ամբիոնից մի հոգի այդպես է ասում։ Ի՞նչ քեֆ, ի՞նչ հորս արև, ի՞նչ լավ անել այս ամենի մեջ։ Ինչո՞ւ մենք հասանք այս վիճակին։ Ինչո՞ւ ենք մենք այսպես հեշտությամբ մոլորվում ու սխալ սխալի հետևից անում։ Գիտե՞ք, այս մասին հստակ գրված է Աստվածաշնչում, այն էլ` մի քանի տեղեր։ Գրված է, որ եթե դու ուրանաս քո Տեր Աստծուն ու իր պատվիրանները թողնելով գնաս քո սեփական ցանկությունների ետևից, ապա «Տերը քեզ կհիվանդացնի մտագարությամբ, կուրությամբ ու ցնորամտությամբ» (Բ Օրինաց 28․28)։ Կամ էլ առաքյալը գրում է «Դրա համար էլ Աստված նրանց մոլորության ներգործությանն է ենթարկում, որ հավատան ստին․․․»: Իսկ թէ ինչու, կարդացեք Թեսաղոնիկեցիներին առաքյալի գրած 2-րդ նամակի 2-րդ գլխի 11-րդ համարը։ Այնտեղ ավելի խիստ խոսքեր են գրված։
Շատերը մտահոգված են, բայց ոչ մի տեղ լուծում չեն տեսնում, իսկ ինչ որ տեսնում են՝ չի ստացվում ու չի աշխատում։ Որովեհտև լուծումը միայն ու միայն Քրիստոսի մեջ է։ Ուրիշ Փրկիչ չկա։ Բայց դե մարդիկ իրենց «լավ ենք անում» դրայվով տարված` սա չեն հասկանում, որովհետև իրենց սրտերը կարծրացած են։ Սակայն եթե դուք մտածում էք որ մեր հինավուրց քաղաքի տարեդարձը նշելու լավագույն ձևը սա էր, բան չունեմ ասելու։ Միայն նորից կասեմ սա։ «Բայց Աստված, անգիտության ժամանակներն անտես առնելով, այժմ այն է պատվիրում մարդկանց, որ ամեն ոք ամենուրեք ապաշխարի»:
Չարությունը ելել մեզ ուտում է, որովհետև մարդիկ չեն կարողանում զսպել իրենց կրքերը։ Մեկը իրեն չի զսպում եկեղեցում, մյուսը իրեն չի զսպում հանդում, մնացածներն էլ չունեն պաշտպանիչ արգելակներ։ Սխալի հանդեպ տոռմուզ չկա։ Ինչո՞ւ, որովհետև Աստուծո Խոսքը չեն կարդում, չեն ճանաչում ու չեն հնազանդվում։ Ամեն մեկն իր համար մի աստված է հորինել ու գուրգուրում է իր կուռքին։ Սրա վերջը հեչ լավ չի լինի, եթե մարդ անմիջապես դարձի չգա ու չհնազանդվի Քրիստոսին։
Իսկ «հորս արևի» մասին․ «Բայց ես ձեզ ասում եմ. ընդհանրապես մի՛ երդվիր, ո՛չ երկնքի վրա, որովհետև Աստծու գահն է, ո՛չ երկրի վրա, որովհետև Նրա ոտքի պատվանդանն է, ո՛չ Երուսաղեմի վրա, որովհետև մեծ Արքայի քաղաքն է։ Ոչ էլ քո գլխով երդվիր, որովհետև չես կարող մի մազ անգամ սպիտակ կամ սև դարձնել։ Ձեր խոսքը պարզապես թող լինի՝ այոն՝ այո՛, և ոչը՝ ո՛չ, որովհետև դրանից ավելին չարից է»,- Ավետարան ըստ Մաթևոսի, գլուխ 5, համարներ 34-37»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее